Երևանցիները կցանկանային արյան դոնոր լինել, բայց…

Մեր երկրում արյունատվության մշակույթը գտնվում է բավականին ցածր մակարդակում: 2014թ. ընթացքում ՀՀ-ում մոտ 10 000 դոնորից իրականացվել է 14 000 արյունատվություն: Հատկանշական է, որ նրանցից 45.1%-ը եղել են հիվանդների կամ դոնորական արյան կարիք ունեցողների հարազատները, 46.6%-ը` փոխհատուցվող, և միայն 8.3%-ը` անհատույց (կամավոր հիմունքներով) քաղաքացիները: Վերջին ցուցանիշը հատկապես խնդրահարույց է, քանի որ զարգացած երկրներում կարելի է հանդիպել անգամ 100% անհատույց արյունատվության վիճակագրության: Այսինքն` հստակ կարելի է փաստել, որ այդ երկրներում արյան դոնոր լինելը գործող բարոյական նորմ է, և քաղաքացիները դրանից նյութական օգուտներ չեն ակնկալում: Ինչ խոսք, լավ օրից չէ, որ մարդիկ իրենց արյունը, ըստ էության վաճառում են, և գուցե, տեղին չէ նաև "թարս աչքով" նայել նրանց (ի վերջո, այդ արյան շնորհիվ բազմաթիվ մարդկանց կյանքեր են փրկվում): Պարզապես, նպատակային և հասցեական PR-ով անհրաժեշտ է մեծացնել կամավոր դոնորների թիվը, ինչը սկզբունքորեն հնարավոր է, եթե հաշվի առնենք այս խնդրի առնչությամբ մեր հասարակության մեջ իշխող տրամադրությունները: Ասվածի լավագույն վկայությունն է նաև ԲԱՐՈՄԵՏՐԻ Երևանում անցկացրած զանգվածային հարցման տվյալները: Ըստ դրանց` հարցվողների (միայն "այո" և "ոչ" պատասխանների հաշվառմամբ) մոտ 85%-ը (տես. գրաֆիկ) պատրաստ է որպես դոնոր արյուն հանձնել: Ճիշտ է, միանշանակ չենք կարող պնդել, թե նրանց ո՞ր մասն այդ բարեշնորհ քայլն անհատույց կաներ, սակայն ակնհայտ է, որ այդ մեծ խմբում հաստատ քիչ չեն լինի բացառապես անշահախնդիր նկատառումներով կամավորները: 

Արյան դոնոր լինելուց կտրուկ հրաժարվել են հարցվողների մոտ 15%-ը, ինչը բավական փոքր ցուցանիշ է, և ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետների կարծիքով այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Բանն այն է, որ մարդիկ, գուցե, դոնոր դառնալու ցանկություն ունենան, սակայն այդ քայլն անելու կամ վերջնական որոշում կայացնելու առումով որոշակի վերապահումներ, այնուամենայնիվ, կարտահայտեն: Նախևառաջ, նրանց մի մասին այդ քայլից "ետ" կպահի սովորական վախի զգացումը, մյուսներին` սեփական արյան "մաքրության" նկատմամբ կասկածը, իսկ երրորդներին` հետևողականությունը և այլն: Սակայն անկախ ամեն ինչից` պարզ է, որ ամբողջական և մատչելի տեղեկատվությունն ակնհայտորեն կօգնի, որ մեր կամավոր դոնորների բանակը, արդեն մոտ ապագայում առնվազն եռապատկվի կամ քառապատկվի: Դրա հնարավությունները մեր հասարակության մեջ, իրոք, առկա են:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Օգոստոս 05, 2015

Ամենաընթերցված նյութեր