Որո՞նք են ամենապահանջված մասնագիտությունները Հայաստանում

Շատերը կհամաձայնեն, որ մասնագիտություն ընտրելն ու մասնագետ դառնալը երբեմն որոշակիություն են մտցնում մարդու ապագայի հարցում: Այդպես է հատկապես զարգացած երկրներում, որտեղ կրթական համակարգը սերտորեն կապված է աշխատաշուկայի հետ, ինչն էլ այս կամ այն մասնագիտության ընտրությունը դարձնում է առավել մոտիվացված և ցանկալի: Մարդիկ դառնում են ֆիզիկոս, քիմիկոս, սոցիոլոգ, իրավաբան և այլն՝ մի կողմից բավարարելով սեփական հետաքրքրությունները, իսկ մյուս կողմից՝ կերտելով հնարավորինս հուսալի ու բարեկեցիկ ապագայի հիմքերը: Հիմնականում այլ է պատկերը ՀՀ-ում, որտեղ մասնագիտության ընտրությունը միտված է ոչ միայն և գուցե թե ոչ այնքան սեփական հետաքրքրությունների բավարարմանն ու արդար/հուսալի ապագայի հիմքերի կերտմանը, որքան կյանքի որոշակի փուլով անցնելու ավանդույթի պահպանմանը ("կրթապաշտ" հայերս դպրոցից հետո բուհ ընդունվելը կարծես համարում ենք պատվի հարց, մի բան, որի միջով մարդն անպայման պետք է անցնի՝ անկախ բուհի որակից ու խոստացած ապագայից): Իհարկե չի կարելի ասել, թե Հայաստանում մարդիկ առհասարակ անտեսում են մասնագիտության բրենդային կամ առավել պահանջված լինելը, սակայն խնդիրն այն է, որ այդ պահանջվածությունը երբեմն հասկանում են յուրօրինակ ձևով: Ասվածն առավել պարզ կդառնա, եթե ուշադրություն դարձնենք ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներին: Հարցումը նպատակ ուներ պարզելու, թե երևանցիների կարծիքով որո՞նք են ՀՀ-ում առավել պահանջված մասնագիտությունները: Հարցման մասնակիցներն առանձնացրել են ՀՀ-ում առավել պահանջված մասնագիտությունների շուրջ երկու տասնյակ, սակայն դրանց շարքում առավել շատ "ձայն" են հավաքել սոսկ մի քանիսը: Ստորև ներկայացված գրաֆիկ 1-ում կարող եք ծանոթանալ այն մասնագիտություններին, որոնք կարողացել են հավաքել ընդհանուր ձայների առնվազն 5%-ը (նշենք, որ յուրաքանչյուր հարցվող իրավունք ուներ նշել առավել պահանջված 3 մասնագիտություն):

Այսպիսով, երևանցիների կարծիքով մերօրյա Հայաստանում ամենից պահանջված են բժշկի, ծրագրավորողի, տնտեսագետի, հաշվապահի, իրավաբանի և դերասանի/երգչի մասնագիտությունները: Հարկ է նկատել, որ "ամենից պահանջված մասնագիտություններ" ասելով երևանցիներն ըստ ամենայնի նկատի չեն ունեցել պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող մասնագիտությունները, քանզի թվարկվածներնամենից առաջ ազգաբնակչության շրջանում մեծ պահանջարկ վայելողներն են: Ուշագրավ է, որ եթե ծրագրավորողի, դերասանի/երգչի մասնագիտության հանդեպ պահանջարկը հասկանալի է և որոշակիորեն արդարացված, ապա փոքր-ինչ տարօրինակ է իրավաբանի, բժշկի մասնագիտությունների հանդեպ մեծ պահանջարկը: Տարօրինակ է այն պատճառով, որ այս մասնագիտությունների տեր մարդիկ (հիմնականում պետական սեկտորում աշխատող) դատապարտված են ապրել երևի թե սոսկ Տոգոյի, Անգոլայի կամ Բանգլադեշի բնակչության համար նախանձելի աշխատավարձով: Այսինքն՝ մեզանում պահանջված են այնպիսի մասնագիտություններ, որոնք չեն խոստանում բարձր աշխատավարձ, սակայն ճանապարհ են հարթում դեպի թղթադրամների "աշխարհ": Այս տեսանկյունից դժվար է հասկանալ մարդկանց (բացառություն են մասնագիտության նվիրյալներն ու ազնիվ մղումներ ունեցողները), ովքեր պատրաստ են տարիներ շարունակ տանջվելով սովորել՝ 100 կամ 150 հազար ՀՀ դրամ աշխատավարձով բժիշկ դառնալու համար և այլն: Հազիվ թե դա կարելի է դիտարկել որպես մասնագիտական մազոխիզմի դրսևորում, քանզիմեր երկրում ուրիշների "սխալներից/հանցագործություններից" կամ "վերքերից/հիվանդություններից" պատշաճ օգտվելը դարձել է սովորական երևույթ:

Ներկայացված գրաֆիկը վկայում է մեկ այլ տխուր իրողության մասին ևս: Բանն այն է, որ ՀՀ-ում առավել պահանջված մասնագիտությունների շարքում տեղ չունեն այնպիսիք, որոնցով ԽՍՀՄ օրոք փայլել ենք և որոնք այսօր էլ պետության աջակցության հրամայականի ներքո են (օրինակ՝ ֆիզիկոս, քիմիկոս): Տեղ չունեն նաև այնպիսիք, որոնք ունեն աշխարհայացքային նշանակություն և կարող են նպաստել նորմալ քաղաքացու նկարագիր ունեցող մարդու և հայի ձևավորմանը: Այսինքն՝ մեզանում պահանջարկ ունեցող մասնագիտությունները հիմնականում կոչված են բավարարելու մեր օգտապաշտական հակումները, լուծելու այսպահական խնդիրները: Հարց, որն իրականում պետք է վաղ թե ուշ հայտնվի պատկան կառույցների օրակարգում, քանի որ ՀՀ ամենաթանկ կապիտալը՝ մարդկային կապիտալը հավուր պատշաճի և պլանավորված չի օգտագործվում և զարգացվում:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:03 Նոյեմբեր 27, 2014

Ամենաընթերցված նյութեր