Լինի՞ արդյոք մահապատիժ Հայաստանում

Խորհրդային Հայաստանում որոշ հանցատեսակների համար գործող մահապատիժը վերացվեց անկախության տարիներին և փոխարինվեց ցմահ բանտարկությամբ, ինչն իրականում ոչ թե գիտական, փիլիսոփայական կամ կրոնական շարժառիթներով էր պայմանավորված, այլ առավելապես վկայությունն էր այն բանի, որ նորանկախ Հայաստանը շարժվում է դեպի այսպես կոչված "եվրոպական" արժեքներ և կյանքի կազմակերպման եվրոպական մոդել:

Բնականաբար, հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր կողմ են, որպեսզի մահապատիժ չկիրառվի, ինչպես նաև այնպիսիք, ովքեր կողմ են դրա վերականգնմանը: Առաջինների հիմնական փաստարկն այն է, որ պետությունն իրավունք չունի վերցնել մարդու կյանքը, նույնիսկ այն դեպքում, երբ մարդ խլել է ուրիշինը, մինչդեռ մահապատժի կիրառմանը կողմ մարդկանց հիմնական փաստարկն այն է, որ կան հանցագործություններ, որոնք պետք է պատժվեն ոչ պակաս, քան կատարողին կյանքից զրկելով, ինչը, ըստ այդ կարծիքը կիսողների, ունի նաև կանխարգելիչ-հոգեբանական ազդեցություն:

ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական խումբը որոշեց պարզել երևանիցների վերաբերմունքը մահապատիժը Հայաստանում վերականգնելու հարցին:

Պատասխանողների 20.1%-ը կողմ է մահապատժի վերականգնմանը, ևս 5.8%-ը ավելի շուտ կողմ է, քան դեմ:

Մահապատժի վերականգնմանը սկզբունքորեն դեմ է արտահայտվել պատասխանողների 70.1%-ը, և ավելի շուտ դեմ` պատասխանողների 3.9%-ը:

Այս արդյունքները կարելի է մեկնաբանել երկու հիմնական տեսանկյունից.

- Նախ՝ Հայաստանում տարածված չեն այնչափ ծանր տեսակի հանցագործությունները, ինչպիսիք են անչափահասների նկատմամբ բռնությունը, ազգային-պետական դավաճանությունը կամ մի քանի հոգու կանխամտածված սպանությունը և այլն, որոնց շատ լինելու դեպքերում, միգուցե հասարակության ավելի մեծ մասը պահանջեր մահապատիժ:

- Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ խորհրդային շրջանից հետո որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել նաև մարդկանց արժեհամակարգում, որտեղ մարդու կյանքն արժևորվում է ավելի շատ ազատության և իրավունքների, քան որևէ քաղաքական գաղափարախոսության տեսանկյունից:

Հետաքրքիր պատկեր գրանցվեց ըստ տարիքային խմբերի պատասխաններն ուսումնասիրելիս.

- Տարիքային բոլոր խմբերում ամենատարածված պատասխանը եղել է "ոչ"-ը:

- Այդպես են պատասխանել 18-29 տարեկանների 84.2%-ը, 30-44 տարեկանների 74.0%-ը, 45-60 տարեկանների 58.1%-ը և 61 ու բարձր տարիքի պատասխանողների 65.2%:

Այլ կերպ ասած, տարիքային բոլոր խմբերում մահապատժի մերժումը ձևակերպված է որպես հստակ դիրքորոշում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

18:32 Մայիս 11, 2015

Ամենաընթերցված նյութեր