Հայկական լավատեսություն. Հայաստանում օրենքի առաջ բոլորը հավասար են

ՀՀ անկախացումից ի վեր ներհայաստանյան կյանքն աչքի է ընկել բազմաթիվ խնդիրներով, որոնք այսօր էլ համապատասխան լուծումների հրամայականի ներքո են: Այդ խնդիրները վերաբերում են նաև ՀՀ դատաիրավական համակարգին, օրենքի "տառին" խստագույնս հետևելու համար պատասխանատու կառույցներին և այլն:
Իհարկե, անկախության ավելի քան 20 տարիների ընթացքում ՀՀ-ը ժողովրդավարական զարգացումների տեսանկյունից ունեցել է որոշակի առաջընթաց, սակայն դա բնավ չի նշանակում, թե մեր դատավորները (հնարավոր բացառությունները չհաշված) ազնվության ու արդարության ջահակիրներ են և իրենց "ես"-ը անձնազոհաբար նվիրաբերում են ՀՀ օրենքների տրամաբանությամբ առաջնորդվելու "զոհասեղանին", որ մեր ոստիկաններին անդրշիրիմյան աշխարհից նախանձով "հետևում" է գթության խորհրդանիշ Մայր Թերեզան, որ տարբեր "տրամաչափի" պետական չինովնիկները իրենց պաշտոնեական լիազորությունները հավուր պատշաճի իրականացնելու և շարքային քաղաքացիների հոգսերը թեթևացնելու համար դարձել են մարդկության համար տառապած Քրիստոսի "մրցակիցը" և այլն: Ավելին, դա նաև չի նշանակում, թե Հայաստանում գործ ունենք օրենքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության, խտրական մոտեցումների բացակայության հետ և այլն: Գուցե շատերը չհամաձայնեն այս մտքերի հետ, սակայն համոզված ենք, որ դրանք կունենան նաև բավականաչափ աջակիցներ:

Վերոգրյալի տեսանկյունից ուշագրավ են ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած հետազոտության արդյունքները (տես գրաֆիկ), որոնք ցույց են տալիս, թե երևանցիներն ինչ վերաբերմունք ունեն "Հայաստանում օրենքի առաջ բոլորը հավասար են" դատողության հանդեպ:

Գրաֆիկից պարզ է դառնում, որ "Հայաստանում օրենքի առաջ բոլորը հավասար են" դատողությանը "լիովին համամիտ" են եղել հարցվածների 28.2%-ը, "հիմնականում համամիտ"՝ 10%-ը, մինչդեռ հարցվածների 15.2%-ը նշել էր"հիմնականում համամիտ չեմ", իսկ 46.7%-ը "ընդհանրապես համամիտ չեմ" տարբերակը: Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանում օրենքի առջև բոլորի հավասարությունն այս կամ այն չափով ընդունում է երևանցիների շուրջ 38.2%-ը, իսկ մնացածները պնդում են հակառակը:

Հարցման արդյունքների մեջ "ուրախալին" թերևս այն է, որ հարցված երևանցիների շուրջ 38.2%-ի մոտ "լավատեսությունը"ոչ միայն չի պակասել, այլև որոշակի "գերաճ" է ունեցել: Բանն այն է, որ Հայաստանում օրենքի առջև բոլորի հավասարությունն այսօր ֆանտաստիկայի ժանրից է, և մենք պետք է խոսենք ոչ թե այդ հավասարության, այլ այդ հավասարությունն իրականություն դարձնելու ուղղությամբ աշխատանքների առկայության կամ բացակայության մասին:

Դժվար է ստույգ ասել, թե ինչպես կհիմնավորեին իրենց տեսակետը նշված 38.2%-ի ներկայացուցիչները կամ ինչն է եղել նրանց գնահատականի հիմքում ընկած շարժառիթը, սակայն մի բան հստակ է. այսօր դեռ վաղ է խոսել ՀՀ-ում օրենքի առջև բոլորի հավասարության մասին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

10:30 Սեպտեմբեր 17, 2015

Ամենաընթերցված նյութեր