Ավանդակա՞ն, թե՞ մոդեռն հարսանիք

Քանի՞ անգամ եք հարսանիքներում նոստալգիա ապրել. նույն հերթականությամբ կենացները, համարյա նույն շախով-շուխով երգերը, նույն արարողակարգերը... Ու բոլոր նրանք, ովքեր դեռ ամուսնացած չեն, մտածել են. "Ես ՀԱՍՏԱՏ իմ հարսանիքը ուրիշ ձև կանեմ": Բայց միևնույնն է, ինչպես ասում են, "Мы хотели лучше, но получилось как всегда":
Գուցե ոմանք հոգնել են ավանդական հարսանիքներից, քանի որ, ըստ իրենց, նրանք "продвинутый" են, ու հարսանիքները կարող են կազմակերպել այլ կերպ, քան ավանդականն է: Օրինակ` չգնան հարսի բակ ու զուռնա-դհոլով, լիքը զամբյուղներով չպարեն, մինչև հարսի կողմից վերջապես իջնեն ու վերցնեն ծանր զամբյուղները... Չգողանան հարսի կոշիկը, դռան մուտքը չփակեն դանակով, փեսայի տուն մտնելուց հարս ու փեսան ափսեներ չջարդեն, սկեսուրը լաշավ չդնի նորապսակների ուսերին, մեղր չուտացնի, հարսը չպարի "Հարսի պարը", չլինեն շախով-շուխով երգեր... և այլն և այլն:
Լա՛վ, բա, ի՞նչ լինի, եթե ոչ այս ամեն ինչը: Ասում ենք հարսանիք, պատկերացնում ենք այս ամենը: Թե՞ ուրիշ` մոդեռն հարսանիք ենք ուզում մենք ունենալ: Ահա հենց այդ էլ փորձեց պարզել ԲԱՐՈՄԵՏՐ հետազոտավերլուծական խումբը:
Ձեզ թվում է, թե հատկապես Երևանում մարդիկ նախընտրած կլինեն մոդեռն հարսանիքը, չէ՞: Բայց ոչ: Տեսե՛ք, որ ամեն դեպքում ավանդական հարսանիքին տեղ տվողներն ավելի շատ են. հարցվածների 2/3-ը (74.2%) նախընտրում է ավանդական հարսանիք:

Իհարկե, կան մարդիկ, ովքեր ուզում են մոդեռն հարսանիք, իսկ թե որն է այդ մոդեռն հարսանիքը, էդքան էլ պարզ չի: Գուցե մեկ հարսնաքրոջ փոխարեն լինի մի քանի հարսնաքույր, քանի որ հարսը չի ցանկացել նեղացնել իր չամուսնացած բարեկամուհիներին կամ ընկերուհիներին: Գուցե հարսի պարը լինի ոչ թե հայկական, այլ արտասահմանյան երաժշտության ներքո, կամ գուցե որոշ "ադաթներ" չիմանալու պատճառով որոշ հատվածներ դուրս մնան ընդհանուր հարսանեկան արարողությունից... Գուցե այլ կերպ է արտահայտվում մոդեռն հարսանիքը: Օրինակ` ինչ-որ փաբում նեղ ընկերական շրջապատում պարել-ուրախանալը կամ ընդհանրապես մեծ հավաք չանելը, քանի որ "էդ փողն ուրիշ տեղ կարելի է ծախսել"...
Հարսանիքը տվյալ զույգի ու առավել ևս նրանց ծնողների կյանքի ամենակարևոր օրերից մեկն է: Ու իրականում ավանդական հարսանիք ուզում են բոլորը, անգամ նրանք, ովքեր չեն ուզում:

Մի բարձի ծերանաք, երջանիկ լինեք ու թող Աստված միշտ ձեզ պահապան լինի: Ձեր կենացը:


ԲԱՐՈՄԵՏՐ

13:02 Հոկտեմբեր 14, 2015

Ամենաընթերցված նյութեր