Գաղափարը միանշանակ ընունելի է, իսկ կիրառո՞ւմը…

Հայաստանում առողջության պահպանման կուլտուրան խիստ ցածր մակարդակի վրա է: Այն նախևառաջ արտահայտվում է մարդկանց կողմից սեփական առողջությանը հետևելու, այդ առումով տարբեր պրոֆիլակտիկ միջոցների դիմելու և առողջական խնդիրները վերհանելու ու բուժելու առաջնահերթությունների անտեսմամբ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ "իրերի նման կարգը" բացառապես մեր երկրում բժշկական ծառայությունների անմատչելիության և մարդկանց անվճարունակության պատճառներով է պայմանավորված: Բնականաբար, նշվածները, մեծ հաշվով դոմինանտ են, սակայն ոչ բոլորովին` "միակն ու անկրկնելին": Ասվածի լավագույն վկայությունը` քաղաքացիական ծառայողներին, ուսուցիչներին և ակադեմիական ոլորտում ներգրավված գիտաշխոտողներին տրված սոցիալական փաթեթի` առաղջապահության բաղադրիչի ծառայություններից օգտվելու բավականին համեստ ընդհանուր ցուցանիշներն էին: Մեծապես այս հագամանքով էր պայմանավորված, որ փաթեթից օգտվելու նոր կարգ սահմանվեց. ըստ որի` շահառուն կարող է օգտվել փաթեթով նախատեսված մյուս հնարավորություններից միայն այն դեպքում, եթե արդեն իսկ օգտվել է առողջապահական բաղադրիչով նախատեսված ծառայություններից: Փաստորեն, վերջինն այլևս որպես իմպերատիվ պահանջ է ներկայացվում շահառուներին: Այս փաստը վկայում է այն մասին, որ մարդկանց անվճարունակությունը որպես սեփական առողջությանը չհետևելու խիստ ծանրակշիռ պատրվակ ներկայացնելը, այնքան էլ տեղին չէ: Գրեթե նույն հարթության վրա կարելի է դիտարկել նաև բժիշկներին չվստահելու գործոնը: Այս ամենով հանդերձ ակնհայտ է, որ խնդիրը միայն ավանդական դարձած պատճառների մեջ չէ, այլ նաև առողջության նկատմամբ մեր ազգաբնակչության կողմից դրսևորվող ոչ այնքան լուրջ և պատասխանատու վերաբերմունքի շրջանակներում է:

Հետաքրքիր է, որ ԲԱՐՈՄԵՏՐԻ հարցումները վկայում են, որ երևանցիների ճնշող մեծամասնությունը (տես. գրաֆիկ) միանշանակ կողմ է ազգաբնակչության տարեկան մեկ անգամ համընդհանուր բժշկական ստուգում անցնելու գաղափարին: Փաստորեն, ստացվում է, որ մարդիկ կողմ են գաղափարին, սակայն դրա իրականացման հարցում բավականաչափ ակտիվություն չեն ցուցաբերում: Սա այն դեպքն է, երբ մեր համաքաղաքացիները, որպես կանոն, առաջադեմ, քաղաքակիրթ նորմերի նկատմամբ արտահայտում են բացարձակ լոյալություն, իսկ կոնկրետ կիրառման պարագայում աչքի չեն ընկնում հետևողականությամբ:

Ինչևէ, միանշանակ է, որ այս խնդիրը վաղուց հասունացած է և անմիջականորեն առնչվում է մարդու համար անգին մի իրողության` առողջության պահպանման հետ: Դժբախտաբար մեծ խզում է առաջացել այն հարցում թե խոսքով որքան են այն կարևորում մեր համաքաղաքացիները, և նրանում, թե ինչպես են հետևում իրենց առողջությանը, առհասարակ: Եվ այս տեսանկյունից բոլորովին պատահական չի, որ Հայաստանում բավականին բարձր են հանկարծամահության և օնկոլոգիական հիվանդություններից մահացության դեպքերը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:00 Հունիս 04, 2015

Ամենաընթերցված նյութեր