Ո՞ր երկրներն են կրթություն ստանալու համար առավել ցանկալի հայաստանցիների համար

Որևէ երկրի "փափուկ ուժի"` սոցիոմշակութային գրավչության գլխավոր ցուցանիշներից մեկը նրա կրթական համակարգի գրավչությունն է այլ երկրների համար: Հենց այդ համակարգն է ոչ միայն մասնագիտական գիտելիքների և հմտությունների փոխանցման, այլ նաև սեփական սոցիոմշակութային արժեքների "արտահանման" հիմնական միջոցը: Իսկ ո՞ր երկրների կրթական համակարգերն են նախընտրում հետխորհրդային երկրները: "Ինտեգրմանբարոմետրի" 2014թ. տվյալները (էջեր 30-33) վկայում են, որ, ընդհանուր առմամբ, եվրոպական կրթական տարածությունն առավել նախընտրելի է, քան հետխորհրդային կամ որևէ այլ կրթական համակարգ: Սակայն հետխորհրդային ոչ բոլոր երկրներում են նախապատվությունները համընկնում: Այսպես,

  • Հետխորհրդային կրթական տարածքն առավել նախապատվելի է միայն Տաջիկստանի բնակչության բացարձակ (57%) և Թուրքմենստանի, Ուզբեկստանի բնակչության հարաբերական մեծամասնության (համապատասխանաբար, 44% և 37%) համար: Ինչպես սոցիոմշակութային մյուս բաղադրիչների դեպքում, կրթության ոլորտում ևս «ձգողության կենտրոնը» Ռուսաստանն է:
  • Եվրոպական կրթական տարածքն առավել նախապատվելի է միայն Վրաստանի բնակչության բացարձակ մեծամասնության (59%), Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի և Ռուսաստանի բնակչության հարաբերական մեծամասնության (համապատասխանաբար, 34%, 32%, 29%, 42% և 46%) համար:
  • Նախորդների համեմատությամբ, այլ երկրների կրթական տարածքը համեմատաբար առավել հրապուրիչ է Ադրբեջանի (44%), Ղրղզստանի (39%) և Ղազախստանի (29%) բնակչության հարաբերական մեծամասնության համար:

Ինչպես տեսնում ենք Գրաֆիկում (թույլատրվում է մի քանի պատասխան), ինչպես սոցիոմշակութային մյուս բաղադրիչների դեպքում, կրթության ոլորտում ևս Հայաստանի բնակչության հարաբերական մեծամասնությունն ունի որոշակի "ինքնաբավություն", սակայն այս անգամ այդ ցուցանիշին "կրկնկակոխ" հետևում է եվրոպական կրթական տարածքը նախընտրողների ցուցանիշը, իսկ հետխորհրդայինը (հիմնականում` ռուսական` 13%-ով)նախընտրում է մեր բնակչության նշանակալի փոքր մասը: Հատկանշական է նաև, որ եթե Ադրբեջանի բնակչության հարաբերական մեծամասնությունը նախընտրում է այլ (թուրքական), ապա Վրաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը` եվրոպական կրթական տարածքները:Այս ամենը վկայում է, որ հետխորդային կրթական տարածքը դրան մաս կազմող երկրների համար չունի միանշանակ առավելություն այլ տարածքների նկատմամբ: Ավելին, տարածաշրջանային մասշտաբով կարելի նկատել անգամ նախապատվությունների էական տարբերություններ, ինչպիսին ունեն մեր տարածաշրջանի երկրները:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

10:07 Փետրվար 02, 2015

Ամենաընթերցված նյութեր