Ամուսնության քավոր. "բրե՞նդ", թե՞ "սրբություն"

Շատերը կհաստատեն, որ ինչպես ամուսնական զույգի, այնպես էլ նոր ձևավորվող ընտանիքի քավորի ընտրությունն այնքան էլ հեշտ գործ չէ: Սա առավել ևս այն դեպքում, երբ ամուսնական զույգերը խնդիր ունեն ձևավորելու այնպիսի ընտանիք, որն ընդհանուր առմամբ նման կլինի ավանդական հայկական ընտանիքի մոդելին: Հասկանալի է, որ մերօրյա աշխարհում կյանքն արագ է փոփոխվում և բազմաթիվ ավանդույթներ կամա թե ակամա ենթարկվում են ժամանակի պահանջներին` արդիականանալով և, երբեմն էլ, դադարելով գոյություն ունենալ: Ասվածը բացառություն չէ նաև քավորի ինստիտուտի պարագայում, քանզի վերջինս մեզանում թեպետ շարունակում է իր "վստահ" գոյությունը, սակայն որոշակի փոփոխության է ենթարկվել կամ "արդիականացել": Բանն այն է, որ այսօր շատերի համար "ճիշտ" քավոր է համարվում հարց լուծող քավորը, սեփական սանիկներին "կանաչ ճանապարհ" հարթող քավորը, հարևան-բարեկամների կամ այլոց առջև սանիկներին "թիթիզանալու" հնարավորություն տվող քավորը և այլն: Անշուշտ, շատերը կարող են բազմաթիվ օրինակներով հաստատել ասվածը, սակայն խնդիրն այն է, թե այդ օրինակները որքանով են տիպական մեր հասարակությանը, այսինքն` քավոր ընտրելիս արդյոք նման շարժառիթներո՞վ են առաջնորդվում երիտասարդ զույգերը կամ նրանց խորհրդատու-ծնողները:

Վերգրյալ հարցի հետ կապված հետաքրքիր արդյունքներ են արձանագրված ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած սոցիոլոգիական հետազոտության մեջ: Համաձայն այդ հետազոտության` "պատկերացրեք, որ Ձեր երեխաները պետք է ամուսնության քավոր ընտրեն: Ո՞ր գործոններով կառաջարկեք առաջնորդվել" հարցին, հարցված երևանցիները տվել են այնպիսի պատասխաններ, որոնք թերևս վկայում են, որ մեզանում, բարեբախտաբար, գոնե այս մասով լուրջ խնդիրներ չկան, արժեքային կամ աշխարհայացքային դեգրադացիան ահագնացող տեմպեր չունի: Հարցված երևանցիների 43.4%-ը քավորի ընտրություն կատարելիս կարևորել են ընտանիքի հարազատ, մտերիմ մարդ լինելու գործոնը, 41.8%-ը` մարդկային դրական որակները (բարի, պարկեշտ, հասնող), 7.8%-ը` տոհմին ավանդական քավորության գործոնը և այլն (տե'ս գրաֆիկ):

Վերը ներկայացված գրաֆիկն ըստ էության վկայում է այն մասին, որ հարցված երևանցիների շուրջ 96,4%-ը քավորի ընտրության հարցում չի խրախուսում գռեհիկ օգտապաշտությունը (իհարկե այն դեպքում, եթե պատասխաններն անկեղծ էին), ինչն իրավամբ շատ լավ ցուցանիշ է: Սակայն մի բան է ամուսնության քավորի ընտրության շարժառիթը, այլ բան` հետամուսնական կյանքում քավոր-սանիկ հարբերությունների բնույթը, նրանց կողմից սեփական պարտականությունների պատշաճ կատարումը, քանզի ընտանեկան ամրությունը շատ առումներով կախված է նաև այդ պարտականությունների կատարումից:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

21:58 Փետրվար 19, 2015

Ամենաընթերցված նյութեր