Լավ ու բարի արարքները մեր շրջապատում

Հայտնի է, որ մարդիկ հակված են կրկնօրինակելու այն գործողությունները, որոնք կատարվում են իրենց շուրջը: Մասնավորապես, հոգեբանները փաստում են, որ եթե մարդու առջևից գնացող մարդը գումար է տալիս մուրացկանին, ապա նրա հետևից ընթացող մարդու մոտ դա տեսնելուց հետո նույնպես միտք է առաջանում մուրացկանին գումար տալու մասին: Նույն տրամաբանությամբ ժամանակակից աշխարհում տարածված սոցիալական կայքերում նոր օգտատերեր գրանցելու լավագույն միջոցներից մեկը կայանում է նրանում, որ կայքի գովազդում անպայման նշվի, որ արդեն շատ-շատերը գրանցվել են կայքում:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել, թե տեսնու՞մ են արդյոք երևանցիներն իրենց շրջապատող մարդկանց կողմից արվող լավ ու բարի արարքներ, և որքան հաճախ:

Պատասխանների մեջ "Մշտապես տեսնում եմ" տարբերակն ընտրել էր հարցվողների 17.5%-ը, իսկ "Հաճախ տեսնում եմ" պատասխանը՝ 34.1%-ը: Այլ կերպ ասած, պատասխանողների մեծամասնությունը՝ 51.6%-ը նշել են, որ ականատես են լինում իրենց շրջապատող մարդկանց կողմից լավ ու բարի արարքների:

Միևնույն ժամանակ պատասխանողների ամենամեծ խումբը՝ 44.6%-ը նշել են, որ հազվադեպ են տեսնում լավ արարքներ: Եվ պատասխանողների միայն 3.5%-ն է նշել, որ երբեք ականատես չի եղել շրջապատող մարդկանց կողմից արվող լավ արարքների:

Անշուշտ, պատասխանելիս յուրաքանչյուր հարցվող առաջնորդվել է լավ ու բարի արարքների մասին սեփական պատկերացումներով, և այն, ինչ բարի ու լավ արարք է մեկի տեսակետից, կարող է բոլորովին այդպիսին չլինել մեկ այլ մարդու համար (օրինակ, մուրացկանին գումար տալը): Բայց, այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ մարդիկ ունեն ընդհանուր միասնական պատկերացումներ եթե ոչ բարի ու լավ, ապա գոնե՝ անթույլատրելի արարքների մասին, ինչի վրա էլ հիմնվելով առանձնացնում են բարին անբարոյից և լավ արարքները վատ կամ անթույլատրելի արանքներից:

Հարցման արդյունքները վկայում են, որ երևանցիների մեծամասնությունը, մշտապես կամ գոնե երբեմն, նկատում է շրջապատող մարդկանց մոտ բարի ու լավ արարքներ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

10:04 Մայիս 12, 2015

Ամենաընթերցված նյութեր