ԱԺ ընտրություններ 2017. Վարկանիշային քվեարկության առաջատարները (Երևան թիվ չորս ընտրական տարածք՝ առավել ընդդիմադիրը)

Անշուշտ, ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում էական դեր խաղաց ընտրակարգի վարկանիշային քվեարկության բաղադրիչը: Պարզ էր՝ այն քաղաքական ուժերը, ովքեր տարածքներում առաջադրել էին "ծանրքաշային" թեկնածուներ, մեծ հաշվով, նաև հաղթելու իրական հնարավորություններ կամ առավելագույն ընտրաքվե ստանալու շանսեր ունեին:

Սակայն այս նյութը վարկանիշային քվեարկության առանձնահատկությունների վերաբերյալ չէ: Տվյալ վերլուծական տեղեկանքն առավելապես առնչվում է տասներեք ընտրական տարածքներումՙ իննը քաղաքական ուժերի կողմից առաջադրված թեկնածուների ընտրապայքարի որոշ կարևոր հարցերին, նրանց մեկնարկային հնարավորությունների և ստացած ձայների համապատասխանությանը:

 

Աղյուսակ 1. Չորորդ ընտրական տարածք. Երևան. Քաղաքական ուժերի կողմից առաջադրված տարածքային թեկնածուների տասնյակը՝ ըստ հանաքած ձայների

 1. Բեգլարյան Հակոբ

25 970
2. Կարապողոսյան   Հարություն

20 306 
3. Փաշինյան Նիկոլ

11 763 
4. Ազիզյան Նապոլեոն

4 348 
5. Էնֆիաջյան Վահե

3 484
6. Մադաթյան Արայիկ

3 345 
7. Ասատրյան Վարդան

2 928 
8. Ավագյան Արսեն

2 923 
9. Այվազյան Ռաֆայել

2 499 
10. Գրիգորյան Վաչագան

 

2 309

 

Երևանի թիվ չորս ընտրական տարածքն ընդգրկում է Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները: Այստեղ քաղաքական ուժերը առաջադրվել էին 97 տարածքային թեկնածուներ: Այս տարածքում գործող պատգամավորներից առաջադրվել էին ԵԼՔ դաշինքից Նիկոլ Փաշինյանը, ՀԺԿ-Կոնգրեսից՝ Լևոն Զուրաբյանը, Ազատ Դեմոկրատներից՝ Հրանտ Բագրատյանը, Ծառուկյան դաշինքից՝ Վահե Էնֆիաջյանը: Հատկանշական է, որ ՀՀԿ-ի ներկայացրած ցանկում չկային ոչ գործող և ոչ էլ նախկին պատգամավորներ: Հենց սկզբից էլ պարզ էր, որ նրանց շարքում առավելագույն ձայներ հավաքելու մեծ հնարավորություններ ունեին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանը և Հարություն Կարապողոսյանը:

Բավականին հավասարազոր կազմ էր ներկայացրել Ծառուկյան դաշինքը: Հատկանշական է, որ թիվ չորսում 4-11-րդ տեղերը զբաղեցրեցին հենց այս քաղաքական ուժի ներկայացուցիչները: Ընտրամարաթոնը չորորդը հատած Նապոլեոն Ազիզյանի և տասներորդ տեղում հայտնված Վաչագան Գրիգորյանի միջև տարբերությունը ընդամենը 2 000 ընտրաքվե էր: Իսկ 11-րդը՝ ՀՀՇ վարչության նախագահ, Կենտրոն համայնքի նախկին ղեկավար Արարատ Զուրաբյանն էր, ով համարվում էր իր թիմում հաղթողի հիմնական հավակնորդներից մեկը: Թեպետ, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը  թիվ չորս ընտրական տարածքում Ծառուկյան դաշինքի տարածքային թեկնածուների ցանկում ընդամենը երկրորդն էր, սակայն շնորհիվ համապետական ցուցակում բարձր տեղի՝ իր տեղը կունենա նաև 6-րդ գումարման ԱԺ-ում:

Այս տարածքում երրորդը ԵԼՔ դաշինքից Նիկոլ Փաշինյանն էր: Հատկանշական է, որ նա Երևանում առավել շատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուն էր:

Մոտ 26 000 հազար ընտրաքվեով առաջինը Հակոբ Բեգլարյանն էր: ՀՀԿ-ից առաջադրված Հարություն Կարապողոսյանը նրան զիջեց մոտ 5700 ձայնով:

Բավականին համեստ ցուցանիշ արձանագրեց ՀԺԿ-Կոնգրես դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը: Գրեթե, նույնքան էին /մոտ 1400/ Հրանտ Բագրատյանի ձայները: Ըստ էության, նրանք մոտ 8 անգամ զիջեցին Նիկոլ Փաշինյանին, ինչը վկայում է այն մասին, որ այս տարածքում ընդդիմադիր ձայների ճնշող մեծամասնությունը անցել է հենց ԵԼՔ-ի առաջնորդներից մեկին: Այս հանգամանքը ևս մեկ անգամ վկայում է, որ ընտրողները հակաիշխանական բևեռում ավելի շատ հավատացել են ԵԼՔ-ին և Նիկոլին:

 

Այսպիսով ամփոոելով նշենք, որ Երևանի թիվ չորս ընտրական տարածքն առավել սուր ընդդիմադիրն էր: Այստեղ առաջադրվել էին ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը և Հրանտ Բագրատյանը, որոնք նախորդ հինգ տարիներին մշտապես աչքի են ընկել առավել սուր ելույթներով, ծայրահեղ քննադատական հարցադրումներով: Ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը մոտ 8 անգամ ավելի շատ ընտրաքվե հավաքեց, քան այս հարթության վրա նրա հիմնական մրցակիցները: Այս տարածքում կանխատեսելի հաղթանակ տարավ ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Հակոբ Բեգլարյանը: 

Հ. Գ. Երեկ ԿԸՀ-ն հրապարակել է այս պահի դրությամբ չորս քաղաքական ուժերից ԱԺ պատգամավորի մանդատ ստացած թեկնածուների ցանկը: Հարկ ենք համարում ընթերցողին տեղեկացնել, որ տվյալ նյութի շրջանակներում շեշտը դրվել է կոնկրետ 13 ընտրական տարածքներում իննը քաղաքական ուժերի կողմից առաջադրված տարածքային կամ վարկանիշային թեկնածուների միջև պայքարի, նրանց մեկնարկային հնարավորություններ և ստացած ձայների համապատասխանության վերլուծության վրա: Վերլուծության հիմքը ԿԸՀ հրապարակած փաստական տվյալներն ու քանակական այլ արժանահավատ ցուցանիշներն են:

 

ԲԱՐՈՄԵՏՐ 

14:18 Մայիս 04, 2017

Ամենաընթերցված նյութեր