Կվերցնե՞ք սպառողական վարկ ամառային հանգստի համար

ԲԱՐՈՄԵՏՐԸ դեռևս 2014թ.-ի դեկտեմբերին Երևան քաղաքում իրականացված սոցիոլոգիական հարցումների ընթացքում պարզել էր, թե Երևանի տնային տնտեսությունների քանի տոկոսն ունի վարկեր, և այդ վարկեր ունեցողները հիմնականում ինչ տեսակի վարկային ծառայություններից են օգտվում: Երևանցիների 1/3-րդ-ից ավելին` 35.5%-ը, նշել էին, որ իրենց տան անդամներից առնվազն մեկը ունի ինչ որ տեսակի վարկ: Ընդ որում հատկանշական է, որ վարկ ունեցողների 65.3%-ը  նշել էին, որ ունեն սպառողական վարկեր, իսկ 9.9%-ը` վարկային գիծ: Սպառողական վարկերի գերակշռող մեծամասնությունը կազմում են ապառիկ գնումների համար տրվող վարկերը: Սակայն, ինչպես գիտենք, վարկառուները երբեմն վարկեր են վերցնում կամ օգտվում վարկային գիծ ծառայությունից այլ նպատակներով, ինչպիսիք են` ամանորյա տոների անցկացումը, երեխաների ուսման վարձերի վճարումը, ծննդյան և հարսանեկան միջոցառումների կազմակերպումը և այլն: Ելնելով այս նկատառումներից, ԲԱՐՈՄԵՏՐԸ ամառային արձակուրդների ընթացքում փորձեց պարզել, արդյոք երևանցիները պատրաստ են վերցնել սպառողական վարկ իրենց կամ իրենց ընտանիքի ամառային արձակուրդները կազմակերպելու նպատակով:

Նույն հետազոտության ընթացքում, մենք նաև փորձել էինք պարզվել, թե երևանցիների քանի տոկոսն է ամառը պլանավորում մեկնել հանգստի: Այդ տվյալներին անդրադարձել ենք մեր նախորդ նյութերից մեկում, որոնց համաձայն երևանցիների ընդամենը 26.4%-ն է պլանավորում մեկնել հանգստի: Իսկ, թե ամառվա համգիստը պլանավորող խմբի ո՞ր մասն է պատրաստ վերցնել սպառողական վարկ իր կամ իր ընտանիքի ամառային արձակուրդը կազմակերպելու համար` ներկայացված է ստորև գրաֆիկում: 

Ստացված տվյալների համաձայն պարզ է դառնում, որ ամառային հանգիստը պլանավորող խբմի ընդամենտ մոտ 5%-ն է հնարավոր համարում վարկի ստացումը` ամառային հանգստի կազմակերպման համար: Հատկանշական է, որ նույն խմբի մոտ 95%-ը իրենց ամառային հանգիստը կազմակերպելու համար ֆինանսական միջոցներ ունեն: Փաստորեն, հետազոտության արդյունքները ևս հաստատում են, որ երևանցիների շրջանում ամառային հանգիստը կազմակերպելու խնդիրը բացառապես սոցիալ-տնտեսական հիմք ունի`  ամառային հանգստի պլանավորմամբ և կազմակերպմամբ զբաղվում են միայն նրանք, ովքեր ունենք համապատասխան ֆինանսական միջոցներ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:35 Հուլիս 20, 2015

Ամենաընթերցված նյութեր