Եթե ցանկանում եք Հայաստանում աշխատանքի անցնել, ապա…

Գաղտնիք չէ, որ աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշներ ունեցող Հայաստանում աշխատանք գտնելն այնքան էլ դյուրին չէ: Շատերն անգամ ամիսներով կամ տարիներով են սպասում այն աշխատանքի տեղավորվելու բաղձալի օրվան:

Հայաստանում մարդիկ աշխատանք չեն կարողանում գտնել կամ ախատանքի չեն տեղավորվում տարբեր պատճառներով (ստորև ներկայացնում ենք սոսկ մի քանիսը). ոմանք այս կամ այն աշխատանքը համարում են իրենց "ոչ սազական", քանզի ունեն այս կամ այն նախարարությունում առնվազն որևէ վարչության պետի պաշտոնին արժանի լինելու անհիմն ինքնագիտակցություն, ոմանք չեն ուզում աշխատանքի անցնել ցածր վարձատրության պատճառով, իսկ ոմանք էլ իրենց մասնագիտական անկարողության համար արտաքին պատճառներ են փնտրում և "մխիթարվում" են այն մտքով, թե Հայաստանում աշխատանքի անցնելու համար պարտադիր է լավ ծանոթ ու բարեկամ ունենալը:

Իհարկե, Հայաստանում խնամիաբարեկամական կամ քավոր-սանիկական կապերը այսօր էլ մեծ կարևորություն ունեն, աշխատանքի անցնելու, պաշտոններ "ժառանգություն ստանալու" գործում (մանավանդ "փողաբեր" պաշտոններ, որի շնորհիվ գրչի մեկ հարվածով կարելի է վաստակել, օրինակ, վաստակաշատ պրոֆեսորի մի քանի տարվա աշխատավարձ և այլն), սակայն չի կարելի պնդել, որ լավ ծանոթ ու բարեկամ ունենալը պարտադիր է աշխատանքի անցնելու գործում: Բանն այն է, որ հայաստանյան աշխատաշուկան որակյալ մասնագետների ընդգծված պակաս ունի, մինչդեռ այդ աշխատաշուկայում ավելի շատ են դիպլոմավորվածները, քան իսկապես որակյալ մասնագետները: Այսօր բուհերը նմանվել են ֆաբրիկաների, որոնք զանգվածաբար "դիպլոմավորված մասնագետներ" են պատրաստում: Այնպիսի մասնագետներ, որոնց մասնագետ լինելու հիմնական, գուցեև միակ հավաստիքն իրենց դիպլոմն է: Հանգամանք, որը "վաստակաշատ" դիպլոմակիրները հաճախ անտեսում են և անիծում են իրենց բախտը, քանի որ չունեն լավ ծանոթ ու բարեկամ:

Հայաստանում աշխատանքի անցնելու հարցում լավ ծանոթ ու բարեկամ ունենալը խորապես կարևորելու մասին են փաստում նաև ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած հետազոտության արդյունքները (տես գրաֆիկ):

Գրաֆիկից պարզ է դառնում, որ հարցված երևանցիների 77%-ը "լիովին համամիտ" է այն մտքի հետ, որ Հայաստանում աշխատանքի անցնելու համար պարտադիր է լավ ծանոթ ու բարեկամ ունենալը, իսկ 8.5%-ը՝ "հիմնականում համամիտ": Ավելին, այդ մտքի հետ "հիմնականում համամիտ չէին" հարցվածների 2.7%-ը, իսկ 11.8%-ը՝ "ընդհանրապես համամիտ չէին": Այսինքն՝ ստացվում է, որ հարցված երևանցիների գերակշռող մեծամասնությունը (շուրջ 85.5%-ը) պարտադիր է համարում ոչ թե մասնագիտական որակները, այլ լավ ծանոթ ու բարեկամ ունենալը:
Առաջին հայացքից այստեղ տարօրինակ ու վտանգավոր ոչինչ չկա, սակայն այսօրինակ հոգեբանությունը կամ մոտեցումը խիստ արատավոր է, քանի որ լեգիտիմացնում է սովորելու կամ մասնագետ դառնալու երկրորդական նշանակության գաղափարը: Այսինքն՝ նման մոտեցման արմատավորման և տարածման դեպքում նորահաս սերունդը ձգտելու է ոչ թե որակյալ մասնագետ դառնալ, այլ լավ ծանոթների ու բարեկամների "կապիտալ" կուտակել: Հանգամանք, որը աղետաբեր կարող է լինել մեր՝ խնդիրների պակաս չունեցող պետության համար:


ԲԱՐՈՄԵՏՐ

 

10:35 Սեպտեմբեր 11, 2015

Ամենաընթերցված նյութեր