Ի՞նչ տիպի հանրակրթական հաստատություններ են գործում Հայաստանում

Կրթությանն առնչվող հարցերում կարևոր է ոչ միայն կրթության բովանդակությունը, այլև կրթության իրականացման ձևը: ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե Հայաստանում գործող հանրակրթական հաստատություններն ինչ ձևով են իրականացնում կրթական գործընթացը՝ միահերթ, երկհերթ, գիշերօթիկ և այլն: Ակնհայտ է, որ հանրակրթության մեկ-միասնական ձևը ընդունելի չէր լինի սոցիալական բոլոր խմբերի համար՝ կախված բազմաթիվ գործոններից՝ ընտանիքի կազմից, ծնողների աշխատանքային պայմաններից, բնակության վայրից և այլն: Ըստ այդմ միանգաման օրինաչափ է, որ երկրում գործում են հանրակրթական հաստատություններ, որոնք տարբեր կերպ են իրականացնում կրթական գործընթացները:

Ըստ ՀՀ Կրթության և գիտության նախարարության տվյալների՝ Հայաստանում գործում են հետևյալ տեսակի հանրակրթական հաստատություններ:

Տեսակը

Միահերթ

Երկհերթ

Գիշերօթիկ

Երկարօրյա

Պետական

1280

82

28

1

որից Երևանում

188

19

13

0

մարզերում

1092

63

15

1

Ոչ պետական

40

3

1

2

որից Երևանում

32

3

1

1

մարզերում

8

0

0

1

Ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, Հայաստանում հանրակրթությունն իրականացվում է հիմնականում միահերթ ուսումնական հաստատությունների կողմից, որոնք երկրում հանրակրթական ընդհանուր հաստատությունների թվաքանակի մեջ կազմում են 91.9%-ը: Երկհերթ ուս.հաստատությունները կազմում են, իրենց հերթին, հանրակրթական ընդհանուր հաստատությունների թվաքանակի 5.9%-ը, իսկ գիշերօթիկ և երկարօրյա ուս.հաստատությունները, համապատասխանաբար, 2%-ը և 0.2%-ը:

Ակնհայտ է, սակայն, որ միահերթ ռեժիմին հասած հանրակրթության "առյուծի բաժինը" միշտ չէ, որ կարող է արդարացված լինել, քանի որ հանրակրթության առավել ընդունելի ձևը միշտ կախված է ոչ միայն տվյալ ձևի տեսական-մանկավարժական և տարիքային-հոգեբանական հիմնավորումներից, այլև սոցիալական պայմաններից, որոնցում ապրում է հասարակությունը: Օրինակ Հայաստանում, հաշվի առնելով երիտասարդ շատ ընտանիքներում ծնողների զբաղվածությունը, որի հետևանքներից մեկն այն է, որ նրանք չեն հասցնում հետևել երեխաների դասապատրաստմանը, նպատակահարմար կլիներ ավելացնել երկարօրյա դպրոցների քանակը, ինչը կնպաստեր նաև նրան, որ երեխաները դպրոցում, բացի դասապատրաստումից, կհաճախեին սպորտային և այլ խմբակների: Այդ պրակտիկան լայնորեն կիրառվում էր խորհրդային տարիներին և ապացուցել է իր արդյունավետությունը երեխաների մոտ աշխատասիրության, տարբեր ոլորտների նկատմամբ հետաքրքրասիրության և սոցիալականացման հարցերում:


ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Սեպտեմբեր 29, 2015

Ամենաընթերցված նյութեր