Կարի՞ք թե՞ բիզնես. որքա՞ն հաճախ եք գումար տալիս մուրացկաններին

Կարիքի մեջ գտնվողին օգնելը միշտ էլ համարվել է մարդկային ամենամեծ առաքիննություններից մեկը: Մարդասիրություն ու գթասրտություն՝ ահա բոլոր կրոնների ու բարոյական ուսմունքների հիմքերից մեկը: Ցավոք, բոլոր դարերում և բոլոր երկրներում շատերը չարաշահում են դիմացինի՝ մերձավորի կողքին կանգնելու պատրաստակամությունը՝ օգնություն խնդրելը դարձնելով "մասնագիտություն" ու բիզնես: Վերջերս նման դեպքերի պարբերաբար անդրադառնում է նաև տեղական մամուլը՝ ներկայացնելով մարդկանց, ովքեր կիսում են փողոցներն իրար մեջ, ովքեր վճարում են, այսպես կոչված, "տանիքներին"՝ ավելի հարմար ու եկամտաբեր տեղերի համար, և այլն: Սրան ավելացան տարբեր դրամահավաք-հեռախոսազանգերը, երբ չէին խորշում նույնիսկ անուն հանած բարեգործական կազմակերպությունների անունից գումար շորթելուց:

Ինչևէ, առաջին հայացքից կարող է թվալ, թե այս ամենը կոտրում է մարդկանց հավատը, և օգնության խնդրանքն արդեն ոչ թե կարեկցանք, այլ վրդովմունքի պես մի բան է առաջացնում: Մարդիկ, բնական է, ուզում են, որ իրենց օգնությունը հասնի իրոք կարիքավորին: Այդ պատճառով շատերս ենք նախընտրում համագործակցել արդեն վստահություն ձեռք բերած կազմակերպությունների հետ, ուր գիտեն իրենց "շահառուներին":

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե արդյոք որոշ "նոր կոմերսանտների" թեթև ձեռքով մեր հայրենակիցների մոտ մարե՞լ է դիմացինին օգնելու պատրաստակամությունը: Այդ նպատակով մենք դիմեցինք մեր համաքաղաքացիներին հետևյալ հարցով՝ "Որքա՞ն հաճախ եք գումար տալիս մուրացկաններին": Հարցվածների ընդամենը 7.9%-ը պատասխանեց, որ երբեք գումար չի տալիս, 39.6% -ը պատասխանեց, որ դա անում է հազվադեպ, ինչը պետք է հասկանալ, հավանաբար, որ մուրացկաններին այս խմբի մարդիկ գումար են տալիս առիթից-առիթ կամ սիտուատիվ որոշում կայացնելիս, օրինակ, երբ գրպանում մանր դրամ կա:
Հարցվածների 38.3%-ը և 14.2%-ը համապատասխանաբար հաճախ և մշտապես գումար են տալիս մուրացկաններին: Հարցման արդյունքները վկայում են, որ, ամեն դեպքում, անկախ բոլոր հանգամանքներից, երևանցիների մեծամասնությունը գտնում է, որ եթե մարդը փողոցում դիմում է քեզ օգնության խնդրանքով, ապա դա լավ կյանքից դրդված չէ, որ անում է, և պետք է օգնել:

Այլ հարց է, որ այսօր օգնության տրամադրման ու դրա ճիշտ կազմակերպման առավել արդյունավետ եղանակը բարեգործական կազմակերպությունների գործունեությունն է, որոնք հաճախ ոչ թե մեկանգամյա "անդեմ" օգնություն են տրամադրում, այլ փորձում են գտնել ու լուծել այն խնդիրները, որոնք հասցրել են մարդուն այդ սահմանային վիճակին՝ առողջական պրոբլեմներ, գործազրկություն, աղետներ և այլն: Այն, որ չնայած երկրում տիրող ծանր տնտեսական վիճակին, երևանցիների մեծամասնությունը շարունակում է արձագանքել դիմացինի օգնության խնդրանքին, բավական հուսադրող ցուցանիշ է: Հուսադրող է, որովհետև վկայում է ոչ թե մարդկանց մոտ գումարի ավելցուկի, որը կարելի է տալ մուրացկանին, այլ մարդկանց մոտ գթասրտության ու մարդասիրության առկայության, մասին: Ցավալի է միայն, որ ոմանք մուրացիկությունն իրոք դարձրել են հեշտ գումար ձեռք բերելու (չասենք աշխատելու կամ վաստակելու) միջոց՝ դրանով մեծ վնաս հասցնելով ոչ այնքան գումար տվողներին, որքան առաջին հերթին նրանց, ովքեր իրոք ունեն այդ օգնության կարիքը:


ԲԱՐՈՄԵՏՐ

17:00 Մայիս 19, 2015

Ամենաընթերցված նյութեր