Ժամկետանց սնունդ. ովքե՞ր պետք է պայքարեն դրա դեմ

Հայաստանում շատերն այն համոզմանն են, որ իրենց առջև ծառացած խնդիրների լուծումը բացառապես պատկան մարմինների պարտականությունն է: Եթե կա անօրինականություն, ապա դրա դեմ պետք է պայքարեն իրավապահ մարմինները կամ դատաիրավական համակարգի աշխատակիցները, եթե կան վատ ուսանողներ, ապա նրանց դեմ պետք է պայքարեն բուհերի ղեկավարներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, եթե արձանագրվել է սպառողի իրավունքների ոտնահարում, ապա դրանով պետք է զբաղվեն համապատասխան ՀԿ-ները կամ, օրինակ, սննդի անվտանգության պետական ծառայությունը և այլն: Այսինքն՝ կարծես պետք է պայքարեն բոլորը, բացի նրանցից, ում իրավունքները ոտնահարվել են:

Ասվածը բացառություն չէ նաև այն դեպքերում, երբ մենք՝ շարքային սպառողներս, հաճախակի տուժում ենք այս կամ այն տնտեսվարող սուբյեկտի "ֆինանսասիրությունից", որը հանուն այսպահական եկամտի ասենք պատրաստ է ժամկետանց սնունդ վաճառել՝ վտանգելով յուրաքանչյուրիս առողջությունը կամ կյանքը:

Այն, որ Հայաստանում նմանօրինակ տնտեսվարողներ կան, կասկածից վեր է: Սակայն խնդիրն այն է, որ նրանց ապօրինությունների դեմ պայքարի հարցում շարքային քաղաքացիներն աչքի չեն ընկնում նախաձեռնողականությամբ և, ըստ այդմ էլ, չեն նպաստում այն պարտականությունների կատարմանը, որոնք ունեն համապատասխան կառույցները: Օրինակ՝ շատերը խանութներում նկատում են վաճառվող ժամկետանց սնունդ, բայց տարբեր պատճառներով (մեկի հարևանի խանութն է, մյուսի բարեկամինը և այլն) չեն դիմում համապատասխան կառույցներին և չեն ապահովում համապատասխան հասարակական արձագանք: Ավելին, շատերը անգամ ուշադրություն չեն դարձնում սննդի պիտանիության ժամկետին՝ որոշակիորեն նպաստելով տնտեսվարողի անազնիվ և "հանցավոր" գործունեությանը:

Ասվածի համատեքստում ուշագրավ է ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտությունը, որը նպատակ ուներ պարզել, թե գնումներ կատարելիս երևանցիներն ուշադրություն դարձնո՞ւմ են արդյոք սննդի պիտանիության ժամկետին: Հետազոտության արդյունքները վկայում են(տես գրաֆիկ), որ այս հարցում երևանցիները բավականին հուսալի վիճակում են, քանի որ հարցվածների 68%-ը մշտապես է ուշադրություն դարձնում, 18%-ը՝ պարբերաբար և միայն 14 %-ն է, որ ուշադրություն չի դարձնում:

Այս տվյալները բավականին խոսուն են և հուսադրող, քանի որ գնվող սննդի պիտանիության ժամկետին այս կամ այն չափով ուշադրություն են դարձնում հարցվածների շուրջ 86%-ը, ինչը ոլորտում դրական փոփոխություններ կատարելու համար լավ նախապայման է: Չնայած այս դրական իրողությանը՝ այնումաենայնիվ պետք է փաստել, որ ժամկետանց սննդի վաճառքի բազմաթիվ դեպքերը կարծես հուշում են մասին, որ այդ 86%-ից շատ քչերն են բարձրաձայնում տնտեսվարողի խաբեության կամ անազնվության մասին:

Վստահ ենք, որ սննդի պիտանիության ժամկետին ուշադրություն դարձնողները նուն հետևողականությամբ բարձրաձայնեն առկա խնդիրների մասին, ապա, օրինակ, այդ նույն Սննդի անվտանգության պետական ծառայությունն առավել արդյունավետ կգործի, չի կարող աշխատակիցների սակավության և բազմահազար տնտեսվարողների փաստարկով "արդարացնել" իր հնարավոր թերիները: Այսինքն՝ պետք է հասկանալ, որ պետության զարգացման գործում կարևոր է նաև այն, որ թեկուզ սեփական շահից ելնելով պետք է ձեռք մեկնել պետությանը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:00 Հոկտեմբեր 28, 2015

Ամենաընթերցված նյութեր