Ամուսնական դավաճանություն. ներե՞լ, թե՞ ոչ

Ժամանակին մի երիտասարդ իմաստուններից մեկին հարցնում է, թե ինչ խորհուրդ կտա՝ ամուսնանալ թե՞ չամուսնանալ: Իմաստունը պատասխանում է, թե ինչ ուզում ես արա, այնուամենայնիվ վերջում փոշմանելու ես: Ամուսնության հայտ ներկայացնողների համար այս պատասխանը գուցեև անընդունելի լինի (դե մարդիկ իրար չակերտներով կամ առանց չակերտների սիրում են, մեկի մյուսի համար տիեզերքի կենտրոնն է, միակն ու անկրկնելին և այլն ), սակայն իրողությունն այն է, որ հետամուսնական կյանքում փոշմանելու երևույթը մեր իրականության մեջ իր ուրույն տեղն ունի: Պատահական չէ, որ ՀՀ-ում հաճախ են խոսում ամուսնալուծությունների աճի, անառողջ ամուսնական հարաբերությունների, ամուսնական դավաճանությունների մասին և այլն: Երևույթներ, որոնք ոչ միայն "գերեզմանաքարն" են ավանդական հայկական ընտանիքի, այլև խոսուն վկայությունն են մեզանում առկա հոգևոր քաղցի, կենդանական բնազդների հաղթարշավի և այլն: Ամուսնական զույգերի մոտ դավաճանություն կարող է տեղի ունենալ տարբեր պատճառներով. ոմանք նախըտնրում են ապրել "որձի" կամ "էգ"-ի, այլ ոչ "արական" կամ "իգական" սեռի հոգեբանությամբ, ոմանք դավաճանում են դավաճանողին պատժելու համար, ոմանք՝ լավ կյանքի համար պատրաստ են մոռանալ իրենց ամուսնական պարտականությունները՝ դառնալով մեկ ուրիշի "ոսկե ցլիկը" կամ, ասենք, "սիամական փիսիկը", ոմանք էլ դավաճանում են, որովհետև իրենց մոտ ինքնահաստատման միայն այդ տարբերակն է լավ ստացվում և այլն: Անշուշտ, թվարկվածներով չի սահմանափակվում ամուսնական դավաճանությունների պատճառների "օվկիանոսը", սակայն նշվածներն էլ բավական են հասկանալու համար, որ ամեն մի դավաճանության ետևում ընկած է դավաճանությունը լեգիտիմացնողի կերպարը: Այսինքն՝ ամուսնու կամ կնոջ հնարավոր դավաճանությունը մեծիմասամբ կախված է այն բանից, թե նրանք առհասարակ ինչ վերաբերմունք ունենք ամուսնական դավաճանություն երևույթի հանդեպ: Այս համատեքստում ԲԱՐՈՄԵՏՐՆ իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն, որի նպատակն էր պարզել, թե երևանցիներն "Ամուսնական կյանքում ո՞ր սեռի դավաճանությունը կարող են համարել ներման ենթակա": Հասկանալի է, որ հարցին դրական պատասխան տվածները (անկախ նրանից, թե որ սեռի պարագայում են դա ընդունելի համարում) որոշակիորեն լեգիտիմացնում են ամուսնական դավաճանությունը և հետո են միայն այն տեղայնացնում այս կամ այն սեռի վրա: Բանն այն է, որ եթե որևէ արարք պատրաստ ենք ներել, ապա դա նշանակում է, որ այդ արարքն «արդարացնում» ենք այնքանով, որքանով որ այն մեզ համար ներելի է:

Այսպիսով, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ երևանցիների շուրջ 33,4%-ը արական սեռի ամուսնական դավաճանությունը կարող է համարել ներման ենթակա, մինչդեռ 62,3%-ը երկու սեռերին էլ կատեգորիկ կերպով զրկում է արտամուսնական "դրախտում" հայտնվելու իրավունքից: Հաշվի առնելով այն, որ հարցվածների չնչին՝ միայն 4,2%-ն է արտահայտվել երկու սեռերին էլ ներելու օգտին՝ պարզ է դառնում, որ մեր իրականության մեջ ամուսնացած կինն իրեն պետք է առավել պարտավորված զգա իր պարտականությունների կատարման հարցում, մինչդեռ ամուսնու դավաճանությունը կարող է ավելի հեշտ "մարսվել" (Գրաֆիկ ):

 

Չնայած տոկոսային այս տարբերություններին, այնուամենայնիվ պետք է փաստել, որ ամուսնական հավատարմությունը (եթե, իհարկե, զույգերն իրենց աշխարհայցքի մակարդակում ի սկզբանե դրան կարևորություն են տալիս, եկեղեցու պատերի ներքո կամ էլ դրանից դուրս միմյանց նման խոստում են տվել) յուրաքանչյուր սեռի համար արտաքին գայթակղությանը և ներքին դատարկությանը դիմակայելու փորձություն է, որը պատվով չանցնելու դեպքում հեշտությամբ կարող ենք "պատվազրկվել" կյանքի այլ բնագավառներում ևս: Կնոջը կամ ամուսնուն չդավաճանելու խոստում տված դավաճանները վաղը հեշտությամբ կարող են հրաժարվել այլ արժեքներից ու պարտավորություններից: Եվ չպետք է մոռանալ, որ ընտանիքը խորացող էություն է, այլ ոչ՝ ընդլայնվող մակերես, այն պարտականությամբ ինքնահաստատվելու ասպարեզ է, այլ ոչ ինքնահաստատման գործիք:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

18:56 Փետրվար 09, 2015

Ամենաընթերցված նյութեր