Ամուսնական զույգի ընտրության երևանյան առանձնահատկությունները

Կյանքում կատարվող ընտրությունների շարքում թերևս ամենաճակատագրականներից է ամուսնական զույգի ընտրությունը: Ճակատագրական, քանզի նաև դրանից է կախված անհատի առօրյա կյանքի որպիսությունը, երջանիկ կամ ապերջանիկ լինելը, աշխատանքային արդյունավետությունը, ընտանիքի ամրությունը, երեխաների ոչ սթրեսային կյանքը և այլն: Իրենց կյանքի որոշակի փուլում գրեթե բոլոր մարդիկ կանգնում են ընտանիք կազմելու և, ըստ այդմ, ամուսնական զույգ ընտրելու ճակատագրական անհրաժեշտության առջև: Շատերն ամուսնանում են հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, իսկ խիստ «առաջադեմները»` համասեռակիցների: Սակայն, անկախ նրանից, թե ինչ սեռի ներկայացուցչի հետ են ամուսնանում` զույգի ընտրությունը կատարում են որոշակի չափանիշների հիման վրա: Ոմանց համար կարևոր են ընտրյալի "ունեցվածքը", Էյնշտեյնի  "նախանձը" բորբոքող ինտելեկտուալ որակները, կրոնական պատկանելությունը, ոմանց համար էլ` իրենց կողքին հայկական կամ արտասահմանյան "Բրեդ Փիթ" կամ "Քիմ Քարդաշյան" ունենալը և այլն:

Այս առումով ուշագրավ են ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս, թե երևանցիներն ամուսնական զույգ ընտրելիս որ գործոններն են առավել կարևորում: Պարզվում է, որ հարցված երևանցիների 28.8%-ն այդպիսի գործոն է համարել ընտրյալի մտավոր կարողությունները, խելքը, 15.3%-ը` արտաքին տեսքը, 13.8%-ը` կրթությունը, 18.7%-ը` ընտրյալինսիրելը, սիրահարվածլինելը: 

Անշուշտ լավ է, որ երևանցիները կարևորում են զույգի մտավոր կարողությունները, սակայն խնդիրն այն է, որ ընտանեկան կյանքը զուտ մտավոր աշխատանք չէ և սոսկ ինտելեկտը չի կարող ամուսնական երջանկության գրավական լինել: Բացի այդ էլ չմոռանանք, որ յուրաքանչյուրը դիմացինի մտավոր կարողությունների մասին դատում է ըստ իր մտավոր կարողությունների, իսկ սա նշանակում է, որ ամուսնությունն առավելապես կարող է "ապահովել" զույգերի "մտային ինքնաբավարարումը": Ընտրայլի արտաքին տեսքի կարևորումը վկայում է երևանցիների որոշակի անկեղծության մասին, քանզի խիստ քչերը, օրինակ` "աներոջ"  կամ "սկեսրայրի" ֆինանսական պոտենցիալով գայթակղվածները, կարող են իրենց մեջ սպանել ներքին "գեղագետին" և ամուսնանալ իրենց գեղագիտական ճաշակը "բռնության" ենթարկող և "կապկի" հետ մրցակության մեջ մտածի տեսք ունեցող ընտրյալի հետ: Ճիշտ է` գեղեցկության ընկալումները տարբեր են, սակայն այդ տարբերությունները չպետք է բացառեն գեղեցկության կարևորումը, դիմացինի ֆիզիկակապես հաճելի լինելը: Իսկ ընտրայլի կրթական մակարդակի կարևորումը, կարծում ենք, կարող է վկայել տարբեր բաների  մասին. 1/ այլոց զարմացնելու կամ բերանները փակելու ցանկության (կինս կամ ամուսինս դիպլոմ ունի տարբերակով), 2/ երեխաների կրթության ու դաստիարակության գործն արդյունավետ կազմակերպելու  ցանկության և այլն: Ինչ վերաբերում է սիրո կարևորմանը, ապա այն ևս պետք է գովելի փաստ համարել, սակայն որոշակի վերապահումներով: Բանն այն է, որ մարդիկ սերը հաճախ շփոթում են "հորմոնալ տեղաշարժերի կամ ակտիվության հետ", որն ամուսնական կյանքում կարգավորվելով կամ պարպելով` առաջ է բերում "սիրո" մահ և, ըստ այդմ էլ, ամուսնական հարաբերությունների հնարավոր վատթարացում: Այսինքն` սիրում են ոչ թե դիմացինին, այլ այն կերպարը, որը "բնազդաբար" վերագրում են դիմացինին:

Չբացառելով հարցված երևանցիների կողմից նշած գործոնների կարևորումը ամուսնական զույգ ընտրելու և ամուսնական կյանքը կազմակերպելու գործում` այնուամենայնիվ արձանագրենք մի տխուր փաստ. պատասխանները վկայում էին  այն մասին, որ երևանցիների համար ընտրյալի արժեքային համակարգը գրեթե կամ ընդհանրապես կարևորություն չուներ, քանզի ամուսնական զույգ ընտրելու հիմքում դրվում էին առավելապես գրաֆիկ 1-ով նշված գործոնները: Իսկ դա մտահոգիչ է, քանզի կարելի է ամուսնանալ խելացի սրիկայի կամ դավաճանի հետ, սիրել սեփական կյանքը դժոխքի վերածելու կարողություն ունեցող "նախաամուսնական հրեշտակին", խաբնվել ընտրայլի "անհոգի" մարմնին և "ունայն գերազանցներ" պարունակող դիպլոմին:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

11:56 Փետրվար 17, 2015

Ամենաընթերցված նյութեր