Երևանցիների բարեկեցությունը և Հայաստանի անկախությունը

Շատերը կհամաձայնեն, որ աղքատության բարձր ցուցանիշներով աչքի ընկնող Հայաստանում բազմահազար ընտանիքներ կանգնած են առօրյա հացը վաստակելու խնդրի առջև և նրանց համար բարեկեցիկ կյանքը թերևս բաղձալի երազանք է, որի այս կամ այն դրևսորմանը կարող են առնչվել առավելապես հեռուստատեսային տարբեր սերիալների կամ, օրինակ, շոուբիզնեսյան հայ "աստղիկների" ու "ազնվաբարո" կերպար հանդիսացող որոշ քաղաքական գործիչների ու գործարարների մասին հաղորդումների ու խոսակցությունների մակարդակում:
Ցավալի է, բայց "քարից հաց քամող" մեր ժողովուրդն իր պետության մեջ այսօր էլ չի կարողանում արժանավայել ապրել, չի կարողանում մարտավարական գոյապահպանումից անցում կատարել ռազմավարական զարգացման, չի կարողանում իր կյանքն ավելի բարեկեցիկ դարձնել:

Իհարկե, ասվածը բնավ միտված չէ հայաստանյան կյանքը ապոկալիպտիկ երանգներով ներկայացնելուն, սակայն իրողությունն այն է, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի կարողանում իր ներդրած ջանքերին արժանի կենսապայմաններ ապահովել:

Կասկածից վեր է, որ ՀՀ անկախության ավելի քան 20 տարիների ընթացքում մեր կյանքում տեղի են ունեցել նաև դրական փոփոխություններ, սակայն փաստն այն է, որ դրանք համահայաստանյան մասշտաբով մարդկանց բարեկեցության մակարդակի բարձրացման էֆֆեկտ չեն ապահովել:

Ասվածի համատեքստում բավականին ուշագրավ է ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած հետազոտությունը, որը նպատակ ուներ պարզել, թե երևանցիները/նրանց ընտանիքը նորանկախ Հայաստանում ե՞րբ է ապրել առավել լավ/բարեկեցիկ կյանքով: Հարցման արդյունքները (տես գրաֆիկ) ցույց են տալիս, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ չկա մի ժամանակահատված, որը կարելի է համարել երևանցիների լավ/բարեկեցիկ կյանքի ժամանակահատված:

Գրաֆիկից պարզ է դառնում, որ վերջին 20 տարիների ընթացքում երևանցիների լավ/բարեկեցիկ կյանքն ըստ էության բաժին չի ընկել կոնկրետ ժամանակահատվածի: Հարցվածների առավելագույն՝ 12.3%-ը որպես առավել լավ/բարեկեցիկ կյանքի շրջան համարել է ներկան, հաջորդ բարձր ցուցանիշը (11%) բաժին է ընկնում 10-15 տարի առաջ ընկած ժամանակահատվածին, այսինքն՝ 2000-2005թթ.: Մնացած ժամանակահատվածներում իրենց կյանքը լավ/բարեկեցիկ են համարող երևանցիների տոկոսային ցուցանիշները շատ քիչ են տարբերվում վերը բերվածներից: Որոշակի բացառություն պետք է համարել 2011-2014թթ., քանի որ այդ ընթացքում իրենց կյանքն առավել լավ/բարեկեցիկ են համարել հարցված երևանցիների ընդամենը 3.4%-ը:

Դժվար է ստույգ ասել, թե վերջին մեկ տարվա ընթացքում երևանցիների համար ինչը կարող էր առավել լավ/բարեկեցիկ կյանքի խթան հանդիսանալ, սակայն փաստն այն է, որ ներկայից "գոհ" երևանցիներն ավելի շատ են, քան, օրինակ, 2011-2014թթ.:

Սակայն հետազոտության արդյունքներից առավել ուշագրավն այն է, որ հարցվածների 36.8%-ը նշել էր "երբեք" տարբերակը: Այսինքն՝ ստացվում է, որ երևանցիների 1/3-ից ավելին նորանկախ Հայաստանի գոյության ավելի քան 20 տարիների ընթացքում երբևէ չեն ունեցել լավ/բարեկեցիկ կյանք, կարծես ապրել են միևնույն "գորշ" իրականության մեջ: Ավելին, եթե հաշվի առնենք այն, որ բարեկեցիկ կյանք չեն ունեցել Հայաստանյան մասշտաբով "բարեկեցիկ" Երևանի բնակիչների 36.8%-ը, ապա պարզ է, որ պատկերը առավել տխուր կլինի ՀՀ այլ մարզերի, մարզային քաղաքների դեպքում: Հանգամանք որի չի կարելի անտեսել և որի հանդեպ պատկան կառույցների հնարավոր անտարբերությունը պետք է որակել որպես հնացավոր անտարբերություն:


ԲԱՐՈՄԵՏՐ

 

20:30 Հոկտեմբեր 29, 2015

Ամենաընթերցված նյութեր