Երևանցիների մոտ 40%-ը պոտենցիալ արտագաղթո՞ղ է

Հայաստանում քաղաքական, վերլուծական և հատկապես առօրյա-կենցաղային մակարդակներով ամենահաճախակի քննարկվող թեման թերևս արտագաղթն է։ Հաշվի առնելով անգամ պաշտոնական վիճակագրությունը՝ քիչ կլինեն մարդիկ, որոնց բարեկամ-ազգականների մեջ չլինեն արտագաղթածներ։ Արդյունքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում համատարած "ճամպրուկային" տրամադրություններ են․ մարդկանց մեծ մասը պատրաստվում է այսօր-վաղը մեկնել արտասահման՝ մշտական կամ, առնվազը, ժամանակավոր բնակության։

Նպատակ ունենալով ստուգել այդ խիստ սուբյեկտիվ տպավորության ճշգրտությունը՝ ԲԱՐՈՄԵՏՐԸ որոշեց պարզել՝ որքանո՞վ են տարածված այդ "ճամպրուկային" տրամադրությունները՝ արտագաղթելու ցանկությունը երևանցիների մեջ։

Ուսումնասիրության արդյունքները միայն մի փոքր լույս սփռեցինք այդ "գաղջ" պատկերի վրա։

Ինչպես տեսնում եք, երևանցիների մոտ 60%-ը չի ցանկանում ապրել Հայաստանից դուրս՝ արտերկրում։ Բայց մի զգալի մասն էլ՝ մոտ 40%-ը, կուզենար։

Ցավոք, մտահոգիչ է ոչ միայն արտագաղթել ցանկացողների թիվը, այլ նաև այն, որ այդպիսի տրամադրություններն առավելապես տարածված են երիտասարդ տարիքային խմբերում՝ 18-44 տարեկանների մեջ։

Եվ, բնականաբար, ավագ սերնդի՝ 45 տարեկաններից բարձր տարիքային խմբերի ներկայացուցիչների շրջանում առավելապես Հայաստանը չլքելու տրամադրություններ են։

Եվս մի ուշագրավ հանգամանք․ տղամարդկանց մեջ արտերկրում ապրելու ցանկություն ունեցողները համեմատաբար ավելի շատ են, քան կանանց մեջ։

Հատկանշական է, որ 2013 թ․տվյալների համեմատությամբ, արտերկիր մշտական բնակության մեկնել ցանկացող երևանցիների թիվն աճել է մոտ 10%-ով։ Ուշագրավ է նաև, որ այս հարցում Երևանի, ՀՀ մյուս քաղաքների ու գյուղերի տվյալները գրեթե նույնական են։

Նույնն են նաև սեռատարիքային տվյալները․ 2013 թ․ ևս արտերկիր մշտական բնակության նպատակով տեղափոխվելու ցանկություն ունեցողների մեջ տղամարդիկ ավելի շատ էին, ըստ որում՝ այդպիսի տրամադրություններն առավել տարածված էին 18-35 տարեկանների մեջ։

Այսպիսով, վերջին 2-3 տարիների ընթացքում ինչպես երևանցիների, այնպես էլ բոլոր հայաստանաբնակների շրջանում մշտական բնակության համար արտասահման մեկնել ցանկացողների թիվը ոչ միայն չի նվազել, այլ անգամ մտահոգիչ աճ է գրանցել։ Պատկերն էլ ավելի մռայլ է դառնում, երբ հաշվի ենք առնում, որ այդպիսի մտադրությունն առավել տարածված է հենց երիտասարդների շրջանում։

Այս ամենն անուղղակիորեն վկայում է, որ պետական սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չի նվազեցրել "ճամպրուկային" տրամադրություն ունեցողների թիվը։ Սա ուղղակիորեն վկայում է նաև, որ "գաղջ մթնոլորտը" (ինչ էլ որ լինեն դրա պատճառները) շարունակում է իր "սև հունձը" հայաստանցիների մեջ։

 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:09 Սեպտեմբեր 08, 2015

Ամենաընթերցված նյութեր