Մատերիալիստ Մարքսը ճիշտ էր՝ կեցությո՛ւնն է որոշում գիտակցությունը

Նախորդ ակնարկում մենք պարզեցինք, որ "որտեղ հաց, այնտեղ կաց"՝ արտագաղթողի մտածողությանը բնորոշ արտահայտությունն ընդունելի է երևանցիների բացարձակ մեծամասնության համար։ Բա ո՞ւր մնաց "քարից հաց քամող ժողովուրդ" բնորոշումը, որով սիրում ենք բնորոշել ինքներս մեզ և հաճախ էլ մեր մասին լսում ենք օտարազգիներից։ Մի՞թե պատրաստ ենք մերը թողած՝ հաց քամել օտարների քարից։

Իր "Կապիտալում", վերլուծելով հասարակության տնտեսական կյանքը, Կարլ Մարքսը եզրակացրեց, որ հասարակական կեցություն է որոշում հասարակական գիտակցությունը։ Մի՞թե երևանցիները պատրաստ են հացի ետևից "օտար, ամայի ճամփեքը" կտրել՝ առաջնորդվելով հենց այդ "կեցությունն է որոշում գիտակցությունը" մտածողությամբ։

ԲԱՐՈՄԵՏՐԻ հարցախույզի տվյալները ցույց են տալիս, որ բոլորովին էլ պետք չէ զարմանալ, որ մեր համաքաղաքացիների կեսից ավելիի համար "որտեղ հաց, այնտեղ կացն" ընդունելի է։ Պարզվում է՝ էլ ավելի մեծ թվով (մոտ 60%) մարդիկ համամիտ են, որ հենց կեցություն է որոշում գիտակցությունը։
Այդ արտահայտությունը միանշանակ ընդունելի է հիմնականում 18-29 տարեկանների շրջանում, փոքր վերապահումներով՝ 45-60 տարեկանների մեջ։ Բայց ուշագրավ է, որ թե՛ այդ արտահայտությունն ընդունողների, թե՛ չընդունողների բացարձակ մեծամասնությունը կանայք են։

Գիտակցությունը կեցությամբ պայմանավորելուն ընդհանրապես դեմ են կամ որոշ վերապահումներով այն անընդունելի են համարում գերազանցապես 45-60 տարեկանները։

Ստացվում է՝ խորհրդային կարգերի հետ անմիջական առնչություն ունեցած 45-60 տարեկանները խիստ տարբեր մոտեցումներ ունեն մատերիալիստական այդ արտահայտության հարցում։ Բայց հատկանշական է, որ այն համեմատաբար առավել տարածված է հենց երիտասարդների մեջ, որոնք ուղղակի առնչություն չեն ունեցել այդ կարգերի հետ։

Մարքսյան այդ հանրահայտ արտահայտության ճշմարտացիության քննությունը թողնելով մասնագետներին՝ հիշենք, սակայն, որ բանականություն ու գիտակցությունը մարդուն տրված են, նախևառաջ, իր կյանքն ու կենսապայմանները բարելավելու համար։ Հիշենք նաև, որ պետության և պետական իշխանության գերնպատակն է՝ տալ մարդուն, քաղաքացուն ոչ միայն իրավունք, այլ նաև ստեղծել հնարավորություններ, որպեսզի նա կարողանա արժանավայել ապրել իր երկրում։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

16:00 Սեպտեմբեր 17, 2015

Ամենաընթերցված նյութեր