ԱԺ ընտրություններ 2017. Վարկանիշային քվեարկության առաջատարները (Երևան թիվ երկու ընտրական տարածք՝ առավել քաղաքականացվածը)

Անշուշտ, ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում էական դեր խաղաց ընտրակարգի վարկանիշային քվեարկության բաղադրիչը: Պարզ էր՝ այն քաղաքական ուժերը, ովքեր տարածքներում առաջադրել էին "ծանրքաշային" թեկնածուներ, մեծ հաշվով, նաև հաղթելու իրական հնարավորություններ կամ առավելագույն ընտրաքվե ստանալու շանսեր ունեին:

Սակայն այս նյութը վարկանիշային քվեարկության առանձնահատկությունների վերաբերյալ չէ: Տվյալ վերլուծական տեղեկանքն առավելապես առնչվում է տասներեք ընտրական տարածքներումՙ իննը քաղաքական ուժերի կողմից առաջադրված թեկնածուների ընտրապայքարի որոշ կարևոր հարցերին, նրանց մեկնարկային հնարավորությունների և ստացած ձայների համապատասխանությանը:

Աղյուսակ 1. Երկրորդ ընտրական տարածք. Երևան. Քաղաքական ուժերի կողմից առաջադրված տարածքային թեկնածուների տասնյակը՝ ըստ հանաքած ձայների

 1. Սահակյան Արման

18 695
2. Սարգսյան Արտակ

11 996 
3. Գևորգյան Արթուր

10 150 
4. Կարապետյան Վահան

8 728 
5. Գևորգյան Տավրոս

8 337
6. Սաֆարյան Մելիք

 5 631 
7. Զոհրաբյան Զոհրաբ

5 051 
8. Ուրիխանյան Տիգրան

3 779 
9. Գորգիսյան Գևորգ

3 168 
10. Բաբլոյան Արման

 

2 298

 

 Թիվ երկու ընտրական տարածքն ընդգրկում է Երևանի Արաբկիր, Դավիթաշեն և Աջափնյակ վարչական շրջանները: Նախորդ ընտրությունների փորձը վկայում էր, որ ավանդաբար այս տարածքներում միշտ թեժ է եղել քաղաքական մրցակցությունը: Թեպետ, գործող իշխանության կուսակցությունը, գրեթե, միշտ կարողացել է հաղթել, սակայն մյուս քաղաքական ուժերը՝ հատկապես ընդդիմադիր ուղղվածությամբ, այլ տարածքների հետ համեմատությամբ ավելի շատ ձայներ են հավաքել: Հատկանշական է, որ այս տարածքում քաղաքական ուժերը բավականին մեծ թվով քաղաքական դեմքեր էին առաջադրել: Զորօրինակ, միայն ՀՀԿ-ից առաջադրվել էին երկու գործող պատգամավորներ, գործող և նախկին պետական բարձր պաշտոնյաներ: Ներկայացուցչական էր նաև Ծառուկյան դաշինքի ցանկը՝ երկու գործող պատգամավորներ՝ Տիգրան Ուրիխանյան, Վահան Կարապետյան և բարձրագույն օրենսդիր մարմնի նախկին ներկայացուցիչ: ՀԺԿ-Կոնգրես դաշինքից առաջադրվել էր ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Հիմնականում երիտասարդ, բայց շատ սոլիդ թիմ էր ներկայացրել ԵԼՔ դաշինքը: ՀՅԴ-ի տարածքային ցուցակով առաջադրվել էին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը և ԱԺ պատգամավոր Միքայել Մանուկյանը: ՕՐՕ դաշինքի տարածքային ցուցակում էր Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ընդհանուր առմամբ այս տարածքում առաջադրվել էր վեց գործող պատգամավոր:

Թիվ երկուսում, նախաքարոզչական փուլում ՀՀԿ-ի ֆավորիտ թեկնածուները երեքն էին՝ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ԱԺ պատգամավորներ Արթուր Գևորգյան և Արտակ Սարգսյանը, սակայն քարոզարշավի սկզբնամասում արդեն նրանց միացավ նաև Տավրոս Գևորգյանը: Քվեարկության արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց Արման Սահակյանը, ով հավաքեց 18 000-ից ավել ձայներ /տես. աղյուսակ1/: Հաջորդաբար երկրորդը Արտակ Սարգսյանն էր, իսկ երրորդը Արթուր Գևորգյանը: Ըստ արդյունքների՝ այս ընտրական տարածքից ՀՀԿ-ն ստացավ երկու տեղ և դեռ հայտնի չէ, թե վերոնշյալ երեք, իսկ, գուցե, չորս թեկնածուներից ո՞ւմ կտրվեն երկու մանդատները:

Ծառուկյան դաշինքը ստացավ մեկ տեղ, որն, ըստ ամենայնի, բաժին կհասնի պատվավոր չորրորդ տեղը զբաղեցրած ԱԺ գործող պատգամավոր Վահան Կարապետյանին:

 Մանդատներից մեկն էլ վաստակեց ԵԼՔ դաշինքի թեկնածու Գևորգ Գորգիսյանը: Ընդհանրապես, թիվ երկուսում, ԵԼՔ-ի տարածքային ցուցակում ընդգրկված 14 թեկնածուներից յոթը հավաքեցին մոտ 1500 և ավելի ձայներ, ինչը վկայում է այն մասին, որ այս քաղաքական թիմը ճիշտ հաշվարկ էր կատարել՝ շեշտը դնելով երիտասարդ, բայց տարբեր ոլորտներում կայացած գործիչների վրա: Շատ տպավորիչ էր այս տարածքում ԵԼՔ-ի քարոզարշավը, որը կտրված չլինելով դաշինքի մարտավարությունից, այնուամանայնիվ, որոշ հետաքրքիքր ընտրական նոու-հաուներով աչքի ընկավ:

Այսպիսով ամփոփելով նշենք, որ Երևանի թիվ երկու ընտրական տարածքը, թերևս առավել քաղաքականացվածներից էր: Թեժ մրցակցություն էր ծավալվել ոչ միայն և ոչ այնքան քաղաքական ուժերի, այլ նույն կուսակցությունների և դաշինքների թեկնածուների միջև: Ընդ որում, այդ դրսևորումները առկա էին և ՀՀԿ-ի և Ծառուկյան դաշինքի, ինչպես նաև ԵԼՔ դաշինքի պարագայում: Այս ընտրական տարածքում հաղթեց ՀՀԿ-ական Արման Սահակյանը: Իշխող կուսակցությունն այստեղից ստացավ երկու վարկանիշային մանդատ: Դեռևս պարզ չէ՝ ովքեր կգործուղվեն ԱԺ: Ընտրություններից երկու օր հետո հայտնի էր, որ ԱԺ պատգամավոր կդառնա Գևորգ Գորգիսյանը ԵԼՔ դաշինքից:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

 

 

20:32 Ապրիլ 28, 2017

Ամենաընթերցված նյութեր