Շրջանառությունից հանե՞լ ոչ գործարանային/հին գազաբալոնները

Հայտնի է, որ Հայաստանում շահագործվող մեքենաների մեծ մասում տեղադրված են գազաբալոններ, որոնց լիցքավորմամբ վարորդները հնարավորություն են ունենում համեմատաբար մատչելի դարձնել իրենց ճանապարհածախսը: Սակայն հայտնի է նաև այն, որ հայաստանյան բազմաթիվ մեքենաներում այդ գազաբալոնները ոչ գործարանային են, հին են և չեն համապատասխանում անվտանգության կանոններին:
Մարդիկ, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, հաճախ ստիպված են լինում վտանգել իրենց և այլոց կյանքը՝ մեկ կամ մի քանի հարյուր ԱՄՆ դոլար էժան գնով ձեռքբերելով և շահագործելով գազաբալոն: Մարդկայնորեն գուցեև շատերի համար սա հասկանալի է և ընդունելի, սակայն եթե հաշվի առնենք այն, որ այդօրինակ գազաբալոնների պայթունների դեպքերը մեզանում շատացել են և դրանք իրապես վտանգում են բազմաթիվ մարդկանց կյանքեր, ապա պետք է մի կողմ դնել հուզականությունը և դատել առավել սթափ: Այսինքն՝ հարկ է միջոցներ ձեռնարկել այդ գազաբալոնները շրջանառությունից հանելու և գազաբալոններից օգտվելն առավել անվտանգ դարձնելու համար:

Այս առումով ուշագրավ են ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած հետազոտության արդյունքները (տես գրաֆիկ), որոնք կոչված են փաստելու, որ ոչ գործարանային/հին գազաբալոնները շրջանառությունից հանելու հնարավոր նախաձեռնությունը երևանցիների շրջանում կարող է ունենալ լուրջ աջակցություն: "Արդյոք պե՞տք է շրջանառությունից հանել ոչ գործարանային/հին գազաբալոնները՝ հաշվի չառնելով դրանց տերերի դժգոհությունները" հարցին երևանցիների 85.4%-ը տվել է "այո" պատասխանը և հստակ պատասխան տված հարցվածների միայն 14.6%-ն է նշել "ոչ" տարբերակը:

Գրաֆիկից կարծես պարզ է դառնում, որ եթե իրավասու մարմինները սկսեն ոչ գործարանային/հին գազաբալոնները շրջանառությունից հանելու գործընթաց, ապա չեն արժանանա տոտալ քննադատության և, ավելին, կարող են անգամ որոշակի աջակցության արժանանալ: Սակայն հաշվի առնելով այն, որ այդ նախաձեռնությունը կարող է "ցավոտ" լինել բազմաթիվ քաղաքացիների, խոցելի խմբեր ներկայացնող վարորդների համար, ապա չպետք է դրսևորել "ավանակի համառություն" նրանց շահերն առհասարակ անտեսելու առումով: Այսինքն՝ նման օրապահանջ նախաձեռնությունը պետք է ուղեկցվի այնպիսի ճկուն մեխանիզմների մշակմամբ և ներդրմամբ, որոնք հնարավորություն կտան ոչ գործարանային/հին գազաբալոնները շրջանառությունից հանել այնպես, որ դրանց տերերն ունենան իրատեսական այլընտրանքի հնարավորություն: Իսկ այդ մեխանիզմների մշակման ուղղությամբ ամենից առաջ պետք է մտածեն պատկան մարմինները, քանի որ նրանք ի պաշտոնե պատասխանատու են մեր անվտանգության համար:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

16:34 Սեպտեմբեր 09, 2015

Ամենաընթերցված նյութեր