Ինչպե՞ս վարվել թափառական շների հետ

Թափառական կենդանիների խնդիրները Երևանում կլուծվեն այն դեպքում, երբ քաղաքային իշխանությունները հետևեն առավել զարգացած երկրների օրինակներին, որտեղ վաղուց արդեն գրեթե չկան թափառական կենդանիներ: Այդպիսի երկրներ են ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան, Արևմտյան Եվրոպայի երկրները և այլն:
Ամենատարածված պրոֆիլակտիկ մեթոդներից մեկն է բոլոր կատուների և շների գրանցումը հատուկ սարքերի միջոցով, մեծ տուգանքները կենդանիներին կորցնելու կամ նրանց առանց ուղեկցողի փողոցում թողելու համար, խանութներում կատուների և շների ազատ վաճառքի արգելքը, սակայն սրանք բացառապես պրոֆիլակտիկ մեթոդներ են և մեծ ազդեցություն չունեն փողոցներում կենդանիների հայտնվելու վրա:

Ամբողջ աշխարհում ամենատարածված արդյունավետ մեթոդները փողոցում հայտնված շների և կատուների հարցը կարգավորելու համար հետևյալն է. նրանց առանձնացնում են հատուկ պահպանվող տարածքներում, որտեղ նրանց պահում են երկու շաբաթ: Այդ երկու շաբաթների ընթացքում փնտրվում է այդ կենդանիների տերը, կամ կամավորներ, ովքեր "կորդեգրեն" կենդանիներին: Բոլոր մնացած կենդանիներին քնեցնում են: Ոչ մի զարգացած երկրում պետական միջոցներով թափառական կենդանիներին երկու շաբաթից ավելի չեն պահում:

Այսպես կոչված մյուս "հումանիստական" մեթոդներից են կենդանիներին ավելի երկար առանձնացված վայրերում պահելը կամ ստերջացումը և փողոց վերադարձնելը: Սրանք ոչ արդյունավետ միջոցներ են, քանի որ, առաջին հերթին, այդ մեթոդները չեն կարող լուծել թափառական կենդանիների խնդիրը, իսկ, երկրորդ՝ դրանք այդքան էլ "հումանիստական" չեն, այլ ընդհակառակը` ավելի դաժան են, որոնց կիրառման արդյունքում ստերջացված կենդանին ապրում և մահանում է փողոցում` կրելով տանջանքներ:
Երևան քաղաքում թափառող կենդանիների վնասազերծումով զբաղվող "Յունիգրաֆ Իքս" ընկերության հաշվետվության համաձայն 2014թ.-ին փաստացի ծախսվել է 219.789.000 դրամ` նախատեսված 220.000.000 դրամի փոխարեն, որը բյուջեի 99.9% կատարողականություն է: Այդ ընթացքում ստերջացվել են 8.684 թափառող կենդանի, քնեցվել 270 և վնասազերծվել 37.142 կենդանի:

Կենդասերներըը բազմիցս դեմ են արտահայտվել թափառող կենդանիների քնեցմանը և վնասազերծմանը, նրանք միշտ կողմ են եղել կենդանիների ստերջացմանը և փողոց վերադարձնելուն: Նրանք պնդում են, որ ստերջացված կենդանիները վնասակար չեն և ապահովում են, որ նույն տարածքում նոր կենդանիներ ի հայտ չգան: Եղել են և կան նաև շատ դեպքեր, երբ կենդանասերները փորձում են գտնել այդ թափառող կենդանիներին "որդեգրողներ", որոնք իրենց տանը կպահեն կենդանիներին:
ԲԱՐՈՄԵՏՐԸ ապրիլ-մայիս ամիսներին իրականացված հարցումների ընթացքում փորձեց պարզել, թե երևանցիների կարծիքով ինչպես պետք է վարվել Երևանում թափառական շների հետ: Հատկանշական է, որ քնեցնելու և կրակելու միջոցով ոչնչացնել ցանկացողները` համապատասխանաբար 16% և 6.1%, ավելի շատ են քան այն մարդիկ, ում կարծիքով թափառող շներին պետք է ստերջացնել` 9.6%:

Ստացվում է, որ երևանցիների կեսից ավելին համարում է, որ թափառական շներին պետք է հավաքել և պահել անվնաս վայրում: Այսինքն երևանցիների կեսից ավելին ավելի հումանիստ են, քան կենդանասերները: Սակայն, որքանո՞վ է հնարավոր Երևանի ֆինանսական հնարավորությունների սահմանում բավականին մեծ քանակով թափառական շներին պահել առաձնացված վայրում և հոգալ նրանց կարիքները՝ դժվար է պատկերացնել, հատկապես, երբ քաղաքում առկա ավելի սուր և կարևոր խնդիրները բազմաթիվ են:

Այնուամենայնիվ, կարծում ենք, որ այս հարցի լուծման և կառավարման առումով քաղաքակիրթ աշխարհում իրենց արդյունավետությունն ապահոված մեթոդները արժանի են ուսումնասիրման, և խնդրի կարգավորման հարցում հետևողական գտնվելու դեպքում հնարավոր կլինի տեսանելի ապագայում արդյունավետ մեխանիզմ ստեղծել:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

20:40 Մայիս 14, 2015

Ամենաընթերցված նյութեր