Երևանցիները գնահատել են Առաջին ալիքի հաղորդումների որակը

Հայկական բոլոր հեռուստաընկերություններն իրենց եթերացանկը կազմելիս ձգտում են գրավել ավելի մեծ լսարան և բավարարել լսարանի պահանջները: Հատկապես վերջին տարիներին, վարկանիշային "կռիվները" մղվել են առաջնային պլան, որի արդյուքնում, ցավոք, հաճախ տուժում է հեռուստատեսային արտադրանքի որակը:
Ամեն անգամ, նոր եթերաշրջանից առաջ, հեռուստաընկերությունները անոնսների և գովազդային հոլովակների միջոցով իրենց հեռուստադիտողին ներկայացնում են նոր եթերաշրջանում սպասվող "աննախադեպ" և "էքսկլյուզիվ" նախագծերի մասին:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 6-ին: Առաջին ալիքը նույնպես, իր հեռուստադիտողներին նախապես տեղեկացնում էր, որ նոր եթերաշրջանում ներկայացնելու է մի շարք նոր, հետաքրքիր, բազմաբովանդակ ծրագրեր ու հաղորդումներ, մուլտեր ու ֆիլմաշարեր: Էկրաններից մեզ կողջունեն ինչպես հայտնի և սիրված, այնպես էլ նոր դեմքեր: Հասարակական-քաղաքական ոլորտի, մշակույթի եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներն իրենց երաժշտական գիտելիքները կստուգեն սիրված միջազգային ժամանցային նախագծերից մեկի` "Գուշակիր մեղեդին" հաղորդման ժամանակ:

Առաջին ալիքը բազմիցս նշել է, որ նոր եթերացանկը կազմելիս նկատի են առնվել տարիքային բոլոր խմբերի առանձնահատկություններն ու նախասիրությունները: Ինչ վերաբերում է լրատվական ծառայություններին, ապա այն կշարունակի օրական 4 անգամ լուսաբանել Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող հրատապ եւ ուշագրավ իրադարձությունները: Ինչպես նաև շարունակվելու են լրատվական-վերլուծական հաղորդումները` "Առաջին տնտեսական", "Խորհրդարանական շաբաթ", "Հրապարակում", "Տեսանկյուն" և "Հարցազրույց":
ԲԱՐՈՄԵՏՐԸ օգոստոս ամսվա ընթացքում Երևանում անցկացված սոցիոլոգիական հարցումների ժամանակ փորձեց պարզել, թե ինչպե՞ս են գնահատում երևանցնիները հայկական հիմնական հեռուստաընկերությունների լրատվական և ժամանցային հաղորդաշարերի որակը: Հարցվողները գնահատել են 1-5 բալանոց սանդղակով (1-ը ամենացածր գնահատականն է, իսկ 5-ը` ամենաբարձր):

Առաջին ալիքի նոր եթերաշրջանի մեկնարկին զուգընթաց, հրապարակում ենք Առաջին ալիքի նախորդ եթերաշրջանի լրատվական և ժամանցային հաղորդումներին տրված երևանցիների գնահատականների ամբողջական պատկերը:

Գրաֆիկ

Ընդհանուր առմամբ, Առաջին ալիքի լրատվական և ժամանցային հաղորդումների գնահատականներում շատ մեծ տարբերություններ չկան, սակայն միևնույն ժամանակ, "ամենացածր" ցուցանիշն արձանագրվել է լրատվական հաղորդումներին տրված "գերազանց" գնահատականներում: Ստացվում է, որ երևանցիների ընդամենը 8.8%-ն է Առաջին ալիքի լրատվական հաղորդումների որակը գնահատում գերազանց, իսկ ժամանցային հաղորդումներին տրված գերազանց գնահատականները մոտ երկու անգամ շատ են:

Այն, որ ժամանցային հաղորդումների որակը մայրաքաղաքի բնակիչների 37.3%-ը (4 և 5 գնահատականների հանրագումարը) գնահատում են լավ կամ գերազանց, վկայում է, որ այս ուղղությամբ Առաջին ալիքի կողմից վերջին տարիներին իրականացվող փոփոխությունները դրական են գնահատվում հեռուստադիտողների կողմից: Հիշեցնենք, որ սա երևանցիների կողմից տրված գնահատականներն են, իսկ ինչպես գիտենք` մայրաքաղաքի բնակիչները շատ ավելի պահանջկոտ ու քմահաճ են, և ամբողջ Հայաստանի մասշտաբով նման հարցում անցկացնելու դեպքում, կարծում ենք, Առաջին ալիքի գնահատականներն առավել բարձր կստացվեն: Մյուս կողմից, ամենացածր` 1 և 2 գնահատականների թիվը նույնպես փոքր չէ (հանրագումարային 34.3%), բայց ավելի փոքր է, քան 4 և 5 գնահատականների հանրագումարը: Նույնը չի կարելի ասել լրատվական հաղորդումների մասին, այստեղ 1 և 2 գնահատականների հանրագումարը (36.8%) գերազանցում է 4 և 5 գնահատականների հանրագումարին (29.5%)

Հաջորդիվ, ԲԱՐՈՄԵՏՐԸ կներկայացնի հայկական այլ հեռուստաընկերություններին տրված երևանցիների գնահատականները:

Բացի այդ, եթերաշրջանի ավարտին, ԲԱՐՈՄԵՏՐԸ նույն հարցով կրկին կդիմի երևանցիներին, որպեսզի համեմատության մեջ հնարավոր լինի դիտարկել տվյալների փոփոխության դինամիկան:


ԲԱՐՈՄԵՏՐ

16:33 Սեպտեմբեր 16, 2015

Ամենաընթերցված նյութեր