Ովքե՞ր են հայ-կովկասցիները, հայ-ասիացիներն ու հայ-եվրոպացիները

Նախորդիվ մենք պարզեցինք, որ մեր համաքաղաքացիների բացարձակ մեծամասնությունը՝ և՛ ըստ տարիքային խմբերի, և՛ ըստ սեռերի, բարձր մշակույթի և կենցաղի տեսանկյուններից ինքն իրենց բացառապես հայ է համարում: Բայց երևանցիների մոտ 40%-ն էլ իրեն միաժամանակ համարում է հայ և կովկասցի, ասիացի կամ եվրոպացի: ԲԱՐՈՄԵՏՐԻ փորձագետները որոշեցին պարզել՝ տարիքային և սեռային ո՛ր խմբերի ներկայացուցիչների մոտ կա երկակի՝ հայկական և կովկասյան/ասիական/եվրոպական ինքնություն:

Ինչու՞ է կարևոր և հետաքրքիր այս հարցը: Բանն այն է, որ անձի ինքնանույնացումը որևէ սոցիալական խմբի հետ ժամանակի ընթացքում կարող է փոփոխվել՝ ուժեղանալ, թուլանալ կամ վերանալ: Ուստի, հետաքրքիր է տարիքային և սեռային ո՛ր խմբերի մոտ կա համեմատաբար ավելի զարգացած երկակի ինքնություն, և կա՞ արդյոք փոփոխության ինչ-որ միտում:

"Մշակութային" և "կենցաղային" ինքնանույնացման տվյալների համադրությունից ստացված արդյունքները շա՛տ ուշագրավ են (տե՛ս Գրաֆիկը): Հենց սկզբից նշենք ամենակարևորը՝ տղամարդկանց մոտ երկակի ինքնությունը համեմատաբար ավելի զարգացած է, քան կանանց մոտ. Հայոց աշխարհի սիրասուն կանայք այս հարցում տղամարդկանցից ավելի պահպանողական են:

Ինչպես տեսնում ենք Գրաֆիկից, տարիքային բոլոր խմբերում գերակշռում է բացառապես հայկական ինքնությունը: Կովկասյան ինքնանույնացումը համեմատաբար առավել զարգացած է 18-29 տարեկանների, ասիականը՝ 30-44 տարեկանների, իսկ եվրոպականը՝ 45 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ:

Հաշվի առնելով սերունդների բնական հաջորդափոխությունը՝ կարելի է ենթադրել, որ, ինքնության ու ինքնանույնացման վրա ազդող գործոնների ու ներկայիս միտումների պահպանման դեպքում, մեր համաքաղաքացիների մեջ մոտ ապագայում ևս ավելի շատ կհանդիպենք բացառապես հայկական ինքնանույնացում ունեցողների, բայց, ի հաշիվ այսօրվա երիտասարդների, կավելանան նաև միաժամանակ հայկական և կովկասյան՝ երկակի ինքնություն ունեցողները, փոխարենը կնվազեն ասիական և եվրոպական ինքնության կրողները:

Իսկ ի՞նչ կլինի, եթե ինքնանույնացման վրա ազդող գործոններն ու միտումները փոփոխվեն: Ո՛վ գիտի …

 

ԲԱՐՈՄԵՏՐ

12:30 Ապրիլ 09, 2015

Ամենաընթերցված նյութեր