Հայերը քարից հաց քամո՞ղ են, թե՞ հացի հետևից գնացող

Յուրաքանչյուր մշակույթ տվյալ ազգի յուրօրինակ հայելին է, որն արտացոլում է այդ ազգի գլխավոր հատկանիշները, մտածողություն ու ազգային խառնվածքը, կենսակերպն ու կենսափիլիսոփայությունը։

Առած-ասացվածքները ևս մշակութային այդ հայելու անբաժան մասն են կազմում։ Դրանք պարզապես փոքրիկ պատմվածքներ կամ հակիրճ շարադրանքներ չեն, այլ ունեն պատմության խորքը գնացող ու մշակութային այդ գանձերն ստեղծող ժողովրդի՝ կյանքի նկատմամբ վերաբերմունքն ու բարոյական նկարագիրն արտացոլելու իմաստ։
Հայերը պատմության ընթացքում ստեղծել են մշակութային ահռելի մի շտեմարան, որի մի մասն էլ ասացվածքներն են։ Բայց երբեմն կարելի է հանդիպել իմաստով հակադիր ասացվածքներ։ Հակադրության պատճառ կարող են լինել պատմական տարբեր ժամանակաշրջանները, որոնք արտացոլվել են այդ ասացվածքներում։

Օրինակ՝ հայերը հաճախ բնորոշվում են որպես "քարից հաց քամող ժողովուրդ", բայց, միևնույն ժամանակ, հաճախ էլ մերոնց խոսակցություններում լսում ենք՝ "որտեղ հաց, այնտեղ կաց"։ Առաջինը բնորոշում է նստակյացությունը, համառությունը, աշխատասիրությունը, երկրորդը՝ քոչվորությունը և հեշտ ապրուստի ձգտումը։

ԲԱՐՈՄԵՏՐԸ որոշեց սկսել ուսումնասիրությունների մի նոր շարք՝ նպատակ ունենալով պարզել, թե որքանով են ընկալելի ու ընդունելի այս կամ այն ասացվածքները հանրության մեջ։ Ահա մեր առաջին ուսումնասիրության արդյունքները։

Պարզվում է՝ մեր համաքաղաքացիների մոտ 56%-ը ձգտում է հեշտ ապրուստին։ Ըստ որում, շատ տպավորիչ է, որ այդ ասացվածքի հետ լիովին համաձայն է 44%-ից ավելին։

Հատկանշական է, որ այդ մտածողություն առավելապես բնորոշ է երիտասարդներին՝ 18-44 տարեկաններին, մինչդեռ 45-ից բարձր տարիքային խմբերը ներկայացնողների հարաբերական մեծամասնությունը համամիտ չեն ասացվածքի իմաստի հետ։

Ուշագրավ են նաև սեռային տվյալները․ ասացվածքի հետ լիովին համամիտների սեռային կազմի հարաբերակցությունը նույնն է՝ 50/50, իսկ հիմնականում համամիտների բացարձակ մեծամասնությունը կանայք են։ Այդուհանդերձ, կանայք բացարձակ մեծամասնություն են կազմում նաև ասացվածքի հետ չհամաձայնողների մեջ։

Ճիշտ չի լինի պնդել, որ այս տվյալները բնութագրում են ողջ հայ ժողովրդին կամ անգամ բոլոր հայաստանցիներին, սակայն կարելի է ասել, որ երևանցիների բացարձակ մեծամասնության և, մասնավորապես, երիտասարդների մոտ արմատավորվել կամ արմատավորվում է հեշտ ապրելակերպի ձգտումը, որն էլ հենց արտացոլված է "որտեղ հաց, այնտեղ կաց" ասացվածքում։

Այդուհանդերձ, դեռ վաղ է հրաժարվել "քարից հաց քամող ժողովրդի" բնորոշումից, քանի որ վերը նշված տվյալները կարող են լինել տևական սոցիալ-տնտեսական ոչ նպաստավոր պայմանների արտացոլում։ Դրա օգտին էլ խոսում է այն փաստը, որ հարցվածների շուրջ 44%-ը չի համաձայնել ասացվածքի հետ, իսկ 33%-ն էլ կատեգորիկ դեմ է դրան։

Ամեն դեպքում, սա կարելի է ազդանշան համարել մեր ազգագրագետներին ու, նախևառաջ, պետական պաշտոնյաներին, որ մեր ազգային մտածողության մեջ անցանկալի փոփոխության վտանգ կա, որի դեմն օր առաջ անհրաժեշտ է առնել։


ԲԱՐՈՄԵՏՐ

10:33 Սեպտեմբեր 16, 2015

Ամենաընթերցված նյութեր