Դպրոցից բուհ ճանապարհն "ավերված" է

Չնայած վերջին տարիներին ՀՀ-ում հետևողականորեն իրականացվում են կրթական համակարգի բարեփոխմանը միտված բազմաթիվ ծրագրեր, այնուամենայնիվ դրանք աչքի չեն ընկնում բարձր արդյունավետությամբ: Խնդիր չունենալով նսեմացնել ոլորտի պատասխանատուների դերն ու վաստակը կրթական համակարգի առջև ծառացած տարբեր խնդիրների լուծման գործում, այնուամենայնիվ պետք է փաստել, որ այսօր էլ գոյություն ունեն լրջագույն խնդիրներ, որոնք լուծման հրամայականի ներքո են: Ընդ որում, այդ խնդիրների գոյությունը փաստում են ոչ միայն փորձագետները, կրթական համակարգից քիչ թե շատ հասկացողները, այլև շարքային քաղաքացիները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են կրթության ոլորտին կամ ներգրավված են կրթական գործընթացներում:

ՀՀ կրթական համակարգի խոցելի կողմերից մեկը հանրակրթության և բուհական կրթության միջև օրգանական կապի բացակայությունն է կամ, այլ կերպ ասած, հանրակրթության և բուհական կրթության միջև "կամուրջի" բացակայությունը: Բանն այն է, որ ՀՀ կրթական համակարգի համապատասխան օղակները (հանրակրթություն և բուհական կրթություն) չեն փոխլրացնում միմյանց, հանրակրթությունը չի ծառայում բուհական կրթության որակի բարձրացմանը և հակառակը:

Ասվածի մասին է հուշում նաև ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած հետազոտությունը, որի արդյունքները ցույց են տալիս, թե շարքային երևանցիներն ինչպես են գնահատում Բուհ ընդունվելու համար երևանյան դպրոցների տված գիտելիքների մակարդակը: Այսպիսով՝ "Ձեր կարծիքով, որքանո՞վ են այսօր դպրոցում տրվող գիտելիքները բավարար որևէ Բուհ ընդունվելու համար" հարցին երևանցիների տված պատասխանները բաշվել են հետևյալ կերպ (տես գրաֆիկ). լիովին բավարար են 1% (հուսանք, որ այս մեկ տոկոսի մեջ պատահաբար չէին հայտնվել կրթության ոլորտի պատասխանատուների բարեկամները), հիմնականում բավարար են 14.4%, հիմնականում բավարար չեն 33.1%, ընդհանրապես բավարար չեն 51.5%:

Ցուցանիշներն իրոք մտահոգիչ են: Ստացվում է, որ հարցված երևանցիների մոտավորապես 84-85%-ը բուհ ընդունվելու համար դպրոցի տված գիտելիքները բավարար չի համարում: Իսկ սա կարծես նշանակում է, որ հանրակրթական համակարգը արդյունավետ չի գործում, քանի որ բուհ ընդունվելու համար շրջանավարտները ստիպված են լինելու օգտվել կրկնուսույցների ծառայություններից: Եվ սա այն դեպքում, երբ շարունակական կրթական բարեփոխումները պետք է միտված լինեին կրկնուսույցների ինստիտուտն աստիճանաբար ավելորդ դարձնելուն: Իհարկե, կրկնուսույցների ինստիտուտի վերացումը կունենա նաև լուրջ սոցիալական հետևանքներ, սակայն պետք է հասկանանք, որ կրկնուսույցները հանրակրթության համակարգի թերությունների վկայությունն են:

Վերը նշված մտահոգությունն է՛լ ավելի է խորանում, եթե հաշվի ենք առնում մի իրողությունս ևս: Այսօր բուհ ընդունվելը բավականին հեշտացել է, հեշտացել է նաև այն պատճառով, որ բուհերը որոշակի կախվածության մեջ են ուսանողներից և, ըստ այդմ էլ, ձգտում են հնարավորինս շատ ուսանող ունենալ: Բացի այդ, եթե նախկինում ընդհանուր առմամբ բավականին բարձր էին այս կամ այն ֆակուլտետ ընդունվելու անցողիկ շեմերը, ապա ներկայում այդ շեմերը էապես նվազել են (հնարավոր բացառությունները չհաշված): Այսինքն՝ չնայած այսօր ավելի հեշտ է բուհ ընդունվելը, այդուհանդերձ դպրոցը չի կարողանում բավարարել անգամ "հեշտ" ընդունվելու համար անհրաժեշտ գիտելիքները (սա բնավ չի նշանակում, թե դպրոցում չկան որակյալ, սրտացավ և նվիրված ուսուցիչներ):

Այսպիսով՝ հարցված երևանցիների պատասխանները ոլորտի պատասխանատուների համար պետք է ևս մեկ անգամ խորհելու առիթ հանդիսանան, ևս մեկ անգամ պետք է հուշեն, որ կրթական ոլորտի բարեփոխումները կմնան առավելապես "դեկորատիվ" բնույթի, քանի դեռ չի լուծվել կրթական համակարգի տարբեր օղակների կուռ կապի և փոխլրացման խնդիրը:


ԲԱՐՈՄԵՏՐ

10:30 Հունիս 03, 2015

Ամենաընթերցված նյութեր