Երևանցիները գնահատել են Շանթ հեռուստաընկերության հաղորդումների որակը

ԲԱՐՈՄԵՏՐԻ նախորդ ակնարկներում, որտեղ անդրադարձել էինք Առաջին ալիքի և Արմենիա հեռուստաընկերության լրատվական և ժամանցային հաղորդումների որակին, տեղեկացրել էինք, որ մեր ընթերցողին ենք ներկայացնելու հայկական ևս մի քանի հեռուստաընկերությունների հաղորդումների որակին երևանցիների կողմից տրված գնահատականները:

Շանթ հեռուստաընկերությունն իրականացրել է բազմաթիվ միջազգային ձևաչափի նախագծեր, ինչպիսիք են` "Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր"-ը, "Հայսուպերսթար"-ը (Pop Idol), "Թաքնված տաղանդ"-ը (Got Talent), "Տասի ուժ"-ը (Power of 10), "Պարիր թե կարող ես"-ը (So You Think You Can Dance?), "Պարահանդես"-ը (Strictly Come Dansing or Dancing With Stars), "Իմ անունն է…"-ն (My Name Is…), "Իքս-Ֆակտոր"-ը (X-Factor): Այս նախագծերին զուգահեռ Շանթը իրականացրել է "Ժողովրդական երգիչ", "Ժողովրդական պարեր", "Դուդուկի նոր ընտրյալները" նախագծերը: Այս հաղորդումները սիրվեցին հայ հեռուստադիտողի կողմից և ծառայեցին իրենց հիմնական նպատակին` ապահովելով բարձր վարկանիշ հեռուստաընկերության համար: Հեռուստաընկերությունը հայ հեռուստադիտողի կողմից սիրվեց նաև "Վերվարածներն ընտանիքում", "Բանակում", "Քաղաքում" և այլ հումորային հեռուստասերիալների շնորհիվ: Շանթ հեռուստաընկերությունը, ինչպես Արմենիան, շարունակում է յուրաքանչյուր եթերաշրջանին իր հեռուստադիտողին ներկայանալ տեղական արտադրության հեռուստասերիալներով և սիթքոմերով, քանի որ այս ժանրի նախագծերը մեծ պահանջարկ ունեն հեռուստադիտողների շրջանում:

Ինչ վերաբերում է լրատվական ծառայություններին, ապա "Հորիզոն"-ը մշտապես և օպերատիվ կերպով տեղեկացնում է օրվա ընթացքում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող նորությունների մասին: Շաբաթվա ընթացքում տեղի ունեցած նորությունները ամփոփվում է "Կիրակնօրյա հորիզոն"-ի կողմից:

Ըստ ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտության արդյունքների, Շանթ հեռուստաընկերության լրատվական և ժամանցային հողորդումների որակին տրված գնահատականներն ավելի բարձր են, քան նախորդ ակնարկներում ներկայացված Առաջին ալիքին և Արմենիա հեռուստաընկերությանը տրված գնահատականները: Հիշեցնենք, որ հարցվողները գնահատել են հեռուստաընկերության լրատվական և ժամանցային հաղորդաշարերի որակը 1-5 բալանոց սանդղակով (1-ըամենացածրգնահատականնէ, իսկ 5-ը` ամենաբարձր):

Գրաֆիկ

Ինչպես ցույց են տալիս տվյալները` երևանցիների մոտ 70%-ը "լավ" և "գերազանց" (4 և 5 գնահատականներ) է գնահատում Շանթ հեռուստաընկերության թե’ լրատվական, թե’ ժամանցային հաղորդումների որակը: Մյուս կողմից, 10%-ի շրջակայքում է ամենացածր` 1 և 2 գնահատակնների թիվը: Այս փաստը հաշվի առնելով` Շանթ հեռուստաընկերության հաղորդումների պատասխանատուները կարող են գոհ լինել իրենց կողմից կատարված աշխատանք: Սակայն, ձեռք բերվածով բավարարվել և շարունակել կրկնել նույն նախագծերը, ողջունելի չէ, քանի որ ամբողջ աշխարհում փորձը ցույց է տալիս, որ նախագծերի կամ սերիալների առաջին եթերաշրջանները միշտ իրենց որակով և վարկանիշով գերազանցում են երկրորդ, երրորդ և մյուս եթերաշրջաններին:

Հաջորդիվ, ԲԱՐՈՄԵՏՐԸ կանդրադառնա հայկական ևս մի քանի հեռուստաընկերություններին տրված երևանցիների գնահատականներին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:30 Սեպտեմբեր 22, 2015

Ամենաընթերցված նյութեր