Արտասահմանյան շրջագայությունների հայկական առանձնահատկությունները

Նախորդ ակնարկում պարզեցինք, որ հայաստանցիները հետխորհրդային ողջ տարածքի ժողովուրդներից ամենազարգացած սոցիալական կայուն շփումների ցանցն ունեն թե՛ նախկին ԽՍՀՄ, թե՛ եվրոպական և թե՛ այլ երկրների հետ: Հետաքրքիր կլինի նաև պարզել` այդ հանգամանքը որևէ կերպ նպաստու՞մ է մեր արտասահմանյան այցելությունների վրա, այն է` հաճախակի՞ ենք մենք արտասահմանյան երկրներ այցելում: Ինչպես ցույց են տալիս "Ինտեգրմանբարոմետրի" 2014թ. տվյալները (էջեր 37-40), չնայած սոցիալական կայուն շփումների բավական զարգացած ցանցի առկայությանը, հայաստանցիներն առանձնապես աչքի չեն ընկնում արտասահմանյան այցելությունների թվով: Մասնավորապես,

  • վերջին հինգ տարիների ընթացքում հայաստանցիների միայն 40%-ն է այցելել նախկին ԽՍՀՄ երկրներ: Այդ ցուցանիշով մենք 5-րդ տեղում ենք հետխորհրդային երկրների շարքում: Ըստ որում, այդ երկրներից ամենաշատը հայաստանցիներն այցելել են ՌԴ (30%), Վրաստան (12%) և Ուկրաինա (2%): Հետխորհրդային տարածք այցելությունների թվով առաջին տեղում Տաջիկստանի (60%), իսկ վերջինում` Վրաստանի (10%) բնակիչներն են:
  • եվրոպական երկրներ այցելությունների թվով ևս հայաստանցիները 5-րդ տեղում են (5%)` զիջելով Մոլդովայի (23%), Բելառուսի (13%), Ուկրաինայի (9%) և Ռուսաստանի (6%) բնակիչներին: Իսկ ամենաքիչ այցելություններ եվրոպական երկրներ ունեցել են Ուզբեկստանի (1%) բնակիչները:
  • հայաստանցիները նույնքան քիչ (5%) այցելում են նաև այլ երկրներ` այդ ցուցանիշով զբաղեցնելով վերջին տեղերը հետխորհրդային երկրների շարքում: Այլ երկրներ (գերազանցապես` Թուրքիա) այցելությունների թվով առաջին տեղում Ադրբեջանն է (20%):
  • Վրաստանի (77%), Ուզբեկստանի (76%) և Ուկրաինայի (70%) բնակիչներն էլ կազմում են առաջատար եռյակը արտասահմանյան երկրներ այցելություններ չունեցողների ցուցանիշով: Հայաստանի այդ ցուցանիշը կազմում է 56%:

Ստացվում է` շփումների զարգացած ցանց ունենալը բոլորովին էլ չի նպաստում հայաստանցիների արտասահմանյան այցելություններին. բոլոր ուղղություններով մենք ունենք միջին կամ դրանից էլ ցածր ցուցանիշներ: Համեմատելով սոցիալական կայուն շփումների և արասահմանյան այցելությունների տվյալները` նկատում ենք, որ Տաջիկստանն առանձնանում է ինչպես հետխորհրդային երկրների (հիմնականում` ՌԴ-ի) հետ ունեցած կայուն շփումներով, այնպես էլ` այդ երկրներ այցելություններով: Նույնը պետք է ասել նաև մոլդովացիների մասին` եվրոպական երկրների հետ ունեցած շփումներով և այդ երկրներ այցելություններով:

Եվ եթե հայաստանցիներն առաջին տեղում են այլ երկրների (հիմնականում` ԱՄՆ-ի) հետ կայուն շփումներով, ապա այլ երկրներ այցելությունների ցուցանիշով առաջին տեղում ադրբեջանցիներն են, որոնք ակտիվ կապեր պահպանում են հիմնականում Թուրքիայի հետ և հենց այդ երկիր էլ հաճախակի այցելում են: Հայաստանցիների միայն շատ փոքր մասը կայուն շփումներ չունի արտասահմանի հետ, բայց նրանց կեսից ավելին վերջին տարիներին չի այցելել արտասահման: Արտասահմանյան երկրներից ամենաշատ սոցիալական կապեր հայաստանցիներն ունեն ՌԴ-ի հետ և հենց այդ երկիր էլ ավելի հաճախ այցելում են: Հետաքրքրական է նաև, որ վրացիները, բավական զարգացած սոցիալական կապեր ունենալով եվրոպական երկրների հետ` այդուհանդերձ, շատ քիչ են այցելում այդ երկրներ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

17:01 Փետրվար 04, 2015

Ամենաընթերցված նյութեր