Իրենց մշակույթով, հայերը ո՛չ կովկասցի են, ո՛չ ասիացի, ո՛չ էլ եվրոպացի, այլ հենց հայ են

Ազգային ինքնությունը սոցիալական ամենաբարդ երևույթներից մեկն է: Ամեն մարդ ունի սոցիալական բազմակի՝ "շերտավորված" ինքնություն՝ ազգի ներկայացուցիչ, պետության քաղաքացի, ընտանիքի, տոհմի անդամ, տարիքային, սեռային, մասնագիտական, լեզվական կամ կրոնական խմբի ներկայացուցիչ և այլն:

Էլ ավելի բարդ է տարածաշրջանային ինքնությունը՝ անձի ինքնանույնացումը կոնկրետ տարածաշրջանի և այն բնակեցնող ժողովուրդների հետ:

Ինքնանույնացումը խիստ սուբյեկտիվ է. օրինակ, իրականում կարող են լինել այլ ժողովուրդների հետ բազմաթիվ ընդհանրություններ, բայց մենք չունենանք նրանց հետ ընդհանրության՝ "մենքի" զգացում, հետևաբար, չի կարող լինել նաև մեզ այդ ժողովուրդների հետ միավորող ընդհանուր ինքնություն:

ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները որոշեցին պարզել՝ բացի զուտ ազգայինից, ունե՞ն արդյոք հայերն ընդհանուր ինքնություն՝ "մենքի" զգացում այլ ժողովուրդների հետ: Հաճախ ենք լսել, թե հայերն իրենց մշակույթով կովկասցի կամ եվրոպացի են, իսկ նիստուկացով՝ ասիացի: Իսկ իրականում որքանո՞վ է ժողովուրդն ինքն իրեն նույնացնում կովկասցու կամ եվրոպացու կերպարի հետ: Նախ, պարզենք 1-ին հարցը՝ մշակութային ինքնանույնացումը:

Ինչպես տեսնում ենք, մեր համաքաղաքացիների բացարձակ մեծամասնությունն ունի բացառապես ազգային ինքնանույնացում, և եթե անգամ կան մշակութային ընդհանրություններ կովկասցու, ասիացու կամ եվրոպացու կերպարի հետ, միևնույն է, նրանք իրենց բացառապես հայ են համարում: 2-րդ տեղում՝ ընդամենը 18%-ով, իրենց միաժամանակ հայ և կովկասցի համարողներն են, 3-ում՝ իրենց հայ և ասիացի համարողները, իսկ ամենափոքր տոկոսը կազմում են իրենք իրենց միաժամանակ հայ և եվրոպացի համարողներն են:

Ուշագրավ է ոչ միայն այս ընդհանրական պատկերը, այլ նաև այն, որ սրանք երևանյա՛ն հարցման արդյունքներն են, մինչդեռ խոշոր քաղաքները, որպես կանոն, շատ ավելի "միջազգայնացված" են, քան մարզերը կամ, առավել ևս, հեռավոր շրջանները, որտեղ բնակչությունը շատ ավելի պահպանողական է ու արտասահմանցու "երես" քիչ է տեսել: Այսինքն, անգամ երևանյան մասշտաբով, մերոնք ինքնանույնացնում են առավելապես հայի մշակութային կերպարի հետ:

Մյուս ուշագրավ հանգամանքը հենց տարածաշրջանային ինքնանույնացման աստիճանակարգությունն է: Փաստորեն, մերոնց մի մասն ավելի շատ ընդհանրություններ է տեսնում կովկասցու, քան ասիացու և, առավելևս, այդքան տարփողված եվրոպացու կերպարի հետ:

Սակայն այստեղ մասնագիտական որոշակի կասկած է առաջանում. դժվար կլինի Հայաստանում գտնել գոնե մի քանի տասնյակ մարդ, ովքեր շատ լավ կիմանան՝ ինչ է "մշակութային" Կովկասը: Մեր իմացությունը դրա մասին հիմնված է գերազանցապես Վրաստանի, վրացիների և վրացական խոհանոցի, երգ-երաժշտության մասին պատկերացումների վրա, մինչդեռ Կովկասում ապրում են 5 լեզվական խմբերի մոտ 30 լեզուներով խոսող, ամենատարբեր կրոնական և դավանաբանական խմբերին պատկանող շուրջ 60 էթնիկական խմբեր: Ենթադրելի է, որ իրենց միաժամանակ հայ և կովկասցի համարողների մեծ մասը դժվար թե ծանոթ լինի այդ խմբերի գոնե կեսի մշակույթին, մանավանդ որ դրանց մեծ մասի անուններն անգամ չգիտենք և երբևէ շփում չենք ունեցել: Բայց սա ուսումնասիրության մեկ այլ խնդիր է:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

21:28 Ապրիլ 07, 2015

Ամենաընթերցված նյութեր