Արտագաղթի համար նախապատվելի երկրները․ երևանյան Top 3

Նախորդ ակնարկում տեսանք, որ մեր համաքաղաքացիների մոտ 40%-ին վարակել է արտագաղթելու տրամադրությունը։ ԲԱՐՈՄՏՐԸ փորձեց նաև պարզել՝ եթե հանգամանքների բերումով ստիպված լինեն արտագաղթել, ապա երևանցիների համար ո՛ր երկրներն են առավել նախընտրելի մշտական բնակության համար։

Առաջատար եռյակի ստորին հորիզոնականում Հյուսիսային Ամերիկան է։ Եթե հանգամանքների բերումով արտագաղթեն, այդ մայրցամաքում մշտական բնակություն կցանկանար հաստատել երևանցիների մոտ 16%-ը։ Հս․ Ամերիկային նախապատվություն տվողները համեմատաբար շատ են 18-29 տարեկանների մեջ։ Ըստ որում, տղամարդկանց համար այն ավելի նախընտրելի է, քան կանանց համար։

Երկրորդ տեղում (մոտ 27%) Կենտրոնական Եվրոպան է, որը նախընտրողները գրեթե հավասարաչափ ներկայացնում են տարիքային բոլոր խմբերը, բացառությամբ՝ 30-44 տարեկանների։ Այս երկրները նախընտրողների ճնշող մասը կանայք են։

Եվ, վերջապես, մշտական բնակություն հաստատելու նպատակով ամենահրապուրիչ երկիրը (մոտ 33%) Ռուսաստանի Դաշնությունն է։ Այս երկիրն առավելապես նախընտրելի է 45-60 տարեկանների համար։ Հատկանշական է, որ Ռուսաստանը նախընտրողների սեռային կազմը նույնական է՝ 50/50։

Ի հավելում, նշենք, որ այս ցուցանիշները հաստատվում են նաև "Ինտեգրացիոն բարոմետրի" 2014 թ․տվյալներով (էջեր 54-55)։ Դրանց համաձայն, հայաստանցիների համար մշտական բնակություն հաստատելու նպատակով ամենանախընտրելի տարածքը նախկին ԽՍՀՄ երկրներն են (38%), որոնցից ամենահրապուրիչը ՌԴ-ն է (14%):

Նույն նպատակով արտագաղթելու նախընտրելիությամբ երկրորդ տեղում եվրոպական երկրներն են (17%), իսկ 3-րդում՝ այլ, այդ թվում` հյուսիսամերիկյան երկրները (8%)։

Միգրացիոն թիրախ-երկրների ընտրության հարցում առաջատար դեր են խաղում տվյալ երկրների սոցիո-մշակութային մերձությունը, բարեկեցության մակարդակը, այդ երկրում առկա սփյուռքը։

Այո՛, Ռուսաստանում հայկական ամենամեծ սփյուռքն է և այդ երկիրը, մյուսների համեմատությամբ, մեզ առավել մոտ է իր սոցիալական մշակույթով։ Բայց բարեկեցության գործոնով այն նշանակալիորեն զիջում է 2-րդ և 3-րդ հորիզոնականներում հայտնված երկրներին։

Պարզ չէ՝ ինչու է Կենտրոնական Եվրոպան հայտնվել 2-րդ հորիզոնականում․ այս երկրները ո՛չ մշակույթով են մեզ մոտ, ո՛չ մեծ սփյուռք ունենք այնտեղ, իսկ բարեկեցության գործակցով անրանք զիջում են Հյուսիսային Եվրոպային։ Գուցե դեր է խաղացել Շվեյցարիան՝ որպես զարգացած, գեղեցիկ ու հանգիստ երկիր ․․․

Հյուսիսային Ամերիկայի ընտրությունը թերևս կարելի է բացատրել թե՛ այնտեղ առկա հայկական մեծ սփյուռքով, թե՛ մերի համեմատությամբ բարեկեցության բարձր մակարդակով։ Բայց այս երկրներն էլ են մեզնից հեռու իրենց մշակույթով։ Ավելին, համեմատած սոցիալական ծրագրերով հարուստ եվրոպական երկրներին, հյուսիսամերիկյան երկրները հայտնի են իրենց կոշտ շուկայական-մրցակցային կենսապայմաններով։

Ամեն դեպքում, միգրացիոն այս նախապատվությունների պատճառները թերևս հարկ է ճշտել հենց մեր համաքաղաքացիներից՝ մեկ այլ հարցման միջոցով։

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:39 Սեպտեմբեր 09, 2015

Ամենաընթերցված նյութեր