Երևանցիների համար անգամ որակյալ սնո՞ւնդը մատչելի չէ

Հայտնի է, որ Հայաստանում մարդկանց աշխատավարձը/եկամուտը հիմնականում բավականին ցածր է: Այնքան ցածր, որ տասնյակ հազարավոր ընտանիքներ կյանքը վայելելու և իրենց զավակների հմտությունների, կարողությունների զարգացմանը նպաստելու փոխարեն ստիպված անհամբերությամբ սպասում են, օրինակ, հաջորդ աշխատավարձին՝ նպատակ ունենալով լուծել առօրյա հացի խնդիրը: Աշխատավարձ, որի պարագայում ծովափնյա հանգիստը բաղձալի երազանք է, հիվանդանոցում հայտնվելը՝ դաժան "պատիժ", որակյալ սնունդ ապահովելը՝ հաճելի "պատահականություն" և այլն:

Իհարկե, մեզանում կան մարդիկ, ովքեր իրենց առողջության ու որակյալ սննդի հաշվին և այլոց զարմացնելու համար պատրաստ են վարկով քիչ թե շատ շքեղ մեքենա գնել ու տարիներ շարունակ կքել վարկային բեռի տակ: Սակայն դա չի նշանակում, թե Հայաստանում որակյալ և օգտակար սնունդ չապահովելը հետևանք է սոսկ մեր "մեքենայասիրության" կամ էլ կենցաղային "կոմֆորմիզմի": Բանն այն է, որ Հայաստանում շատերը որակյալ և օգտակար սնունդ չեն օգտագործում նաև այլ պատճառներով, որոնցից կառանձնացնեինք հետևյալները.

  1. Գիտելիքների պակասի կամ ոչ բավարար իմացության, քանզի չեն կարողանում որակյալ ու օգտակար սնունդը տարբերել ոչ օգտակարից:
  2. Ընտանեկան ցածր եկամուտների, քանի որ քիչ թե շատ որակյալ ու օգտակար սնունդ գնելու դեպքում ստիպված են լինելու չկատարել կոմունալ վճարումները և այլ առօրյա ծախսերը:
  3. Տնտեսվարող սուբյեկտների ոչ ազնիվ գործունեության, քանի որ նրանց առաջարկած անորակ սննդի այլընտրանքը կա՛մ չկա, կա՛մ դժվար հասանելի է և այլն:

Վերոգրյալի համատեքստում ուշագրավ է ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած երևանյան հետազոտությունը, որը նպատակ ուներ պարզել, թե երևանցիների (նրանց ընտանիքի) ամսական եկամուտն արդյոք թույլ տալի՞ս է ապահովել որակյալ և օգտակար սնունդ:

Հարցման արդյունքները (տես գրաֆիկ)ցույց են տալիս, որ այս տեսանկյունից մենք կանգնած ենք բավականին լուրջ խնդրի առջև, քանի որ հարցվածների միայն 14%-ն է նշել, որ իրենց ամսեկան եկամուտները թույլ են տալիս ապահովել որակյալ ու օգտակար սնունդ: Ճիշտ է՝ հարցվածների 22.5%-ն էլ նշել էր "ավելի շուտ այո" տարբերակը, սակայն խնդիրն այն է, որհարցված երևանցիների 63.5%-ը նշված հարցին տվել էր բացասական պատասխան ("ավելի շուտ ոչ"-31%, "ոչ"- 32.5%): 

Այսինքն՝ երևանցիների շուրջ 2/3-ը որակյալ և օգտակար սնունդ ապահովելու խնդիր ունի, ինչը խոսուն վկայությունն է նրանց խոցելիության կամ առողջության վտանգվածության: Ավելին, այն առհասարակ լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, քանի որ տարիների ընթացքում կարող է կասկածահարույց դարձնել առողջ ու կենսունակ ազգային գենոֆոնդ ունենալը, ինչն ազգային անվտանգության ապահովման տեսակյունից ունի մեծ կարևորություն:

Ուստի՝ խնդրով մտահոգ կամ խնդրի լուծման պարտավորություն ունեցող բոլոր սուբյեկտները պետք է իրենց լիազորությունների շրջանակներում նպաստեն ինչպես մարդկանց գնողունակության բարձրացմանը, հնարավորինս մատչելի որակյալ սննդի առաջարկ ներկայացնելուն, այնպես էլ մարդկանց իմացության աստիճանի բարձրացմանը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:25 Հոկտեմբեր 21, 2015

Ամենաընթերցված նյութեր