Ի՞նչ կանեն երևանցիները Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեպքում

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կամ ոլորտում սպասվող թանկացումները կարող են առաջացնել լուրջ սոցիալ-տնտեսական դժվարություններ, իսկ ինչպես համոզվում ենք վերջին ժամանակներում տեղի ունեցած իրադարձություններից, դրանք կարող են ուղեկցվել նաև հասարակական, հատկապես, երիտասարդության կողմից լուրջ ընդվզումներով և պայքարով: Իսկ դա նշանակում է, որ համակարգաստեղծ այս ոլորտը ոչ միայն կբերի թանկացումներ էլեկտրաէներգիայի, այլ նաև էլեկտրաէներգիա սպառող բոլոր արտադրական, սպասարկման, ծառայությունների ոլորտներում` հանգեցնելով վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների և առաջարկվող ապրանքների գների թանկացման: Եվ այն հաշվարկները, որ մեկ տնային տնտեսության կողմից էլեկտրաէներգիայի սպառումը կարելի որոշակի (2000 դրամ) նպաստներ ավելացնելով կոմպենսացնել` մյուս ապրանքների մասով այդ բացը հաստատ չի կոմպենսացվելու: Այս հարցում եղան մի շարք քննարկումներ ՀԷՑ-ի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Կառավարության և մի շարք այլ մարմինների և հասարակական հատվածը ներկայացնող կազմակերպությունների կողմից, սակայն խնդիրը դեռևս վերջնական լուծում չի ստացել: Փորձ է արվում ստեղծել հանձնաժողով, որն աուդիտի միջոցով կփորձի բացահայտել խնդրի լուծման ֆինանսական կողմերը և այլն:

Դեռևս, մինչև Բաղրամյան փողոցի դեպքերը ԲԱՐՈՄԵՏՐ-ի սոցիոլոգիական հետազոտությունների թիմը փորձեց բացահայտել, թե Երևան քաղաքի տնային տնտեսությունները էլեկտրաէներգիայի սակագների թանկացման պարագայում ինչպիսի քայլերի կամ գործողությունների կդիմեն (ընտրելով 2 գործողություն):
Հետաքրքիր է, որ գործողությունների տեսակներից մեկն էլ կապված է պայքարի դուրս գալու հետ, որն, ի դեպ, կազմում է ստացված պատասխանների 5.2%-ը:

Ընդհանրապես, իշխանությունները ողջ հասարակությանն առնչվող որոշումներից առաջ պարտավոր են ուսումնասիրել և հասկանալ, թե տվյալ որոշման պարագայում ինչպիսի խնդրի հետ են բախվելու: Իսկ մեզ մոտ հակառակն է` կայացվում է որոշում, այնուհետև փորձ է արվում սուբսիդիաներ գտնել, 105 հազար ընտանիքի կամ մոտ 400.000 մարդու համար նպաստ բարձրացնել, հետո` մի քանի օրվա ընթացքում այդ որոշումը չեղյալ հայտարարել, գտնել այլ աղբյուրներից միջոցներ` դա անվանելով "արտաբյուջետային ֆոնդ", այնուհետև` վերանվանելով "անվտանգության ֆոնդ": Եվ այս ամնն ի վերջո հասարակության վրա մանիպուլյացիոն և "նուրբ թելերին" կպնելու ազդեցություն է ունենում: Էլ չենք խոսում 90-ականների "մութ ու ցուրտ" տարիները հիշեցնելու մասին` սպառնալով, որ դա կարող է կրկնվել` հովհարային անջատումների տեսքով:

Այնուամենայնիվ հենց այդ "մութ ու ցուրտ" տարիները տեսած և շատ դժվարությունների դիմացած հայ ազգը, բացի ընդվզելուց և պայքարելուց, ինչպիսի՞ վարքագիծ կարող է դրսևորել ընդամենը 6.93 դրամ թանկացման և արդեն սկզբունքային հարցի լուծման վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ տրված պատասխանների 44.3%-ը էլեկտրաէներգրայի խնայողաբար օգտագործմանն են վերաբերում, դրա մեջ մտնում է, օրինակ` գիշերային ժամերին գործերը կազմակերպելը (ավելի էժան սակագնի պատճառով), ավելի ուշադիր լինելը և լույսերը վառ չթողնելը և այլն:

Հետաքրքիր է նաև, որ Հայաստանում անգամ ժամային գոտին չեն փոխում, որն ամբողջ աշխարհում է գրեթե ընդունված, և արվում է օրվա լուսավոր ժամերն օգտագործելու և քիչ էլեկտրաէներգիա ծախսելու համար: Իհարկե, հարցին եթե մոտենանք ժամերը փոխելու ու տարվա մեջ 2 օր սթրեսի մեջ ընկնելու տեսանկյունից, ապա դրա փոխարեն` մարդիկ սթրեսի մեջ են ընկնում ամեն անգամ այդ ամիսների էլեկտրաէներգիայի վարձերը մուծելիս: Դեռ ավելին, ոչ լուսավոր ժամերը քիչ օգտագործելով` մարդիկ, իսկապես, ավելի երկար ժամանակահատվածում են հայտնվում սթրեսային վիճակում:

Ստացված պատասխանների 24.6%-ով 2-րդ հորիզոնականում է ոչինչ չձեռնարկելու տարբերակը, այս մարդիկ կա’մ շուտ հարմարվող են, կա’մ հոգնել են պայքարելուց` գտնելով որ դա ոչինչ չի փոխի, կա’մ գտնվում են իշխանության մեջ և չեն կարող պայքարել, կամ էլ ֆինանսապես ապահովված են ու այս հացը մեծ խնդիր չեն համարում:

Ըստ ստացված պատասխանների` էներգախնայող լամպեր կգնեն 10.4%-ը, որը կարելի է ասել վերջիններիս վրա թանկ է նստելու, իսկ հետագայում փոխհատուցվելու, այսինքն` կառաջանա ևս լրացուցիչ ծախսեր պլանավորելու խնդիր, իսկ ովքեր անցել են այդ ռեժիմին` դրանից չեն կարողանալու օգտվել:

Հաջորդ լուծումը, որը կտան` կապված է ձմռանը բնակարանները գազով տաքացնելու հետ, քանի որ մարդիկ արդեն իսկ հաշվարկում են, թե ինչ լուրջ խնդիրներ են ունենալու ձմռանը էլեկտրաէներգիայի վարձավճարների առումով: Իսկ դա նշանակում է, որ սրանից շահելու են գազով ջեռուցման համակարգեր ներմուծողները, վաճառողները և տեղադրողները: Սա ևս ծախսատար և հետագայում փոխհատուցվող գումարներից է, և կարելի է ասել, կրկին ծանր բեռ է դառնում հասարակ քաղաքացու համար:

Պատասխանների ավելի փոքր խմբեր վերաբերում են էլեկտրաէներգիայի այլընտրանքային միջոցների օգտագործմանը, նույնիսկ` երկրից հեռանալուն և այլն:

Եզրակացությունն այն է, որ հերթական անգամ Հայաստանում արվում են քայլեր, որոնց հետևանքների մասին պատկերացում կազմում են որոշումներն ուժի մեջ մտնելուց, դրանց դեմ պայքարելուց և դրանք կասեցնելուց հետո: Այնինչ, անհրաժեշտ է ուսումնասիրել, կիրառել գոյություն ունեցող գիտական և գործնական համապատասխան գործիքակազմ և ձին կապել սայլի առջևից, այլ ոչ թե սայլը ձիու:


ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Հուլիս 31, 2015

Ամենաընթերցված նյութեր