Մեծանուն հայեր. "հայտնի-անհայտ" Հայկ Ասատրյանը

Տխրահռչակ փաստ է, որ մենք մեր մեծերից շատերին չենք ճանաչում և ճիգ չենք գործադրում նրանց ճանաչելի դարձնելու գործում: Իրողություն, որը պայմանավորված է տարբեր գործոններով. ոմանք գլամուրային "օտարամոլության" դիրքերից մերժում են հայկական մշակույթում համամարդկային նշանակության արժեքների գոյությունը, ոմանք իրենց կյանքի իմաստավորումը տեսնում են այսպահական հաճույքների ու անասնաբարո վայելքների բավարարման, այլ ոչ հոգևոր ինքնամշակման մեջ, ոմանք էլ երբևիցե պատեհ առիթ չեն ունեցել լսելու կամ հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու հայ մշակույթի երևելիների գործերին և այլն: Ասվածը բացառություն չէ նաև 20-րդ դարի հայ մտածող, արևմուտքում փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան ստացած, Գարեգին Նժդեհի հետ գաղափարական պայքար մղած, տարոնական ուսմունքը հեղինակած և ժամանակակից մարդու և հայի համար արդիական բովանդակությամբ հարուստ տեսական ժառանգություն թողած Հայկ Ասատրյանի պարագայում:

Ճիշտ է՝ Հայաստանում այսօր շատերը լսել են Հայկ Ասատրյանի մասին, սակայն քչերն են ծանոթ նրա ստեղծագործական ժառանգությանը: Ավելին, շատերը չեն էլ փորձում ծանոթանալ, քանի որ կարծես "վախենում են" ընկնել "ազգայնամոլ, ցեղապաշտ" Նժդեհի գաղափարական ընկեր Ասատրյանի "ֆաշիստական" գաղափարների ազդեցության տակ: Իրականում, սակայն, Ասատրյանի ստեղծագործական ժառանագությանը խորթ է այլատյացությունը, այլադավությունը, իսկ նրա ու Նժդեհին հասցեագրված մեղադրանքներն ունեն առավելապես քաղաքական պայմանավորվածություն կամ տարրական չիմացության հետևանք են:

ԲԱՐՈՄԵՏՐԻ՝ հայ մեծերին նվիրված հետազոտություններից հերթականը նվիրված է հենց Հայկ Ասատրյանին: Փոքրիկ հետազոտություն, որը նպատակ ուներ պարզել, թե երևանցիները որքանով են ծանոթ Գ. Նժդեհի գաղափարական ընկեր Հայկ Ասատրյանի ստեղծագործական ժառանգությանը:

Ցավալի է, սակայն հետազոտության արդյունքները (տես գրաֆիկ) փաստում են, որ հարցված երևանցիների ճնշող մեծամասնությունը ծանոթ չէ Ասատրյանի գործերին:

Ինչպես երևում է գրաֆիկից, հարցվածների ընդամենը 6.7%-ն է նշել նրա գործերին ծանոթ լինելու մասին, մինչդեռ 93.3%-ը՝ փաստել է իր անտեղյակությունը կամ, ավելի ստույգ, անծանոթ լինելը:

Հասկանալի է, որ ֆեյսբուքյան "առյուծների", գլամուրային ամսագրերի, սիրահարների, տեխնիկայից ստրկական կախվածության մեջ ընկածների ժամանակաշրջանում լուրջ գրականություն ընթերցողների թիվը կարող է գնալով պակասել, սակայն դա նշված 6.7%-ի մասով բնավ չի կարող մխիթարության հիմք հանդիսանալ: Բանն այն է, որ Ասատրյանի գործերն ունեն խիստ արդիական բովանդակություն, միտված են մեր հոգեբարոյական նկարագրի թերիների բացահայտմանն ու հաղթահարման ուղիների մշակմանը: Իսկ մեր անտարբերությամբ մենք որոշակիորեն նպաստում են մեր իրականության բացասական կողմերի հարատևմանը կամ խորացմանը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

10:30 Սեպտեմբեր 19, 2015

Ամենաընթերցված նյութեր