Արագաչափեր. երևանցիների հավասար "պայքարը"

Հայաստանում երթևեկությունը կարգավորելու և հնարավոր ավտովթարների հավանականությունը նվազեցնելու նպատակով (ի թիվ այլոց) վերջին տարիներին շրջանառության մեջ դրվեցին արագաչափերը: Տեխնիկական նորարարության այս դրսևորումներից շատերն ուրախացան, շատերն էլ առավել հոգսաշատ դարձրեցին իրենց կյանքը, քանի որ հաճախ ստիպված էին լինում մեկ կամ մի քանի ամսվա աշխատավարձի չափով վճարել արագության գերազանցման համար սահմանված տուգանքը: Անշուշտ, արագության գերազանցման մեղավորը առաջին հերթին վարորդներն են, սակայն խնդիրն այն է, որ առանց այն էլ հոգսաշատ մեր կյանքում շատ դժվար է լինել ղեկին ու պահպանել 24-ժամյա սառնասրտություն, մտքի սթափություն և այլն:

Ճիշտ է՝ արագաչափերի գործարկումը որոշակիորեն կաշկանդեց բազմաթիվ վարորդների մեջ "նստած Շումախերին", սակայն դա չի նշանակում, թե արագաչափերն այսօր "պարապուրդի" են մատնվել, իսկ նրանց "տերերը"՝ բիզնես վնասներ կրել: Այսօր էլ Երևանում և Հայաստանի տարբեր փողոցներում կամ մայրուղիներում կարելի է հանդիպել մարդկանց կյանքը վտանգող "արագապաշտների", ովքեր ոչ միայն տուգանքներից չեն վախենում, այլև արագությամբ ինքնահաստատվելու կամ սեփական առնականությունը ի ցույց դնելու խնդիրն են լուծում:

Ասվածը բնավ չի նշանակում, թե արագաչափերի գործարկումը պետք է համարել բացասական երևույթ: Ընդհակառակը, այն եթե ոչ բոլորին, ապա վարորդների մեծամասնությանը որոշակիորեն զգաստացնում է և, ըստ այդմ, նվազեցնում ավտոպատահարների հավանականությունը:

Արագաչափերի գործարկման մասով բավականին հետաքրքիր են երևանցիների վերաբերմունքի առանձնահատկությունները: ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած հետազոտության արդյունքները ցույց են տալիս (տես գրաֆիկ), որ այդ հարցում երևանցիները կարծես երկու կեսի են բաժանվել: "Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ հայաստանյան փողոցներում տեղադրվել են արագաչափեր (հաշվի չառնել տույժերի չափը)" հարցին երևանցիների տված պատասխանների պատկերը հետևյալն է. "խիստ բացասական"` 24.3%, "հիմնականում բացասական"՝ 19.5%, "ինձ համար միևնույնն է"՝ 11.9%, "հիմնականում դրական"՝ 34.7%, շատ դրական՝ 9.7%: 

Ինչպես երևում է գրաֆիկից՝ երևանցիները շուրջ 43.8% արագաչափերի տեղադրման ու գործարկման առումով ունեն այս կամ այն աստիճանի բացասական վերաբերմունք, իսկ 44.4%-ը՝ դրական: Տոկոսային այս ցուցանիշները ցույց են տալիս, որ այս հարցում մեզանում չկա միասնական մոտեցում: Ավելին, տարօրինակ պետք է համարել այն, որ երևանցիների մեջ շատ են (43.8%) բացասական վերաբերմունք ունեցողները և սա այն դեպքում, երբ հարցման ժամանակ հատուկ նշվում էր տույժերի չափը հաշվի չառնելու հանգամանքը: Այդ մարդկանց մոտեցումը հասկանալի և ընդունելի կլիներ, եթե արագաչափերի գործարկմանն իրենց դեմ լինելը հիմնավորեին սահմանված տույժերի չափով և մասնավոր ընկերության կողմից գերշահույթներ ստանալու գործոնով: Ինչ վերաբերում է դրական վերաբերմունք արտահայտածներին, ապա նրանց մոտեցումը կարելի է ողջունել, քանի որ այդ արագաչափերն իրականում "կանխարգելիչ" գործառույթ իրականացնում են:
Այսինքն՝ պետք է դեմ լինել ոչ թե արագաչափերի գործարկմանը, այլ համապատասխան տույժեր սահմանելու քաղաքականությանը, մասնավոր ընկերության կողմից հայաստանյան չափանիշներով "աստղաբաշխական" շահույթների ստացմանը, այդ շահույթների մի մասը ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը չուղղորդելուն և այլն:


ԲԱՐՈՄԵՏՐ

22:15 Սեպտեմբեր 15, 2015

Ամենաընթերցված նյութեր