"Կարմիր" դիպլոմ միայն փողով չէ, որ ստանում են

Այն, որ ՀՀ կրթական համակարգում կան բազմաթիվ խնդիրներ, դժվար թե որևէ մեկը վիճարկի: Սակայն փաստ է նաև այն, որ կրթական համակարգում տեղ գտած խնդիրները հաճախ ուռճացված են ներկայացվում: Բանն այն է, որ առօրյա կենցաղային շփումների, սրճարանային զրույցների մակարդակում հաճախ կարելի է լսել այնպիսի տեսակետներ, որոնց համաձայն հայաստանյան բուհերում գերազանցության դիպլոմ ստանում են միայն ծանոթով կամ փողով, որ բուհերում գործ ունենք համատարած կոռուպցիայի հետ և այլն: Ճիշտ է՝ ՀՀ կրթական համակարգը զերծ չի կոռուպցիայի, ուսանողների գիտելիքների գնահատման գործում այս կամ այն դասախոսի սուբյեկտիվ մոտեցման դրսևորումներից, սակայն, այդուհանդերձ, միանշանակորեն չի կարելի պնդել, թե մեր կրթական համակարգն ամբողջությամբ արատավոր է: 
Ասվածի համատեքստում բավականին հետաքրքիր և շատերի համար գուցե անսպասելի կարող են լինել երևանցիների շրջանում ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած հետազոտության արդյունքները, որոնք կոչված էին պատասխանելու այն հարցին, թե արդյոք հարցվողները համամի՞տ են այն մտքին, որ ՀՀ-ում ուսանողը կարող է արդար ճանապարհով՝ իր գիտելիքներով, վաստակել գերազանցության դիպլոմ: Հետազոտությանը մասնակցած երևանցիների պատասխանները որոշակիորեն հուսադրող են, քանի որ վկայում են այն մասին, որ մեր բուհերում այս առումով վիճակն այնքան վատ չէ, որքան հաճախ ներկայացնում են: Բանն այն է, որ հստակ պատասխան տված հարցվածների 61.9%-ը նշել էր "լիովին համամիտ եմ", 12.2%-ը՝ "հիմնականում համամիտ եմ",  11.9%-ը՝ "հիմանականում համամիտ չեմ", իսկ 14%-ը՝  "ընդհանրապես համամիտ չեմ" տարբերակը (տես գրաֆիկ):

Այսինքն՝ ստացվում է, որ հարցված երևանցիների շուրջ 74%-ն այն տեսակետին է, որ ՀՀ բուհերում ուսանողը հնարավորություն ունի արդար ճանապարհով վաստակելու գերազանցության դիպլոմ, մինչդեռ հարցվածների 26%-ը հակառակ տեսակետին է: Գուցե շատերի համար այս թվերը կարող են կասկածահարույց լինել, սակայն, ինչպես ասում են, փաստերը համառ են:
Ավելին, չմոռանանք նաև այն, որ մենք սովոր ենք մեր թերությունները բարդել ուրիշների վրա, սովոր չենք մեր թերիները գիտակցել ու դրանք հաղթահարելու կամք դրսևորել: Մի քննությունից օբյեկտիվորեն տապալվում ենք՝ մեղք դասախոսինն է, ով հաշվի չառավ մեր ստուգման գրքույկի "գերազանցները", ընդամենը 2-3 թեմա սովորելով մեզ Էյնշտեյն, Արիստոտել կամ էլ որևէ ոլորտի ակադեմիկոս ենք զգում և չենք ընդունում մեր ինտելեկտուալ "գոհարները" գերազանց չգնահատած դասախոսին և այլն:
Վերը նշված 74% երևանցիների նման մենք էլ համոզված ենք, որ Հայաստանում ուսանողը իր գիտելիքներով կարող է վաստակել գերազանցության դիպլոմ (այս կամ այն բացառությունը չհաշված), սակայն համոզված ենք նաև, որ կարևորը ոչ թե այդ դիպլոմն է, այլ այն կրթական բովանդակությունը, որին առնչվում ենք ուսանելու ընթացքում: Կրթական մակարդակի համատարած անկման ֆոնին այսօր շատերը սովորելու շնորհիվ արժանանում են գերազանցության դիպլոմի (գնահատվում են նաև համեմատական կարգով), սակայն խնդիրն այն է, որ այսօրվա գերազանցության դիպլոմը չի ապահովում այն "լիարժեք մասնագիտական" որակը, որը պետք է ունենար:  


ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Սեպտեմբեր 10, 2015

Ամենաընթերցված նյութեր