Ամեն 7-րդ երևանցին կո՞ղմ է աբորտին՝ հանուն պտղի սեռի

Կասկածից վեր է, որ հղիության արհեստական ընդհատման մարդիկ դիմում են տարբեր պատճառներով: Ոմանք դրան դիմում են իրենց "բարոյական" կերպարը պահպանելու, առանց այն էլ հոգսաշատ, ոչ բարեկեցիկ կյանքն առավել "չբարդացնելու", ոմանք էլ՝ պտղի սեռի որպիսության հանդեպ ունեցած վերաբերմունքի պատճառով և այլն: Հաշվի առնելով այն, որ վերջին տարիներին մեզանում շատ է խոսվում հղիության արհեստական ընդհատումների մասին՝ պայմանավորված պտղի սեռով, ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական թիմը խնդիր դրեց պարզելու, թե Երևանի բնակիչներն այդ երևույթի հանդեպ ինչ վերաբերմունք ունեն և արդյո՞ք պատկան մարմինների կողմից բարձրաձայնվող մտահոգություններն իրականում հիմնավոր կամ արժանահավատ են: Այս առումով իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները բավականին խոսուն են, որոնք հիմնականում արտահայտում են պտղի սեռով պայմանավորված աբորտների հանդեպ տարբեր սեռի և կրթական մակարդակի տեր մարդկանց վերաբերմունքը:
Այսպիսով, Երևանում իրականցված հարցմանը մասնակցածների 85.3%-ը բացասական է վերաբերվել հղիության արհեստական ընդհատմանը՝ պայմանավորված պտղի սեռով, իսկ 3.4%-ը` կողմ (տե՛ս գրաֆիկ): Հապճեպ ընդհանրացումներից խուսափելու համար նշենք, որ տոկոսային այսօրինակ պատկերը բնավ չի վկայում այն մասին, որ մտահոգվելու առիթ չկա, քանզի հարցվածների 11.3%-ն էլ հանդես է եկել սոսկ չեզոք վերաբերմունքի դիրքերից: Իսկ սա խոսում է այն մասին, որ այդ 11.3%-ն էլ սեռով պայմանավորված աբորտի պոտենցիալ կողմնակիցներ են, այսինքն՝ հարցված երևանաբնակների շուրջ 15%-ի պարագայում այն ունի որոշակի լեգիտիմություն:

Ստացվում է, որ առնվազն ամեն 7-րդը սկզբունքորեն կարող է դիտարկվել պտղի սեռով պայմանավորված աբորտի կողմնակից: Ցուցանիշ, որը որոշակիորեն վկայում է պատկան մարմինների կողմից բարձրաձայնվող և կարևորություն ունեցող մտահոգությունների մասին: Պտղի սեռով պայմանավորված աբորտների հանդեպ բացասական վերաբերվող արական սեռի ներկայացուցիչները կազմել են հարցվողների 80.5%-ը (կողմ և չեզոք արտահայտվածները միասին վերցված՝ շուրջ 19.5%), իսկ իգական սեռի դեպքում այդ ցուցանիշը 89.3% է (կողմ և չեզոք արտահայտվածները միասին վերցված՝ շուրջ 10.7%): Այսինքն՝ իգական սեռը փոքր-ինչ առավել հանդուրժող է պտղի սեռի հանդեպ, քան արականը: Դժվար է ստույգ նշել դրա պատճառը (մայրական բնազդ թե մեկ այլ բան), բայց պարզ է, որ պտղի սեռն առավել հուզում է արական սեռին:
ԲԱՐՈՄԵՏՐԻ հետազոտավերլուծական թիմի իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները նաև ցույց են տալիս, որ պտղի սեռով պայմանավորված աբորտների հանդեպ երևանցիների վերաբերմունքը թեպետ չնչին, բայց որոշակի կապ ունի իրենց կրթական մակարդակի հետ: Միջնակարգ (85.9%), միջին մասնագիտական (84.46%), թերի բարձրագույն/ուսանող (83.3%) և բարձրագույն կրթություն ունեցող (86.8%) հարցվածների խմբերից յուրաքանչյուրում պտղի սեռով պայմանավորված աբորտներին բացասական վերաբերվողները կազմել են ավելի քան 83%: Սակայն, երբ խոսքն այդ խմբերից յուրաքանչյուրում կողմ և չեզոք արտահայտվածների տոկոսային միագումարի մասին է, ապա առաջատարի դերը պատկանում է բարձրագույն կրթություն ունեցողներին: Բանն այն է, որ վերջիններիս 13,2%-ն է կողմ կամ չեզոք վերաբերմունք ունեցել քննարկվող երևույթի հանդեպ` փոքր-ինչ առաջ անցնելով մնացած կրթական խմբերի ներկայացուցիչներից: Բացառություն են կազմում միայն թերի միջնակարգ կրթություն ունեցողները, որոնցից չեզոք վերաբերմունք են արտահայտել 66.7%-ը:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

11:20 Նոյեմբեր 12, 2014

Ամենաընթերցված նյութեր