Երևանցիները գնահատել են Արմենիա հեռուստաընկերության հաղորդումների որակը

Մեր նախորդ ակնարկում անդրադարձել էինք Առաջին ալիքի լրատվական և ժամանցային հաղորդումներին երևանցիների կողմից տրված գնահատականներին: Նաև նշել էինք, որ ԲԱՐՈՄԵՏՐԸ իր հերթական հետազոտության շրջանակներում երևանցիներից փորձել է գնահատականներ ստանալ Հայաստանի մյուս հիմնական հեռուստաընկերությունների հեռուստահաղորդումների վերաբերյալ:

Արմենիա հեռուստաընկերությունը, յուրաքանչյուր նոր եթերաշրջանին, թերևս ամենաշատ փոփոխություններ իրականացնող հեռուստաընկերություններից մեկն է: Ժամանցային հաղորդումներից Արմենիայի ծրագրերում մեծ թիվ են կազմում սիթքոմ սերիալները, որոնք ունեն մեծ պահանջարկ հայ հեռուստադիտողի մոտ և կարողանում են բարձր վարկանիշ ապահովել: Հեռուստաընկերությունը յուրաքանչյուր նոր եթերաշրջանին փորձում է հեռուստադիտողին ներկայանալ հայկական արտադրության նոր հեռուստասերիալներով: Ինչ վերաբերում է լրատվական ծառայություններին, ապա "Ժամը" լրատվականը օրվա ընթացքում մի քանի անգամ իր հեռուստադիտողին է ներկայացնում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող նորությունները: Ակնհայտ է, որ հեռուստադիտողների մեծ լսարան ունի նաև "Սուր անկյուն" հաղորդաշարը` իր բոլոր ենթաբաժիններով` "Հատուկ դեպքեր", "01-99":

Արմենիա հեռուստաընկերության պատասխանատու ներկայացուցիչները, նոր հաղորդումները կամ ծրագրերը ներկայացնելիս, նշում են որ իրականացրել են ուսումնասիրություններ հեռուստադիտողների շրջանակներում, որպեսզի հասկանան ինչպիսին պետք է լինի իրենց նոր հաղորդումը:

Իսկ այժմ ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտության արդյուքները, կամ այլ կերպ ասած` երևանցիների գնահատականները թվերի լեզվով: Հիշեցնենք, որ հարցվողները պետք է գնահատեին հեռուստաընկերության լրատվական և ժամանցային հաղորդաշարերի որակը 1-5 բալանոց սանդղակով (1-ը ամենացածր գնահատականն է, իսկ 5-ը` ամենաբարձր):

Գրաֆիկ

Ինչպես տեսնում ենք, Արմենիա հեռուստաընկերության լրատվական և ժամանցային հաղորդումների գնահատականներում ամենամեծ տարբերությունը "գերազանց" (5) գնահատականում է, իսկ մնացածում տարբերությունները այդքան շոշափելի չեն: Ժամանցային հաղորդաշարերը "գերազանց" գնահատողների թիվը ավելի քան մեկ ու կես անգամ գերազանցում է լրատվական հաղորդաշարերին նույն գնահատականը տվողների թվին: Այն, որ թե’ ժամանցային, թե’ լրատվական հաղորդումների որակին երևանցիների կեսից ավելի տալիս է լավ և գերազանց գնահատական (4 և 5 գնահատականներ), վկայում է այն մասին, որ Արմենիա հեռուստաընկերության ջանքերը` ուղղված այդ հաղորդումների որակի բարձրացմանը, տեսանելի են նաև երևանցի հեռուստադիտողի աչքերում:

Հաջորդիվ, ԲԱՐՈՄԵՏՐԸ կշարունակի ներկայացնել հայկական այլ հեռուստաընկերություններին տրված երևանցիների գնահատականները և եթերաշրջանի ավարտին նույն հարցով կդիմի երևանցիներին` տվյալների փոփոխության դինամիկան դիտարկելու նպատակով:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:26 Սեպտեմբեր 18, 2015

Ամենաընթերցված նյութեր