Անվտանգության կանոնները ավտոգազալցակայաններում. ֆանտաստիկան VS իրատեսության

Վերջին տարիներին և մասնավորապես վերջին ամիսներին ՀՀ լրատվական դաշտում քանիցս հրապարակումներ են եղել առ այն, որ այս կամ այն ավտոգազալցակայանում տեղի է ունեցել պայթուն և կան տուժածներ: Իհարկե, ոչ ոք չի կարող 100%-անոց տարբերակով բացառել ավտոգազալցակայաններում ֆորս մաժոր իրավիճակների (օրինակ՝ պայթյուն և այլն), տեխնիկական անվտանգության կանոնների խախտման  հնարավորությունը, սակայն դա բնավ չի նշանակում, թե ոլորտի պատասխանատուներն ու համապատասխան ԱԳԼՃԿ-ների սեփականատերերն իրենց պարտականությունները կատարում են այնպես, ինչպես հարկն է:

Ճիշտ է՝ վերջին դեպքերից հետո բազմաթիվ ԱԳԼՃԿ-ների գործունեության մեջ նկատելի են որոշակի դրական փոփոխություններ, սակայն, այդուհանդերձ, պետք է հուսալ, որ դրանք չեն ունենա սոսկ իրավիճակային բնույթ և ոլորտի պատասխանատուները հետևողական կգտնվեն պատշաճ վերահսկողություն իրականացնելու հարցում, քանզի ոլորտի բարձիթողի վիճակը ոչ միայն մարդկանց կյանքեր է վտանգում, այլև նպաստում է սեփական աշխատանքային պարտականությունները չկատարելու մշակույթի արմատավորմանը:

Շատերի համար ասվածը գուցե համոզիչ չէ, սակայն երևանցիների շրջանում ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած հետազոտության արդյունքները որոշակիորեն ցույց են տալիս, որ ԱԳԼՃԿ-ներում անվտանգության կանոնների խախտման, պատշաճ վերհսկողության բացակայության հետ կապված վերոբերյալ մտքերն անհիմն չեն: Այդ մասին են վկայում "Ձեր կարծիքով, որքանո՞վ են Հայաստանյան ավտոգազալցակայաններում պահպանվում անվտանգության կանոնները" բարոմետրյանհարցին երևանցիների տված պատասխանների ընդհանուր պատկերը (տե՛ս գրաֆիկ):

Գրաֆիկից պարզ է դառնում, որ թեպետ երևանցիների մեջ կան "ֆանտաստներ", ովքեր համոզված են, որ այդ անվտանգության կանոնները "լիովին են պահպանվում" (3.6%), այնուամենայնիվ ճնշող մեծամասնությունը չի դրսևորել սեր "ֆանտաստիկա" ժանրի նկատմամբ, քանզի հարցվածների մոտ 18%-ը նշել էր "հիմնականում պահպանվում են", 53.3%-ը՝ "հիմնականում չեն պահպանվում", իսկ 19.1%-ը՝ "ընդհանրապես չեն պահպանվում" տարբերակը):

Իհարկե, չի կարելի պանդել, որ բոլոր հարցվածները հավուր պատշաճի կամ մասնագիտական խորությամբ գիտեն այդ անվտանգության կանոնները, սակայն այն, որ նրանց ավելի քան 70%-ը նկատել է կամ գիտի անվտանգության այս կամ այն կանոնի խախտման մասին, ապա իսկապես գործ ունենք երևույթի հետ, որը մեզանում, մեղմ ասած, լայն տարածում ունի: Ավելին, եթե հաշվի առնենք հարցին նաև մասնագիտորեն մոտենալու գործոնը, ապա գուցե պատկերն առավել տխուր լինի:

Հուսանք, որ ոլորտի բոլոր պատասխանատուներն անցյալից դասեր կքաղեն և այսպահական շահերի համար մարդկանց կյանքերն "աճուրդի չեն հանի": Եվ չմոռանանք, որ մենք՝ շարքային քաղաքացիներս, ևս պարտավոր ենք պահանջել այն, ինչ չեն անում վերը նշված պատասխանատուները:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Հուլիս 27, 2015

Ամենաընթերցված նյութեր