Հայերը և հետխորհրդային "սիրային բազմանկյունը". պատմություն, մշակույթ և աշխարհագրություն

ԽՍՀՄ փլուզումը նշանավորեց ոչ միայն "սառը պատերազմի" և երկբևեռ աշխարհակարգի, այլ նաև ժամանակի ամենախոշոր էթնոսոցիալական ծրագրերից մեկի` ԽՍՀՄ կազմի մեջ մտնող բոլոր ժողովուրդներից մեկ-միասնական, սոցիալիստական միանման բովանդակությամբ մշակույթ ունեցող սոցիալական նոր հանրույթ` "խորհրդայի՛նժողովուրդ", ինչպես նաև դրա ներկայացուցչի` ԽՍՀՄ քաղաքացու կամ "սովետական մարդու" (Homo Soveticus) ձևավորման ավարտը: Պահպանվե՞լ են արդյոք խորհրդային ժողովուրդների "հավասարության և եղբայրության" կարգախոսով իրականացվող այդ բազմամյա նախագծի հետևանքները: Այդ հարցի պատասխանն ստանալու համար ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտական թիմն ուսումնասիրեց "Ինտեգրման բարոմետրի" 2014թ. տվյալները ողջ ԱՊՀ տարածքում և Վրաստանում սոցիոմշակութային փոխկապակցությունների (էջեր 24-47) վերաբերյալ: Արդյունքներն անսպասելի էին անգամ մեր փորձագետների համար:

Հայերը և ուկրաինացիները սոցիոմշակութային նախապատվությունների տեսանկյունից ամենաինքնաբավն են հետխորհրդային ամբողջ տարածքում

Պարզվում է, որ

1. Ուսումնասիրված բոլոր երկրների բնակիչները գրեթե հավասարապես հետաքրքրված են թե՛ նախկին ԽՍՀՄ, թե՛ ԵՄ-ի և թե՛ այլ երկրներով:
2. Ա. նախկին ԽՍՀՄ երկրների պատմությամբ, մշակույթով և աշխարհագրությամբ ամենաշատը հետաքրքրված են միջինասիական երկրների, Մոլդովայի և Բելառուսի, Բ. ԵՄ-ի երկրներով` Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի, Գ. իսկ այլ երկրներով` Ուզբեկստանի, Բելառուսի, Վրաստանի, Ուկրաինայի բնակիչները:
3. Հետխորհրդային բոլոր երկրներից ամենահետաքրքիրը ՌԴ-ն է, իսկ երկրորդ տեղում Ուկրաինան է: ԱՊՀ-ի «ասիական» հատվածի առավել հետաքրքրական երկրներն են Ղազախստանը և Ուզբեկստանը: ՌԴ-ով բոլորից շատ հետաքրքրված են Թուրքմենստանի (38%) և Տաջիկստանի (36%), իսկ ամենաքիչը` Ադրբեջանի (7%) և Վրաստանի (13%) բնակիչները:
4. ՌԴ-ի բնակիչների համար առավել հետաքրքրական երկրներն են (ըստ աստիճանակարգության) Ուկրաինան (10%), Բելառուսը (9%) և ... Հայաստանը (ընդամենը 4%):
5. Անսպասելիորեն, Ուկրաինայի (47%) և Հայաստանի (44%) բանկիչներն ամենաքիչն են հետաքրքրված թվարկված երկրների պատմությամբ ու մշակույթով, ինչը խոսում է նրանց հարաբերական "ինքնաբավության" մասին:
6. Ինչպես բոլոր մյուսների, այնպես էլ հայաստանցիների համար հետխորհրդային տարածքի երկրներից իր պատմությամբ և մշակույթով ամենահետաքրքրականը ՌԴ-ն է (20%): Նրան հաջորդում են Ուկրաինան և Վրաստանը (երկուսն էլ` ընդամենը 2%):

Ստացվում է` հետխորհրդային բոլոր երկրներում գրեթե հավասարաչափ հետաքրքրված են թե՛ նախկին ԽՍՀՄ, թե՛ ԵՄ-ի և թե՛ այլ երկրների պատմությամբ ու մշակույթով: Հետխորհրդային տարածության մեջ ձգողականության կենտրոնը Ռուսաստանն է: Սակայն ոչ մի երկրում նա չի վայելում հասարակության բացարձակ մեծամասնության մշակութային "նախապատվությունը": Ինչպես հիշում եք, Հայաստանում բնակչության մեծամասնությունը կողմնորոշված է դեպի Ռուսաստան և նրան համարում է Հայաստանի գլխավոր բարեկամը, և կարելի էր ակնկալել, որ ՌԴ-ի պատմությամբ ու մշակույթով ամենահետաքրքրվածներից մեկը ևս կլինեն հայաստանցիները: Սակայն, պարզվում է, մենք և ուկրաինացիներն այս հարցում դրսևորում ենք հարաբերական "ինքնաբավություն" հետխորհրդային ողջ տարածքում` բնակչության նշանակալի մասը հետաքրքրված չէ ո՛չ նախկին ԽՍՀՄ, ո՛չ ԵՄ և ո՛չ էլ այլ երկրների պատմությամբ ու մշակույթով:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

15:15 Հունվար 30, 2015

Ամենաընթերցված նյութեր