Հայը պետք է ամուսնանա միայն հայի՞ հետ

Խառնամուսնությունների (տարբեր ազգերի միջև ամուսնությունների) հանդեպ վերաբերմունքն այսօր էլ աչքի է ընկնում ոչ միանշանակությամբ: Այսինքն`տարբեր ուսմունքներում, գաղափարախոսական համակարգերում խառնամուսնությունների վերաբերյալ կարելի է հանդիպել ինչպես "կողմ", այնպես էլ "դեմ" փաստարկների: Որոշներում խառնամուսնությունները կտրականապես արգելվում են (էնդոգամիա), որոշներում` խրախուսվում կամ թույլատրվում (էկզոգամիա): Իհարկե, խառնամուսնությունների հանդեպ մեծ հետաքրքրություն է եղել նաև նախկինում: Բազմաթիվ գաղտնաբանական ուսմունքներ "միստիֆիկացրել" են ազգի, ռասայի արյունը և արյան մաքրության պահպանմամբ փորձել են լուծել ազգային կամ ռասայական ինքնության պահպանման հարցը: Օրինակ` նացիստական Գերմանիայում արգելված էր սեմականների (հրեաների) հետ ամուսնությունը, քանզի վերջիններս դիտվում էին որպես մշակութակործան, մակաբույծ ռասա, իսկ արիական ռասայի երբեմնի հզորության վերականգնումը նաև տեսնում էին հրեական "կեղտոտ" արյունից ձերբազատվելու մեջ:
Հարկ է հավելել, որ խառնամուսնությունների դեմ արտահայտվողներն իրենց փաստարկները կառուցում են նաև այլ հիմքերով: Որոշ մարդկանց կարծիքով խառնամուսնությունների վտանգը ոչ այնքան արյան խառնակման կամ կենսաբանականի, որքան ընտանեկան կյանքում մշակութային տարբեր մոդելների բախման կամ սոցիալական գործոնի մեջ է: Այսինքն` եթե, օրինակ, հայն տղամարդն ամուսնանում է ռուս կնոջ հետ, ապա նոր սերունդը` երեխաները, կարող են հեշտությամբ ձուլվել, ռուսիֆիկացվել այն դեպքում, երբ ընտանիքում ուժեղ է կնոջ վարքագծային-մշակութային ազդեցությունը և, առավել ևս, երբ ընտանիքը գտնվում է ոչ հայկական միջավայրում: Եվ պատահական չէ, որ, օրինակ, պահպանողական կամ ավանդապաշտ հայ ծնողները կարող են հրահրել անգամ "3-րդ համաշխարհային պատերազմը"` միայն թե իրենց տղան "ռուս թիթեռնիկի կամ ագռավի" հետ չամուսնանա և այլն:
Բավականին ուշագրավ է ԲԱՐՈՄԵՏՐԻ` այս խնդրի հետ կապված հետազոտությունը, որը նպատակ ուներ պարզել, թե ինչպե՞ս են երևանցիները վերաբերվում խառնամուսնություններին (այլ ազգի ներկայացուցիչների հետ հայերի ամուսնություններին): Հարցման պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ (տե'ս գրաֆիկ). դրական` 24.5%, ավելի շուտ դրական` 27.7%, ավելի շուտ բացասական` 6.8%, բացասական` 34.2%, ինձ համար միևնույնն է` 6,8%:

Եթե հաշվի առնենք այն, որ "ինձ համար միևնույնն է" պատասխանը տվողները սկզբունքորեն դեմ չեն խառնամուսնություններին, ապա ստացվում է, որ այդ երևույթի կողմնակից կամ դրա հանդեպ չեզոք երևանցիները կազմում են հարցվածների շուրջ 59%, իսկ 41%-ը ներկայացնում են բացասական վերաբերմունք ունեցողների բանակը: Ճիշտ է` հարցումից պարզ չի դառնում, թե երևանցիներն ինչ հիմքերով են կողմ կամ դեմ խառնամուսնություններին, սակայն իրողությունն այն է, որ մեզանում այդ երևույթն ունի շատ կողմնակիցներ: Իրողություն, որն ունի ինչպես դրական, այնպես էլ խիստ բացասական նշանակություն, քանզի մի կողմից կարող է նպաստել տարաբնույթ հիվանդությունների "կանխարգելմանը" (ազգագրության մեջ խառմանուսնությունների բացարձակ արգելքը համարվում է կործանարար ազգի համար), իսկ մյուս կողմից (խիստ տարածման դեպքում), ազգային  դիմագծի աղճատմանը, էթնիկ ձուլմանը, ազգային ինքնության կորստին: 

 

ԲԱՐՈՄԵՏՐ

22:00 Փետրվար 18, 2015

Ամենաընթերցված նյութեր