Ապրե՞լ ծնողների հետ, թե՞ ոչ. Նորապսակների "շեքսպիրյան" հարցը

Ամուսնության հանդեպ մարդկանց վերաբերմունքի բնորոշ գծերը հաճախ կախված են ժամանակի գործոնից: Մինչև ամուսնանալը շատերն անհամբեր սպասում են այդ բախտորոշ օրվան, իսկ ամուսնանալուց հետո՝ երանի տալիս նախաամուսնական կարգավիճակին: Ամուսնական կյանքից հիասթափությունը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, սակայն այս հարցում հայաստանյան իրականության մեջ ոչ պակաս դերակատարություն ունի նաև, օրինակ, հարս-սկեսուր "հավերժական" հակամարտության գործոնը: Կարծում ենք, որ վերջին երևույթը մեր օրերում կարող է բավականին սուր արտահայտվել, քանզի նոր սերունդը ձևավորվել է ազատական, ժամանակակից արժեքային "քամիների" շնորհիվ, իսկ նորապսկաների ծնողները համեմատաբար ավելի պահպանողական են: Նորապսակները ցանկանում են մի կենսակերպ, իսկ ավագները՝ փոքր-ինչ այլ, նորապսակները ցանկանում են ասենք առանձին ապրել, իսկ ծնողները դեմ են և այլն:

Այս խնդրի համատեքստում ԲԱՐՈՄԵՏՐՆ իրականացրել է հետազոտություն՝ նպատակ ունենալով պարզել, թե երևանցիները որքանո՞վ եք համամիտ այն կարծիքի հետ, որ նորապսակները պետք է ապրեն ծնողներից և այլ բարեկամներից առանձին: Հարցման
արդյունքները բաշվել են հետևյալ կերպ (տես գրաֆիկ). լիովին համամիտ եմ` 64.2%, հիմնականում համամիտ եմ` 19.4%, հիմնականում համամիտ չեմ` 4.8%, ընդհանրապես համամիտ չեմ` 11.6%:

Եթե ուշադրություն դարձնենք հարցի ձևակերպմանը, ապա կնկատենք, որ "լիովին համամիտ եմ" պատասխանը նշածները, այսինքն՝ հարցվածների 64.2%-ը, գտնում են, որ նորապսակներն իրենց ամուսնական կյանքը պետք է (ոչ թե նախընտրելի է կամ կարող է, այլ՝ պետք է) ապրեն առանձին, ոչ ծնողական հարկի տակ:

Ասել կուզենք, որ այս դեպքում կարծես գործ ունենք այնպիսի դիրքորոշում ունեցողների հետ, որոնց համար առնվազն նորապսակի կարգավիճակում ծնողների հետ ապրելն անընդունելի է: Եթե վաղը, օրինակ, նորապսակները ստիպված լինեն ապրել տղայի ծնողների հետ, ապա պարզ է, որ ընտանիքում լարված մթնոլորտի հավանականությունը մեծ կլինի, քանզի գտնվելու են իրենց պատկերացումներին չհամապատասխանող ամուսնական դրության մեջ: Հաշվի առնելով այն, որ "հիմնականում համամիտ եմ" և "հիմնականում համամիտ չեմ" պատասխանները ծայրահեղական չեն, "ենթադրում են փոխզիջումներ", ուստի դրանց հատուկ չենք անդրադառնա: Մինչդեռ, երբ խոսքը "ընդհանրապես համամիտ չեմ" պատասխանի մասին է, ապա պարզ է դառնում, որ կրկին գործ ունենք ծայրահեղության հետ:

Նկատենք միայն, որ հարցումը չի պատասխանում այն հարցին, թե ինչով է պատճառաբանվում հարցվածների նախընտրությունը, ինչու են նրանք նախընտրել այս կամ այն պատասխանը: Սակայն հնարավոր դրդապատճառների շարքում կարող են լինել ինչպես հարս-սկեսուր "դաժան սիրավեպից" խույս տալու, իրենց առօրյան ըստ ցանկացածի կազմակերպելու, արժեքային տարբերությունները կոնֆլիկտի չվերածելու, ընկերուհիների հետ "ազատորեն բամբասելու", "վերահսկված չլինելու" ցանկությամբ և այլն:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

22:00 Ապրիլ 03, 2015

Ամենաընթերցված նյութեր