Պետք է ներդրումներ անել առողջության պահպանության համար հիմա` հետագայում մեծ ծախսերից խուսափելու համար

Առողջության վրա կատարվող ծախսերը բավականին մեծ կարևորություն են ներկայացնում, քանի որ դրանք ավելի երկար ապրելու, ավելի շատ եկամուտներ ունենալու գրավականներ են: Մարդն իր առողջության պահպանման վրա պարտավոր է յուրաքանչյուր տարի ներդրումներ անել: Իհարկե, կարող է հարց առաջանալ. ինչո՞ւ հենց յուրաքանչյուր տարի, քանի որ իրականում մարդը պետք է իր առողջության համար հոգ տանի ամեն օր, շաբաթ, ամիս և այլն: Սակայն տարեկան կտրվածքով ներդրումներն ուղղվում են հիմնականում հետազոտություններին` պարզելու համար ավելի լուրջ առողջական փոփոխությունները, որոնք բնականաբար ամեն օր կամ ամիս չեն կարող արվել: Եվ անգամ տարեկան կտրվածքով որոշակի գումար ծախսելով կարելի է կանխարգելել հիվանդությունների մեծ մասը` թույլ չտալով, որ դրանք ունենան զարգացման ավելի երկար ժամանակահատված կամ հայկական տարբերակով` բժշկի չդիմել մինչև "դանակը ոսկորին" չհասնի:
Պարզվում է, որ Երևանում բավականին մեծ տեսակարար կշիռ են կազմում այն ընտանիքները, ովքեր առողջապահական ծառայությունների և դեղորայքի վրա մեծ գումարներ են ծախսում:

Հաշվի առնելով այս հարցի կարևորությունը յուրաքանչյուր մարդու և ընտանիքի համար` ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական թիմի կողմից երևանցիներին ուղղվել է հետևյալ հարցը. "2015թ.-ի ընթացքում որքա՞ն գումար է ծախսել Ձեր ընտանիքն առողջապահական ծառայությունների և դեղորայքի վրա":

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցվող ընտանիքների 41.8%-ը առողջապահական ծառայությունների և դեղորայքի վրա 2015թ.-ի առաջին 8 ամիսների ընթացքում ծախսել են մինչև 100 հազար ՀՀ դրամ:

Հարցվածների այս խումբը կարելի է բնորոշել որպես հարաբերականորեն առողջ և կամ հիմնականում լուրջ առողջական խնդիրներ չունեցող: Իսկ մնացյալ 58.2% ընտանիքները ծախսել են 100-600 հազարի միջակայքում և ավելի: 

100-200 հազար ՀՀ դրամ են ծախսել հարցվող ընտանիքների 19.4%-ը: Հանրագումարային տեսքով այս երկու խմբերը կազմում են հարցվող ընտանիքների 61.2%-ը: Տարվա առաջին 8 ամսվա ընթացքում 100-200 հազար ՀՀ դրամ` նշանակում է ամսեկան ծախսերը գտնվել են 12.5-25 հազար ՀՀ դրամի շրջանակներում: Այսինքն` այս խմբից սկսած, հասարակության մեջ բավականին լուրջ առողջական խնդիրներ ունեցողների խումբն է սկսվում, որը կազմում է գրեթե 38.8%: Պայմանականորեն` դա կարելի է համարել տարբեր բարդության առողջական խնդիրներ ունեցող խումբ:

300-400 հազար ծախսած ընտանիքները կազմել են 6.4%, իսկ դա նշանակում է 37.5-50 հազար ՀՀ դրամ ամսեկան: Այսինքն` միջին աշխատավարձի ցուցանիշի մեջ առողջապահական և դեղորայքային ծախսերի տեսակարար կշիռը բավականին շատ է: Եվ ամենայն հավանականությամբ նման ծախսերը հոգալը ոչ բոլորի գրպանին է հասու: 400-600 հազար ՀՀ դրամ են 8 ամիսների ընթացքում ծախսել վերոնշյալ ծառայությունների և դեղորայքի համար ընտանիքների 6.7%-ը:

Ինչ վերաբերում է 600 հազար ՀՀ դրամ և ավելի ծախսածներին, ապա դրանք կազմում են հարցվող ընտանիքների 12.4%-ը:

Վերջին 3 խմբերը կարելի է համարել կամ վիրահատական ծառայություններից օգտվածներ կամ խրոնիկ հիվանդություններ ունեցողներ, ովքեր ստիպված են անընդհատ ծախսեր անել առողջության պահպանման համար:

Հետազոտության արդյունքներից կարելի է որոշ հետևություններ կատարել և գտնել համապատասխան լուծումներ: Իհարկե, պարտադիր բժշկական ապահովագրության և սոցիալական փաթեթների շրջանակներում մի շարք պետական աշխատողներ հնարավորություն են ստացել օգտվել առողջության վերականգնման և պահպանման համար նախատեսված պետական ֆինանսական միջոցներից, սակայն ամբողջ ազգաբնակչության մեջ դա մեծ տեսակարար կշիռ չի կազմում: Մյուս կողմից, տարեկան կտրվածքով նշված գումարների որոշ մասը ծախսելով, յուրաքանչյուր մարդ կարող է հիվանդության նախնական փուլում պարզել առաջացած խնդիրները և դրանք կանխարգելել: Այդ իսկ պատճառով պետք է ներդրումներ անել առողջության պահպանության համար` խուսափելու համար հետագայում խրոնիկ հիվանդություններ ունենալուց և դրանց վրա մինչև կյանքի վերջը ծախսեր անելուց: Բացի այդ, անընդհատ առողջությունը վնասելով աշխատելուց` աշխատած գումարների մի մասը պետք է ուղղել առողջության վերականգնման և հիվանդությունների կանխարգելման ծախսերին: Այդպիսի ծախսերի թվին են պատկանում նաև սպորտով զբաղվելու, հանգստի և առողջության վերականգնման նպատակով ճամփորդությունների կազմակերպման և նման այլ նպատակներով կատարվող ծախսերը: Հասկանում ենք նաև, որ դա ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ, բայց ինչպես նկատում ենք հարցման արդյունքներից` շատերը ստիպված են ավելի մեծ գումարներ ծախսել դեղորայքի և առողջապահական ծառայություններից օգտվելու վրա, իսկ մինչ` վստահ ենք, որ հաստատ նման գումարներ չեն ծախսել առողջության պահպանման կամ վերականգնման համար:


ԲԱՐՈՄԵՏՐ

15:30 Սեպտեմբեր 24, 2015

Ամենաընթերցված նյութեր