Հին հայկական փառահեղ մի տոն, որն անարդարացիորեն մոռացել ենք

Երբ թերթում ես Հին Հայաստանի մշակութային կյանքի մասին պատմող գրքերը, տպավորություն է ստեղծվում, որ մեր նախնիները, որոնք մեզնից հաստատ ավելի լավ ու հարուստ չէին ապրում, կարողանում էին տեղը տեղին՝ մեծ շուքով նշել տոները։

Այդ տոների մեջ իր ուրույն տեղն ուներ Նավասարդը՝ բուն հայկական Նոր տարին։ Ըստ ավանդության, հենց այդ օրը՝ օգոստոսի 11-ին է Հայկ նահապետը հաղթել Բելին և, փաստորեն, սկիզբ դրել մեր պատմությանը։ Այդ օրը նշվել է մեծ շուքով, ուղեկցվել զվարճանքով, տարատեսակ խաղերով ու մրցություններով, կերուխումով, երգուպարով, թատերական ներկայացումներով, ուխտագնացություններով, որոնց մասնակցում էին թե՛ հասարակ մարդիկ, թե՛ արքունիքը։ Հին Նոր տարվա այդ օրերին էին նշվում նաև Վարդավառն ու Խաղողօրհնեքը։

Ճիշտ է՝ քրիստոնեության ընդունմամբ տոնախմբությունների այդ անվերջ շարքից մնացին միայն որոշ ծիսական արարողություններ, այն էլ՝ ցրված այլ ամիսներին նշվող "քրիստոնեացված" տոներում, բայց "Նավասարդյան օրերի" մասին հիշողությունը երկար ժամանակ պահպանվեց ժողովրդի մեջ։ Ավելին, այդ օրը հետագայում նշվում էր՝ որպես Արարատի գագաթին Նոյան տապանի իջնելու և մարդկության փրկության օր։ Բայց սա էլ ժամանակի ընթացքում մոռացվեց։

ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետներին հետաքրքրեց՝ գիտե՞ն, լսե՞լ են արդյոք մեր համաքաղաքացիներն այդ հիրավի փառահեղ տոնի մասին, որը դարեր շարունակ եղել է մեր նախնիների ամենասիրած ու մեծ խորհուրդ ունեցող օրը։

Մտահոգիչ է, որ մեր համաքաղաքացիների շուրջ 46%-ը տեղյակ չէ, թե ինչ է դա։ Մոտ 5%-ն էլ այն համարում է գոյություն չունեցող Սբ․ Նավասարդին նվիրված տոն։ Այսինքն, երևանցիների կեսը չգիտեի՝ ինչ է Նավասարդը։ Հետևաբար, ցավով արձանագրենք, լավ չգիտի նաև իր պատմությունն ու մշակույթը (հետո էլ կասենք՝ մենք պատմություն ունեցող հին ազգ ենք)։

Տարիքային բոլոր խմբերում մենք արձանագրեցինք տոնից անտեղյակ մարդկանց նշանակալի թիվ։ Ըստ որում, եթե կանայք կազմում են իրենց անտեղյակությունը խոստովանածների բացարձակ մեծամասնությունը, ապա այդ տոնն ինչ-որ անհայտ Սրբ․ Նավասարդին վերագրածների մեծամասնությունը տղամարդիկ են։

Երևանցիների մյուս կեսը տվել է ճիշտ պատասխան։ Նրանց մեջ համեմատաբար շատ են 45-60 տարեկանները, որոնց բացարձակ մեծամասնությունը կանայք են։

Այս տվյալները փաստում են այն մասին, որ մեր կրթության և մշակույթի ոլորտների պատասխանատուները լուրջ բացթողում ունեն։ Բայց մենք կառաջարկեինք ոչ միայն պարզապես լրացնել այդ տոնի մասին իմացության բացը, այլև վերականգնել այդ գեղեցիկ տոնը գոնե նախկին շուքի կեսի չափով նշելու ավանդույթը։
Հավատացած ենք, որ դրանով ժողովրդի մեջ կվերականգնենք տոներն իսկապես տոնելու, այլ ոչ թե ծախսատար օր դարձնելու մշակույթը։ Ավելին, ճիշտ առևտրայնացնելու դեպքում, այդ տոնը (էլ ավելի լավ, որ այն համընկնում է տուրիստական սեզոնի հետ) կդառնա բավական շահավետ միջոցառում՝ տուրիստներին հրապուրելու իմաստով։


ԲԱՐՈՄԵՏՐ

16:00 Սեպտեմբեր 11, 2015

Ամենաընթերցված նյութեր