Որքանո՞վ են ծանրաբեռնված Հայաստանի հանրակրթական հաստատությունները

Ցանկացած հասարակության մեջ հանրակրթությունը կատարում է բազմաթիվ կարևոր գործառույթներ, որոնք չեն սահմանափակվում միայն կրթությամբ: Հանրակրթության ոլորտն իրականացնում է երեխաների նախնական սոցիալականացումը, որը հիմք է հանդիսանում հետագայում հանրային կապերի և հարաբերությունների ձևավորման համար, հանրակրթությունը տալիս է երեխային նախնական աշխարհայացքային կողմնորոշում, պատկերացում բարոյականության և վարքի այլ նորմերի մասին: Ավելորդ չէ նաև նշել, որ հանրակրթության ոլորտի հետ շփումը երեխայի մոտ ձևավորում է հավատ սեփական ուժերի նկատմամբ կամ, ընդհակառակը, տալիս սեփական անկարողության և անպիտան լինելու մասին պատկերացում: Այլ կերպ ասած, եթե բաժանելու լինենք կրթության ոլորտներն ըստ հանրակրթականի և մասնագիտականի, ապա կստացվի, որ հանրակրթության ոլորտն ավելի կարևոր է մարդու ճիշտ սոցիալականացման տեսակետից, իսկ արդեն մասնագիտական կրթության ոլորտը՝ բուն կրթության և մասնագիտացման առումով:

Սակայն նշված խնդիրների լուծման ժամանակ առաջանում են բազմաթիվ խոչընդոտներ, ինչպիսիք են, օրինակ, հանրակրթական հաստատությունների հասանելիությունը և մատչելիությունը, ծրագրերի և դասընթացների համապատասխանելիությունը սովորողների ինտելեկտուալ և էմոցիոնալ զարգացվածությանը, ֆիզիկական և մտավոր ակտիվության համարժեք զուգակցումը, ուսումնական հաստատությունների ծանրաբեռնվածությունը և այլն:

ԲԱՐՈՄԵՏՐԸ որոշեց պարզել, թե որքանով են ծանրաբեռնված աշխատում Հայաստանի հանրակրթական հաստատությունները: Այս հարցի պատասխանը մեզ հնարավորություն կտա նաև հասկանալ, թե արդյոք հիմնավո՞ր են այն պնդումները, թե երկրի հանրակրթական հաստատություններն աշխատում են գերծանրաբեռնված, ինչն, իր հերթին, բացասականորեն է ազդում կրթության և առաջադիմության վրա:

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տվյալների՝ հանրակրթական հաստատությունների ծանրաբեռնվածության ամփոփ պատկերն ունի հետևյալ տեսքը:

Աղյուսակ

Տեղերի քանակ

Նախագծային հզորություն

Փաստացի սովորողների թվաքանակ

Ծանրաբեռնվածություն

մինչև 100

92.498

21.554

23.3%

101-ից 300

233.419

101.475

43.5%

301-ից 500

192.216

104.262

54.2%

501-ից 700

81.350

59.989

73.7%

701-ից 1000

47.104

39.629

84.1%

1001 և ավելի

29.971

32.650

108.9%

Ինչպես վկայում են տվյալները, որքան շատ է սովորողների համար նախատեսված տեղերի քանակը (1-ին սյունակ), այնքան ավելի ծանրաբեռնված է աշխատում հանրակրթական հաստատությունը (4-րդ սյունակ): Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ գերծանրաբեռնված են միայն 1001 և ավելի տեղեր ունեցող ուս.հաստատությունները, իսկ ավելի քիչ տեղեր ունեցող հանրակրթական օջախներում կան ազատ տեղեր:
Սա, իր հերթին, նշանակում է, որ Հայաստանի հանրակրթական ոլորտը, լայն իմաստով, չի գործում ծանրաբեռնված, ավելին՝ հաշվի առնելով ծնելիության անկման և արտագաղթի հանգամանքները, կարող ենք փաստել, որ հանրակրթական օջախների նախագծային հզորություններն այսօր թույլ են տալիս ընդունելու ավելի շատ սովորողների, քան՝ փաստացի կան:

Այստեղից կարելի է նաև եզրակացնել, որ Հայաստանում հանրակրթության ոլորտում առաջադիմության և ուսման հետ կապված այլ բացասական ցուցանիշները կապված չեն հանրակրթական հաստատությունների ծանրաբեռնվածության հետ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:20 Սեպտեմբեր 30, 2015

Ամենաընթերցված նյութեր