Մենք ու մեր Սահմանադրությունը

Յուրաքանչյուր տարի ՀՀ-ում նշվում են տարբեր տոներ, որոնց հանդեպ շարքային քաղաքացիների վերաբերմունքը միանշանակ չէ: Ասվածը բացառություն չէ նաև հուլիսի 5-ին նշվող տոնի՝ ՀՀ Սահմանադրության օրվա պարագայում: Իհարկե, հուլիսի 5-ը ՀՀ-ում պաշտոնապես նշվում կամ տոնվում է որպես ՀՀ Սահմանադրության օր, սակայն խնդիրն այն է, որ այդ օրը, ցավոք, շատերի համար ոչ այլ բան է, եթե ոչ օրացույցում կարմիր գույնով առանձնացված օր: Այսինքն՝ մեզանում այդ տոնի խորհուրդը մնում է չհասկացված, իսկ դրա հանդեպ մեր որոշակիորեն անտարբեր վերաբերմունքը խոսում է մայր օրենքը չկարևորելու մասին:

Վերոգրյալի մասին է հուշում նաև ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած հետազոտությունը, որի հարցերից մեկը առնչվում էր նրան, թե երևանցիները (նրանց ընտանիքները) տոնո՞ւմ են արդյոք ՀՀ Սահմանադրության օրը: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս (տե՛ս գրաֆիկ), որ հարցված երևանցիների սոսկ 16.7%-ի ընտանիքներն են տոնում Սահմանադրության օրը, մինչդեռ 83.3%-ի պարագայում այն զրկված է տոնված լինելու "իրավունքից": 

Շատերի համար գուցե այս թվերը մտահոգիչ չեն, սակայն եթե հաշվի առնենք այն, որ տոնված լինելն անպայման չէ հասկանալ ամանորյա ճոխ սեղաններ գցելու տարբերակով, ապա պարզ է դառնում, որ հարցած երևանցիների 83.3%-ի համար Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ը, կարծես տարվա 365 կամ 366 օրերից հերթականը լինի: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ սահմանադրությունը մեր համակեցության, մեր պետության զարգացման կարևորագույն խարիսխներից է:

Վերոգրյալի համատեքստում հիշատակման արժանի է մեծանուն հայերից մեկի հետևյալ միտքը. "Հեշտ է հանրապետություն սահմանադրելը, դժվար է սահմանադրականներ ստեղծելը": Այսինքն՝ թեպետ կարողացել ենք ստեղծել անկախ պետություն, ընդունել սահմանադրություն, սակայն այսօր էլ շարունակում ենք ունենալ սահմանադրականների, օրենքի գերակայության սկզբունքով առաջնորդվողների, ՀՀ սահմանադրությունը հարգելու և դրա հրամայականներով առաջնորդվելու մշակույթի պակաս:  

Հուսանք, որ կգա այն երանելի օրը, երբ մեզանում Սահմանադրության օրը կտոնվի այնպես, ինչպես հարկն է և մեզանից յուրաքանչյուրն իր կյանքի յուրաքանչյուր օրը կապրի այնպես, ինչպես կապրեր իսկական սահմանադրականը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:00 Հուլիս 06, 2015

Ամենաընթերցված նյութեր