Գիտե՞ք արդյոք, թե որքան մարդ է ապրում Հայաստանում

Բնակչության թվաքանակի հարցը Հայաստանի անկախացման շրջանի, թերևս, ամենաքննարկվող և հանրությանը ամենաշատ հուզող հարցերից մեկն է: Դրա արդյունքում թեման ձեռք է բերել լրացուցիչ և իր հետ կապ չունեցող ծանրաբեռնվածություն: Օրինակ, ձևավորվել է պատկերացում, թե Հայաստանի բոլոր հիմնախնդիրների պատճառը արտագաղթն է, մինչդեռ հաճախ այն միայն հետևանք է: Կամ, երբ արտագաղթը որակվում է որպես ազգային աղետ և Հայաստանի բնակչության նվազման գլխավոր պատճառ, առանց հաշվի առնելու ծնելիության, մահացության և այլ ցուցանիշներ, որոնք նույնպես էական ազդեցություն ունեն բնակչության թվաքանակի վրա: Եվ, իհարկե, տարբեր մարդիկ ունեն տարբեր, նաև իրարամերժ պատկերացումներ այն մասին, թե որքան մարդ է ապրում Հայաստանում:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե երևանցիների կարծիքով, քանի մարդ է բնակվում Հայաստանում: Ամենատարածված պատասխանը, որ տվել է հարցվածների 47%-ը, 1-ից 1.5 միլիոնն է: Ըստ հարցվածների 23%-ի, Հայաստանն ունի 1.5-ից 2 միլիոն բնակիչ: 10%-իկարծիքով Հայաստանում այսօր բնակվում է 2.5-ից 3 միլիոն մարդ, իսկ "2-ից 2.5 միլիոն մարդ" պատասխանն ընտրել է հարցվածների մոտ 7%-ը:

Ուշագրավ է, որ հարցվածների մոտ 12%-ը դժվարածել է կարծիք հայտնելուց այս հարցին:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների (էջ 3)՝ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում մշտապես բնակվում է 3.010.600 մարդ: Ճիշտ է, պետք է հաշվի առնել, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն այս թիվը ստացել է՝ հիմնվելով 2011 թվականի մարդահամարի և դրա հիմքով վարվող ընթացիկ հաշվառումների վրա: Պատասխանը, որը համընկնում է ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալների հետ, տվել է հարցվածների շատ չնչին մասը, որը մեր հետազոտության սոցիոլոգիական սխալի սահմաններում է: Հարցման արդյունքները թույլ են տալիս պարզելու, թե որքան անորոշ և տարբեր են (մինչև 2 միլիոն շեղումով ծայրահեղ տարբերակների միջև) մեր պատկերացումները երկրում ապրող մարդկանց թվաքանակի վերաբերյալ:

Հ.Գ. ԲԱՐՈՄԵՏՐԻ դիտարկումներով իրականում Հայաստանում  ապրում է 2.6-2.8 միլիոն մարդ: Նշված տատանումները պայմանավորված են միգրացիոն հոսքերի` հիմնականում արտագնա աշխատանքի մեկնողների գործոնով և կրում են սեզոնային բնույթ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

10:30 Հուլիս 15, 2015

Ամենաընթերցված նյութեր