Հայկական սոցիալական շփումների առանձնահատկությունները

Հայտնի է, որ հայերն ամենամեծ սփյուռք ունեցող ազգերից են: Եվ եթե չինացիները (35 մլն.), հնդիկները (25 մլն.), ռուսները (25 մլն.) կամ ուկրաինացիները (12 մլն.) համարվում են ամենաբազմամարդ սփյուռք ունեցողները, ապա դժվար թե որևէ մեկը "գերազանցի" մեզ աշխարհով մեկ իր ներկայացուցիչների սփռվածությամբ կամ սփյուռքաբնակների` հայրենիքում բնակվողների նկատմամբ տոկոսային գերազանցությամբ: Անշուշտ, մեծաթիվ սփյուռք ունենալը բոլորովին էլ հպարտանալու բան չէ: Ավելին, մենք առանձնանում ենք նաև արտասահմանում ժամանակավորապես գտնվող (հիմնականում աշխատանքային միգրանտների) հայրենակիցների թվով: Այս ամենը հայերին դարձնում է ներազգային սոցիալական շփումների առումով ամենացանցավորվածը հետխորհրդային ողջ տարածքում:

"Ինտեգրմանբարոմետրի" 2014թ. հետազոտությունը (էջեր 33-37) հետաքրքիր տվյալներ է տալիս հետխորհրդային երկրների բնակիչների` արտաքին աշխարհի հետ սոցիալական շփումների վերաբերյալ: Այսպես, պարզվում է, որ

  • Նախկին ԽՍՀՄ տարածքի հետ սոցիալական կայուն շփումներ ունեցողների շարքում Հայաստանը երկրոդն է (82%)` զիջելով միայն Տաջիկստանին (88%), մինչդեռ ամենաքիչ կապերն այս տարածքի հետ ունեն ադրբեջանցիները (41%): Այս տարածքի բնակիչներն ամենաշատ սոցիալական կապերն ունեն Ռուսաստանի հետ, իսկ ամենազարգացած կապերն այդ երկրի հետ ունեն հայաստանցիները (80%), ամենաքիչը` ադրբեջանցիները (25%):
  • Եվրոպայի հետ սոցիալական կապեր ունեցողների մեջ Հայաստանն զբաղեցնում է երրորդ հորիզոնականը (25%)` զիջելով մոլդովացիներին (48%) և վրացիներին (34%): Այս տարածքի հետ ամենաքիչ կապերն ունեն Ուզբեկստանի (2%), Ադրբեջանի (4%) և Ղրղզստանի (6%) բնակիչները:
  • Այլ երկրների հետ սոցիալական շփումների առումով Հայաստանն առաջին տեղում է (24%), մեզ հաջորդում են վրացիները (23%) և ադրբեջանցիները (18%):
  • Որևէ երկրի հետ կայուն շփումների բացակայության ցուցանիշով առաջին տեղում ադրբեջանցիներն են (48%), իսկ հայաստանցիներն զբաղեցնում են նախավերջին տեղը (10%):

Հայաստանցիներն ունեն սոցիալական շփումների ամենազարգացած ցանցը

Փաստորեն, հայաստանցիները միակն են հետխորհրդային տարածքում, որ առաջատար տեղ են զբաղեցնում միաժամանակ թե՛ նախկին ԽՍՀՄ, թե՛ եվրոպական, թե՛ այլ երկրների հետ սոցիալական կայուն կապերի առումով: Հատկանշական է, որ հետխորհրդային տարածքում մեր համաքաղաքացիներն առավել զարգացած կապեր ունեն Ռուսաստանի (80%), եվրոպական տարածքում` Ֆրանսիայի (13%) և Գերմանիայի (10%), իսկ այլ երկրներից` ԱՄՆ-ի (22%) հետ:

Գրաֆիկից երևում է նաև, որ տարածաշրջանային կտրվածքով, մենք գրեթե կրկնակի գերազանցում ենք մեր հարևաններին հետխորհրդային տարածքի, մոտ 10%-ով զիջում Վրաստանին եվրոպական տարածքի, առաջին տեղն զբաղեցնում այլ երկրների հետ սոցիալական կայուն կապերի ցուցանիշներով: Հատկանշական է նաև, որ Ադրբեջանն առաջին տեղում է սոցիալական շփումների "ինքնաբավության" ցուցանիշով. այդ երկրի բնակչության գրեթե կեսն արտասահմանի հետ չունի սոցիալական մշտական շփումներ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

18:14 Փետրվար 03, 2015

Ամենաընթերցված նյութեր