Էլեկտրոնային ձեռնաշղթա՞, թե՞ ճաղավանդակ

Մարդուն պատժելու (ազատազրկել) արդարադատությունից վերականգնողականին անցումը այսօր հրամայական է մեր երկրի համար: Նախ` այն իր էությամբ մարդակենտրոն ու հումանիստական է, և հետո այդ քաղաքականությունը լուծում է սոցիալական, բարոյական և հոգեբանական բնույթի տարատեսակ խնդիրներ: Այս տեսակետից պրոբացիոն ծառայության ներդրումը էական քայլ է հատկապես այլընտրանքային պատժատեսակաների ցանկը ընդլայնելու առումով: Մասնագետների գնահատմամբ ազատազրկվածների ավելի քան 30%-ը հնարավորություն ունի իր պատիժը կրել ոչ ազատազրկման վայրերում: Եթե հաշվի առնենք, որ այսօր մեր երկրում քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են, դրանցում առկա են սանիտարահիգիենիկ խիստ վատթար պայմաններ և հոռի բարքեր, ապա խնդիրն ավելի առարկայական է ներկայանում: Վերջապես պետությունն ամենամեղմ հաշվարկներով կարող է տարեկան կտրվածքով մինչև 2.8-3 մլրդ ՀՀ դրամ խնայել, որը կարող է նպատակաուղղել կամ ազատազրկվածների պայմանների բարելավմանը, կամ էլ որևէ սոցիալական ուղղվածության հրատապ խնդրի լուծմանը: Հատկանշական է, որ մեր հասարակությունն այս հարցում կողմ է արտահայտվում այլընտրանքաային պատիժների մեխանիզմների կամ ոչ ազատազրկման վայրերում մարդկանց պատիժները կրելու հնարավությունների ընդլայնմանը:

ԲԱՐՈՄԵՏՐ-ի Երևանում անցկացրած զանգվածային հարցումները վկայում են, որ հարցվողների ճնշող մեծամասնությունը (տես. գրաֆիկ1) կողմ է, որ փոքր կամ հանրային վտանգավորություն չներկայացնող հանցանքներ գործած մարդիկ իրենց պատիժը կրեն ոչ ազատազրկման վայրերում: "Вор должен сидеть в тюрьме" թեզի կողմնակիցները երևանցիների շրջանում անհուսալի փոքրամասնություն են: Հարցվողների միայն 9%-ն է կարծում, որ անկախ հանցանքի տեսակից, հանրային վտանգավորության աստիճանից, դաժանությունից և ծավալից, հանցանք գործած մարդը պետք է պատժվի` ամբողջությամբ մեկուսացվելով հասարակությունից:

Այսպիսով ակնհայտ է, որ մեր հասարակության և այլընտրանքային պատժամիջոցների ցանկի ընդլայնման ուղղությամբ բարեփոխումների կողմնակիցների միջև առկա է, գրեթե լիակատար փոխըմբռնում: Այս առումով պրոբացիոն ծառայությունը, որն արդեն մոտ ապագայում կգործի, հիրավի, հեղափոխական նշանակություն կունենա և զգալիորեն կնպաստի վերոնշյալ ասպարեզներում տասնամյակների ընթացքում կուտակված տարաբնույթ խնդիրների լուծմանը: Սակայն համակարգի արդյունավետ գործառնման կարևոր պայմաններից է հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառման առումով կենսունակ մեխանիզմների ներդրումը, որը "երկաթյա" ձեռնաշղթաներին էլեկտրոնայինով փոխարինելու գործում` գոյություն ունեցող կարևորագույն մարտահրավերներից է: Հույն ունենանք, որ այս դեպքում սկզբունքորեն հնարավոր կլինի այդ ռիսկերը, գոնե, նվազագույնի հասցնել:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

10:34 Հուլիս 23, 2015

Ամենաընթերցված նյութեր