Ո՞վ է շահագրգիռ մեր հավաքականին ներքաշել մութ գործարքների մեջ

Երեկ, հիմնականում հղում անելով ռուսաստանյան մի շարք հեղինակավոր աղբյուրներին, հայկական կայքերը մեկը մյուսի հետևից լուրեր տարածեցին, որ Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային հանդիպումը ԵՎՐՈ-2016 ընտրական մրցաշարի շրջանակներում, հնարավոր է ալբանացիների կողմից "գնված" լինի: Նույնիսկ կոնկրետ թիվ էր նշվում` 2 միլիոն եվրո, որով իբր կաշառել են մեր հավաքականի 4 ֆուտբոլիստների, խաղը "տալու" համար: Հատկանշական է, որ ռուսական աղբյուրներն էլ իրենց հերթին հղում էին արել առավելապես սերբական ծագում ունեցող ինչ-որ կայքերին: Ինչպես ասում են, հենց այստեղ էլ թաղված է "շան գլուխը": Այն, որ սերբական կողմը խիստ շահագրգիռ է այս լուրերը տարածելու հարցում, ինքնին պարզ է: Հիշենք, նախորդ տարի Սերբիա-Ալբանիա հանդիպումը, որի ընթացքում տեղի ունեցած խոշոր` քաղաքական ենթատեքստ պարունակող սկանդալային միջադեպի արդյունքում, Սերբիայի ընտրանին խստորեն պատժվեց ՈՒԵՖԱ-ի կողմից (նրանից հանվեց 3 միավոր և բացի այդ էլ տեխնիկական պարտություն գրանցվեց այդ թիմին) և, ըստ էության, սերբերը զրկվեցին ԵՎՐՈ-2016 եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորությունից: Եվ միանգամայն, բնական է, որ այս լուրերը տարածելով նրանք փորձում են վրեժ լուծել ալբանացիներից: Հաշվարկը շատ պարզ է. մի կողմից եթե հաստատվեն այդ "լուրերը", ապա ալբանացիները կզրկվեն ուղեգրից, իսկ մյուս կողմից էլ իրենց թիմը հնարավորություն կստանա անցումային խաղերի միջոցով ձեռքբերել եզրափակիչին հանդես գալու իրավունքը: Ինչ խոսք, փայլուն պլան է, բայց այն իրացնելու համար պետք է նախևառաջ ապացուցել տարածված "լուրերի" օբյեկտիվությունը: Սա, թերևս, դյուրին խնդիր չէ նույնիսկ այն պարագաներում, երբ անգամ առկա են որոշակի նախադրյալներ: Իսկ տվյալ դեպքում այս պատմությունից ավելի շատ էժան մանիպուլյացիայի "հոտ է փչում":
Սրանով հանդերձ` արդյոք մերոնք սկզբունքորեն չէի՞ն կարող խաղը "վաճառել": Ոմանք այս առնչությամբ նշում են, թե որևէ մարզական հետաքրքրություն չունեցող թիմի համար այդ գայթակղությանը դիմանալը այնքան էլ հեշտ բան չէ: Այո, բայց ոչ մեր ազգային հավաքականի պարագայում և այն մեծ "պրեսսինգի" պայմաններում, որում ակամայից հայտնվել էր Հայաստան-Ալբանիա հանդիպումը (պետք նկատի ունենալ ոչ միայն սերբերի համար ինչ-ինչ "լուրեր" տարածելու ակնկալիքները, այլ նաև դանիացիների սպասումները): Եթե այս ամենին ավելացնենք նաև համաշխարհային ֆուտբոլային տնտեսության մեջ/շուրջ առկա տարաբնույթ կոռուպցիոն սկանդալներն ու անախորժ պատմությունները, ապա այդ քայլին գնալու հավանականությունը խիստ մոտենում է "զրոյին":

Վերոբերյալ, այսպես կոչված "տեղեկատվության" մեջ հատկապես առանձնանում է` 2 միլիոնը չորս ֆուտբոլիստների մեջ բաժանելու միջոցով "խաղը գնելու" երևակայական տեխնոլոգիան: Եթե դա միտումնավոր է կիրառվել այդ "լուրն" ավելի ճշմարտանման դարձնելու համար, ապա հաշվարկները, մեղմ ասած, ճշգրիտ չէին: Նախ` ովքե՞ր են այդ 4 ֆուտբոլիստները, որոնց իբր կաշառել են ալբանացիները, ի՞նչ սկզբունքով են ընտրվել հատկապես նրանք և ի՞նչպես պետք է այդ տղաները մյուս յոթից անկախ կատարեին իրենց "առաքելությունը": Ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ որևէ "վաճառված" խաղ, որպես կանոն, չի ավարտվում խոշոր ու չոր հաշվով և մյուս թիմի` տվյալ դեպքում մեր հավաքականի ընդհանրապես "դաշտից բացակայելով": Պայքարի իմիտացիա ստեղծելը այդ "սցենարների" անբաժանելի մասն է կազմում և, այսպես կոչված, "վաճառված" ֆուտբոլիստներն էլ աչքի են ընկնում լավ խաղով, խփած գնդակներով, գեղեցիկ գոլային փոխացումներով և փայլուն սեյվերով:

Մի խոսքով, ըստ որոշ աղբյուրների ՈՒԵՖԱ-ն այդ լուրերի հիման վրա հետքննություն է սկսելու, որը ստեղծված իրավիճակում միանգամայն տեղին որոշում է: Սպասենք արդյունքներին…

Իսկ մինչ այդ, ԲԱՐՈՄԵՏՐԸ որոշեց հեռախոսային հարցման(ընդհանարպես այս մեթոդը ԲԱՐՈՄԵՏՐԸ, որպես կանոն, չի կիրառում, քանի որ ցածր է տվյալների արժանահավատությունը, սակայն հաշվի առնելով այս մեծ հանրային հնչերանգ ստացած դեպքը, փորձագիտական թիմը նպատակահարմար գտավ բացառություն անել) միջոցով պարզել, թե այս առնչությամբ ինչ կարծիք ունեն մեր համաքաղաքացիները:

Ստացված տվյալները վկայում են, որ հարցվողների մեծամասնությունը չի հավատում, որ Հայաստան-Ալբանիա խաղը վաճառված է եղել: Միայն 16%-ն է նման հնարավորություն տեսնում: Հարցվողների 30%-ից ավելին կոնկրետ չի պատասխանել վերոնշյալ հարցին` հիմնականում ֆուտբոլով չհետաքրքրվելու, խնդրին քաջատեղյակ չլինելու, չկողմնորոշվելու կամ ուղղակի հրաժարվելու պատճառներով: Ինչ խոսք, այս պատկերը, հեռու գնացող հետևություններ անելու տեղիք, անշուշտ, չի տալիս, սակայն մի տենդենց, այնուամենայնիվ, հստակ ուրվագծվում է, որ հարցվողները նույնպես հակված չեն այդ խաղի շրջանակներում ինչ-ինչ մութ գործարքներ տեսնել:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:12 Հոկտեմբեր 14, 2015

Ամենաընթերցված նյութեր